«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի»
Tue, 10 Nov 2026 14:07:25 +0400
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանն անդրադարձել է նոյեմբերի 10-ի խորհրդանշական նշանակությանը, Հայաստանի ինքնիշխանությանն առնչվող հարցերին և կալանավայրում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի դեպքին։
Եղիազարյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ը հայ ժողովրդի ցավի և երկրի ճակատագրի համար իշխանությունների պատասխանատվության մասին է։ Նա ընդգծել է, որ անցյալի վերքերը պահանջում են ճշմարտության բացահայտում, հաշվետվողականություն և ազգային շահերից բխող քաղաքականություն։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների թեմային՝ նախկին պատգամավորը նշել է, որ Հայաստանի հիմնական օրենքը չի կարող փոփոխվել Ադրբեջանի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, քանի որ դա, նրա գնահատմամբ, հարված է երկրի ինքնիշխանությանն ու պետականությանը։
Խոսելով Արսեն Գևորգյանի մահվան մասին՝ Եղիազարյանը նշել է, որ քաղաքական հետապնդումների հետևանքով ազատությունից զրկված ընդդիմադիր ներկայացուցչի մահը լուրջ պատասխանատվություն է առաջացնում իշխանությունների համար։
Նրա համոզմամբ՝ երկրում իրականացվող քաղաքականությունը պետք է փոխվի, իսկ գործող իշխանությունը պետք է հեռանա՝ հանուն Հայաստանի, պետականության պահպանման և երկրի ապագայի։
«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի։ Այս իշխանությունից պետք է օր առաջ ազատվել՝ հանուն Հայաստանի, մեր պետականության և ապագայի»,-նշել է նա: