Էթիկայի հանձնաժողովն այսօր քննում է Վարդգես Գասպարիի դիմումը
Wed, 11 Nov 2026 14:02:52 +0400
Ազգային ժողովում այժմ ընթանում է Էթիկայի հանձնաժողովի նիստը։ Նիստում քննվում է քաղակտիվիստ Վարդգես Գասպարիի բողոքը Գեղամ Մանուկյանի դեմ։
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով քննել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի վարքը մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Այս հայցով առաջին նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին։
Օգոստոսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը,
Վարդգես Գասպարին դատարանի դիմաց էր եկել Ռոբերտ Քոչարյանին ուղղված վիրավորական պաստառով և իրականացնում էր իր ավանդական «պառկած» ակցիան:
Դատարանի մոտ հավաքված քաղաքացիների և Քոչարյանի աջակիցների շրջանում դա մեծ դժգոհություն առաջացրեց: Նրանք կոչ արեցին Գասպարիին հեռանալ, ինչի հետևանքով իրավիճակը կտրուկ լարվեց: Գասպարիի կողմը նետվեց նաեւ պատգամավոր Մանուկյանը, համացանցում և մամուլում տարածվեց տեղեկատվություն ու տեսանյութ այդ միջադեպի մասին։ Ըստ Վարդգես Գասպարիի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարվածել (քացով խփել) է իրեն, գետնին տապալել ակցիա իրականացնելիս:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը կազմված է 10 պատգամավորից՝ 5 իշխանական, 5 ընդդիմադիր, հանձնաժողովի նախագահը Մարիա Կարապետյանն է, 6 ամսից պաշտոնը կանցնի ընդդիմադիրներին։ Գասպարիի դիմումի քննության ժամանակ ընդդիմադիրները դեմ են եղել վարույթ սկսելուն, սակայն երբ ձայները հավասար են բաշխվում՝ վճռորոշ է դառնում նախագահի ձայնը, իսկ Մարիա Կարապետյանը կողմ է եղել դիմումը վարույթ ընդունելուն։ Մեր տեղեկություններով, ընդդիմադիր պատգամավորներն այսօրվա նիստին չեն մասնակցում։