Հաջորդը ո՞ր տեղանունն է լինելու, որի անունը թուրքերեն «ձևով» լսելիս մենք պետք է «չվրդովվենք»
Wed, 11 Nov 2026 14:15:39 +0400
2019 թվականի հունվարին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 44-օրյա հացադուլից հետո մահանում է «Հայ արծիվներ. Միասնական Հայաստան» շարժման համանախագահ, լրագրող Մհեր Եղիազարյանը, որին զրպարտել էին և ձերբակալել։
2022 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան վրաերթի է ենթարկում հղի Սոնա Մնացականյանին, ով տեղում մահանում է։
2022 թվականի հուլիսի 15-ին դատարանի դահլիճում մահանում է զազրելի մատնության հիման վրա ձերբակալված ընդդիմադիր գործիչ, իմ եղբայրն ու ընկերը՝ Արմեն Գրիգորյանը։
2026 թվականի նոյեմբերի 10-ին բանտում հանկարծամահ է լինում Ստեփանավան համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանը։
Եվ ամեն օր՝ կրակոցներ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում։
Իսկ սրանք գրեթե ամեն օր ղժղժում են, թե տեսեք, տեսեք՝ սահմանին չեն կրակում, իբր խաղաղություն է և մենք գրեթե ամեն ամիս մի լույս զինվոր տղայի մահվան մասին ենք լսում «ամենախաղաղ բանակում»։
Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ փողոցներում դանակահարում են անմեղ մարդկանց։ Վերջին նման դեպքը տեղի ունեցավ ընդամենը մի քանի օր առաջ, երբ մի խելագար սրիկա, առանց որևէ պատճառի, դանակահարելով սպանեց մի երիտասարդ տղայի։
Մենակ հանկարծ չսկսեք կրկնել սրանց ապուշ քարոզչությունը, իբր «անցյալում էլ էր նույն պատկերը»…սուտ է, նենգ սուտ է։ Երբեք չի եղել այս աննորմալ մակարդակի հայկական հասարակության քայքայումը։ Ուղղակի չի եղել։
Ատելությունը բառացիորեն ամեն օր հեղեղվում է իշխանության քարոզչական բոլոր ամբիոններից։ Հայերի նկատմամբ ատելությունը դարձել է այս իշխանության այցեքարտը։ Ուղղակի արձանագրեք, թե ինչ պայմաններում են ապրում և ինչպիսի բարոյահոգեբանական ճնշման են ենթարկվում արցախցիները։
Ատելությունն այնքան է իշխանավորների մաշկի տակ ներծծվել, որ նրանք արդեն մեզ մեղադրում են այն բանի համար, որ մենք ողջ ենք մնացել 2020 թվականի պատերազմից հետո։
Զուգահեռաբար մեզ նախապատրաստում են ավելի վատթարին։ Մեզ արդեն սովորեցնում են չվրդովվել, երբ օկուպանտները, աղավաղելով մեր քաղաքների, գյուղերի ու շրջանների անունները, օրինակ՝ Սևանը, իրենց լեզվով, շնաբար անվանում են «Գոյչա»։ Հաջորդը ո՞ր քաղաքը կամ գյուղն է լինելու, որի անունը թուրքերեն «ձևով» լսելիս մենք պետք է «չվրդովվենք»։ Ըստ այս իշխանության՝ դա ընդամենը «ադրբեջանցիների մշակութային առանձնահատկությունն» է։
Իսկ այն մասին, որ թուրքերի և ադրբեջանցիների գլխավոր «մշակութային առանձնահատկությունը» հայերի սպանությունն ու մեր քաղաքների ու գյուղերի զավթումն է, իշխանությունը նախընտրում է լռել։ Ինչո՞ւ փչացնել «լափի տոնը» նրանց համար, ում համար հայկականը մնացել է միայն ՀՀ անձնագիրը, և որոնք կատաղի ատում են սեփական Հայրենիքը։
Հայերն արյունաքամ են լինում, իսկ նրանք՝ ատելությունից ուրախ-ուրախ թարախակալվում։
Եվ այս ամենը տեղի է ունենում արհեստականորեն բորբոքվող «անհոգության» ու զվարճանքի ուրախ երաժշտության ներքո։
Սա այլևս ժանտախտի ժամանակ կազմակերպված խրախճանք չէ։ Սա ժանտախտ է, որը խժռում է մեզ, սպանում և ոչնչացնում այն ամենը, ինչը մեզ մարդ է դարձնում։
Եվ երբ պարզապես նայում ես այս ամենին, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է այսօր բանտում։
Իսկ բանտում կամ տնային կալանքի տակ, չգիտես ինչու (թեև շատ լավ հասկանում ենք՝ ինչու), գտնվում են Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մարտուն Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Անդրանիկ Թևանյանը, Արթուր Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Արեգնազ Մանուկյանը, Խաչիկ Գալստյանը և ևս հարյուրավոր անմեղ մարդիկ, որոնց թավշյա ռեպրեսիաների մեքենան բառացիորեն ողջ-ողջ խժռում է։
Արման Աբովյան