Ամասիայում ընտրողները չեն կողմնորոշվում. նախկիններն ու ներկաները խառնվել են իրար

Ամասիայում ընտրողները չեն կողմնորոշվում. նախկիններն ու ներկաները խառնվել են իրար

Tue, 10 Nov 2026 16:45:23 +0400


Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն ուշագրավ են ոչ միայն մասնակից քաղաքական ուժերի, այլև վերջին տեղի ունեցած քաղաքական վերադասավորումների տեսանկյունից։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, Ամասիայում այս անգամ փոխվել են դերերը․ նախկին ընդդիմադիր համայնքապետը հանդես է գալիս իշխանական կուսակցության ցուցակով, իսկ նախկին ՔՊ-ական գործիչը՝ ընդդիմադիր դիրքերից։

Համայնքի գործող ղեկավար Ջեմմա Հարությունյանը, որը 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր «Ամասիա-Արփի» դաշինքով, այս անգամ գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։ Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին նրան աջակցել էր ՀՀԿ-ն, իսկ ՔՊ-ն, չկարողանալով իշխանություն ձևավորել, բոյկոտել էր ավագանու աշխատանքը։ Այդ ժամանակ Ամասիայում քաղաքական հակասությունները բավական խորն էին, և համայնքի կառավարման շուրջ երկարատև տարաձայնություններ էին առաջացել։

Այսօր, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է։ Ջեմմա Հարությունյանը ոչ միայն որոշել է առաջադրվել ՔՊ-ի ցուցակով, այլև կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել։ Իր որոշումը նա բացատրել է ՔՊ-ի գաղափարախոսությունն ընդունելով, խաղաղության օրակարգին աջակցելով և իշխանությունների հետ համագործակցությամբ համայնքի զարգացման ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու հնարավորությամբ։

Մյուս կողմից՝ ընտրապայքարում հայտնվել է Սամվել Ղարիբյանը, որը նախկինում ՔՊ-ի ներկայացուցիչներից էր և կուսակցության պատասխանատուն էր Ամասիայում։ Այս անգամ նա գլխավորում է «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակը՝ հանդես գալով արդեն ընդդիմադիր դիրքերից։ Ստացվում է՝ մարդիկ, որոնք նախկինում քաղաքական նույն ճամբարում էին, այժմ հայտնվել են տարբեր կողմերում, իսկ նախկին մրցակիցները՝ փաստացի փոխել իրենց քաղաքական դերերը։

Ամասիայում ստեղծված այս իրավիճակը, բնականաբար, անարձագանք չի մնացել նաև բնակիչների շրջանում։ Մեզ հետ զրույցներում մարդիկ չեն թաքցնում իրենց զարմանքը տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից։ Շատերի համար դժվար է հասկանալ, թե իրականում ով է ընդդիմադիր, ով՝ իշխանամետ, և ինչ սկզբունքներով են քաղաքական գործիչները որոշում իրենց հետագա գործունեությունը։

Բնակիչների մի մասը Ջեմմա Հարությունյանի որոշումը համարում է գործնական քայլ՝ պատճառաբանելով, որ կենտրոնական իշխանությունների հետ համագործակցությունը կարող է նպաստել համայնքային խնդիրների լուծմանը, պետական ծրագրերի իրականացմանն ու ֆինանսական միջոցների ներգրավմանը։ Մյուսները, սակայն, հարց են բարձրացնում՝ ինչպե՞ս է նախկինում ընդդիմադիր դիրքերից հանդես եկած համայնքապետը հայտնվել այն քաղաքական ուժի ցուցակում, որի դեմ տարիներ շարունակ պայքարել է և համարում են, որ Ջեմմա Հարությունյանն այս քայլին գնում է զուտ պաշտոնը պահելու համար ։
Առանձին հարցեր են առաջացնում նաև Սամվել Ղարիբյանի քաղաքական դիրքավորման փոփոխությունները։ Եթե նախկինում նա ՔՊ-ի ներկայացուցիչ էր, ապա այսօր նույն իշխանության դեմ ընտրապայքարի է դուրս գալիս։ Այս ամենի արդյունքում շարքային ընտրողի համար քաղաքական սահմանները կարծես ավելի են խճճվել։

Հատկանշական է, որ բնակիչների մի մասի մոտ ընտրությունների նկատմամբ որոշակի հիասթափություն կա։ Նրանցից ոմանք կարծում են, որ այս ընտրություններին իրական ընտրության մեծ հնարավորություն չունեն, քանի որ, անկախ նրանից, թե երկու ուժերից որին կտան իրենց ձայնը, միևնույն է՝ ընտրելու են նախկինում իշխանության հետ կապ ունեցած կամ իշխանական համակարգում գործած մարդկանց։ Այս ընկալումը, բնականաբար, կարող է անդրադառնալ նաև ընտրողների ակտիվության վրա։

Նշենք, որ առաջիկա ամիսներին Հայաստանում քաղաքական գործընթացների ակտիվացման ֆոնին համայնքային ընտրությունները ևս առանձնակի նշանակություն են ստանում։ Դրանք միայն տեղական իշխանության ձևավորման հարց չեն, այլև հնարավորություն են հասկանալու, թե որքանով են ընտրողները վստահում քաղաքական ուժերին։Հիշեցնենք` նոյեմբերի 29-ին Ամասիայում ընտրապայքարի դուրս կգան երկու ուժ՝ ՔՊ-ն՝ Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ, և «Բարոյական արժեքներ» կուսակցությունը՝ Սամվել Ղարիբյանի գլխավորությամբ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպասուհին դիմել է դատարան․ ինչ է նա գրել հայցում

Սպասուհին դիմել է դատարան․ ինչ է նա գրել հայցում Wed, 11 Nov 2026 20:00:56 +0400…

3 րոպե ago

Մինչև Նիկոլը չվերանա` հետապնդումները չեն վերանա

Մինչև Նիկոլը չվերանա` հետապնդումները չեն վերանա Wed, 11 Nov 2026 20:00:38 +0400 Latest news from…

4 րոպե ago

Պանիկա. լրագրային շանսոն

Պանիկա. լրագրային շանսոն Wed, 11 Nov 2026 19:45:08 +0400 Բայց մենք ինչ պանիկյոր ազգ ենք,…

19 րոպե ago

Ձայնից զրկեցին, իսկ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց քննարկվե՞լ է

Ձայնից զրկեցին, իսկ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց քննարկվե՞լ է Wed, 11 Nov 2026 19:38:28 +0400…

26 րոպե ago

Հայաստանի ղեկավարությունն է որոշողը․ ՀԱՊԿ-ը նախապայման ունի

Հայաստանի ղեկավարությունն է որոշողը․ ՀԱՊԿ-ը նախապայման ունի Wed, 11 Nov 2026 19:32:14 +0400 Երբ Հայաստանը…

32 րոպե ago

Իրանն այլեւս չի կարողանա նավթ արտահանել․ կարծում է Մարկո Ռուբիոն

Իրանն այլեւս չի կարողանա նավթ արտահանել․ կարծում է Մարկո Ռուբիոն Wed, 11 Nov 2026 19:30:06…

34 րոպե ago