Ընդդիմադիր ավագանին քվեարկել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին
Wed, 11 Nov 2026 14:11:10 +0400
Երեկ գրել էինք, որ այսօր կայանալու է Եղեգնաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ ընտրվելու է համայնքապետ: Ընտրությունների արդյունքում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել՝ 2 կուսակցություն` «Հանրապետությունն» ու ՔՊ-ն ստացել են հավասար թվով մանդատներ, 1 մանդատ էլ ստացել է «Ուժեղ Հայաստանի» մաս կազմող «Նոր դարաշրջան» կուսակցությունը: 2 առաջատար թեկնածուները` Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, որը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն է և մյուս թեկնածուն` Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ով ՔՊ-ի թեկնածուն էր եւ համայնքում իշխանության ճակատագիրը կախված էր ընդդիմադիր ավագանու անդամից` Մարտին Հարությունյանից:
Այսօր կայացած նիստում ընդդիմադիրը քվեարկել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին եւ Եղեգնաձորի գործող քաղաքապետ Դավիթ Հարությունյանը ընտրվել է համայնքապետ։ Սրան անմիջապես արձագանքել է ՔՊ-ն՝ ԱԺ եւ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը իր էջում գրել է․ «Ասում են՝ ինչպե՞ս է հնարավոր, որ «Ուժեղ Հայաստանը» քվեարկի հանրաքվեի օգտին։ Ճիշտ էնպես, ինչպես այսօր քվեարկեց «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին Եղեգնաձորում»։
Ի դեպ, եթե ավագանու ընդդիմադիր անդամը չքվեարկեր ոչ մեկի օգտին եւ ոչ ոք չընտրվեր համայնքապետ, համայնքում նոր ընտրություններ կկազմակերպվեին։