«Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի է՛լ․․․»
Tue, 10 Nov 2026 14:15:24 +0400
Ամեն մի նոր ողբերգություն, որը տեղի է ունենում կալանավայրում, այլ կերպ է ընկալվում։ Այն հերթական մահվան լուր չէ։ Այն վերքի վրա աղ լցնելու, վաղուց չսպիացած ցավը կրկին մրմռացնելու, մարդուն անզորության ու ցասման հասցնելու մի նոր գործընթաց է։ Եվ այդ ցավի դեմն առնել հնարավոր չէ, որովհետև այն մեկ մարդու ցավը չէ։ Այն կուտակված հիշողություն է՝ չպատասխանված հարցերի, չփարատված կասկածների, անարդարության զգացման ու կորցրած վստահության մի ամբողջ շերտ։
Սոցիալական ողջ հարթակը կարծես մեկ մարդու է վերածվում։ Մարդիկ միաժամանակ մեղադրում են, հայհոյում, անիծում, պահանջում։ Ոմանք՝ զայրույթից, ոմանք՝ անզորությունից, ոմանք էլ՝ որովհետև հերթական ողբերգության մեջ տեսնում են արդեն ծանոթ մի սցենարի շարունակություն, ծանոթ ձեռագիր։ Երբ հասարակությունը տեսնում է, որ իր դժբախտությունները կրկնվում են, իսկ դրանց պատճառներն ու պատասխանատուները մնում են անպատիժ, յուրաքանչյուր նոր դեպք դառնում է ոչ միայն ցասման, այլև հավաքական հուսահատության աղբյուր։
Այսօր նույնն է։ Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորել էր։ Նրա նկատմամբ, ըստ քաղաքական ուժի գնահատականի, շինծու մեղադրանքներով ուղեկցվող վարկաբեկման արշավ էր սկսվել։ Հիմա այդ ամենին գումարվել է մահվան փաստը։ Եվ հանրության առաջ կրկին կանգնած է նույն ծանր հարցը՝ ի՞նչ է կատարվում մի երկրում, որտեղ ազատությունից զրկված մարդու կյանքը կարող է ավարտվել կալանավայրում, իսկ հասարակությունը ստիպված է հերթական անգամ սպասել պատասխանների։
Բայց այս պատմության ամենածանր կողմը միայն մահը չէ։ Ամենածանրն այն հոգեբանական մթնոլորտն է, որում մարդը չի կարողանում հանգիստ ընդունել նույնիսկ ողբերգության մասին լուրը։ Որովհետև նախորդ դեպքերից հետո նրա մեջ այլևս չկա վստահության այն պաշարը, որը թույլ կտար սպասել անաչառ քննության, ճշմարտության բացահայտման։ Կա կասկած, կա վախ, կա զայրույթ։ Եվ կա մի շատ վտանգավոր զգացում՝ անպաշտպանության զգացում։
Պետությունը պարտավոր է պաշտպանել մարդու կյանքը, արժանապատվությունն ու իրավունքները, հատկապես երբ այդ մարդն գտնվում է պետության լիակատար վերահսկողության ներքո։ Երբ այդ պարտավորության նկատմամբ վստահությունը սասանվում է, ճգնաժամն այլևս միայն իրավական չէ։ Այն դառնում է բարոյական, հոգեբանական։ Մարդը սկսում է իրեն օտար զգալ սեփական պետության մեջ, իսկ պետությունը՝ կորցնել իր գոյության իմաստը։
Այս ամենն ամբողջանում է դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի այն բառերով, որոնք այսօր հայ ժողովուրդը մարգարեական է համարում. «Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի էլ, հող չտանք էլ»։ Սա արդեն հայ ժողովրդի ճիչն է դարձել ու լռելու միտում չկա։
Սարսափելին այն է, որ այդ խոսքերը ժամանակի ընթացքում չեն մոռացվում։ Դրանք ամեն նոր ողբերգության հետ վերադառնում են՝ որպես չլուծված հարց, որպես նախազգուշացում, որպես հասարակության հիշողության մեջ մնացած ահազանգ։ Եվ գուցե հենց սա է ամենամեծ ողբերգությունը. երբ մարդը մահանում է, բայց նրա ասածը շարունակում է ապրել, որովհետև իրականությունը դեռ չի տվել այն պատասխանը, որի սպասումով նա այդ խոսքերն ասել էր։