COP17 համաժողովը եւ Տավուշի մարզը
Tue, 10 Nov 2026 13:15:48 +0400
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ցուցադրական կողմը` գեղեցիկ ֆասադը կա, սակայն բովանդակությունը հիմնականում բացակայում է։ Պետբյուջեից 30 միլիոն դոլար ծախսվեց Երեւանում 10 օր տեւած COP17 համաժողովի վրա, սակայն այն քիչ բան տվեց Հայաստանին։
Հոկտեմբերի 28-ին Դիլիջանի համայնքապետարանի կայքը հրավիրել էր․ «Դիլիջանի համայնքապետարանը մասնակցում է COP17-ին՝ ներկայացնելով Դիլիջանի տաղավարը, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ մեր համայնքի տեղական արտադրանքին, դիլիջանյան մթերքներին եւ տեղի արտադրողների աշխատանքին»։ Դիլիջանում բնապահպանության, կենսաբազմազանության ապահովման վիճակը վատ է, համայնքի աղբավայրում հաճախ են հրդեհներ լինում, ծուխն ու ծանր օդը թունավորում են շրջակայքը։ Դիլիջանը COP17 համաժողովին ներկայացրել է իր գյուղմթերքները, տեղական արտադրանքը, բայց քաղաքում գյուղատնտեսական շուկա չկա, որտեղ քաղաքի եւ համայնքի 6 գյուղերի բնակիչները կարողանան վաճառել իրենց աճեցրած գյուղմթերքը: Դիլիջանում գյուղմթերքը վաճառում են փողոցում կայանած մեքենաների թափքերից կամ փողոցի եզրին, մայթերին դրված։ Գյուղատնտեսական շուկա չլինելու պատճառով շատ դիլիջանցիներ մեկնում են Իջեւան` Իջեւանի շուկայում համեմատաբար էժան գներով մթերք գնելու։
Իսկ COP17-ի Կանաչ գոտում Բերդ համայնքը ներկայացել էր իր բնաշխարհով, տեղական արտադրանքով, մշակութային ժառանգությամբ, զարգացման հեռանկարներով։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը: Համայնքապետարանը հայտնում է, որ համայնքի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության նոր հնարավորություններ՝ գյուղատնտեսության զարգացման, նորարարական լուծումների ներդրման ուղղությամբ։ Սակայն այս տարի համայնքից մրգերի արտահանման հետ կապված մեծ խնդիր կար։ Ամեն տարի Բերդ համայնքի գյուղերից՝ Չինարիից, Չորաթանից, Այգեձորից, Արծվաբերդից տոննաներով թուզ էր արտահանվում Մոսկվա, Կրասնոդար, Ռուսաստանի այլ տարածքներ: Իսկ ՌԴ-ի` Հայաստանի պտուղ-բանջարեղենի ներմուծման արգելքից հետո արտահանումը դադարեցվել է: ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ այլ շուկաներ են բացվում հայկական մթերքի համար։ Հոկտեմբերի 5-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին՝ ՀՀ-ից թարմ պտուղ-բանջարեղեն դեպի ԵՄ-Ի, Միացյալ Թագավորության, Կանադայի շուկաներ արտահանելու գործում։ 2026-ին Տավուշի մարզից քանի՞ տոննա միրգ է արտահանվել նշված շուկաներ, պետբյուջեից որքա՞ն է եղել Տավուշի մարզից արտահանված մրգի սուբսիդավորման գումարը»։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի ստորագրությամբ պատասխանել են. «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքների արտահանման գործընթացը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը»: Բայց մարզպետի աշխատակազմում գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչություն կա` ինչո՞վ է զբաղված, եթե անտեղյակ է, թե Տավուշի մարզից որքան միրգ է արտահանվել արտերկիր։