«Հանրապետության» թեկնածուն էր, բայց բացարձակ այդ կուսակցության արժեքներն ու մոտեցումները չի կիսում
Wed, 11 Nov 2026 20:45:14 +0400
Գրել էինք, որ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը կայանալու է նոյեմբերի 11-ին, որի ժամանակ ընտրվելու է համայնքապետ: Ընտրությունների արդյունքում ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել՝ 2 կուսակցություն` «Հանրապետությունն» ու ՔՊ-ն ստացել են հավասար թվով մանդատներ, 1 մանդատ էլ ստացել է «Ուժեղ Հայաստանի» մաս կազմող «Նոր դարաշրջան» կուսակցությունը: 2 առաջատար թեկնածուները` Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, որը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն է և մյուս թեկնածուն` Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ով ՔՊ-ի թեկնածուն էր, հավակնում են համայնքապետի պաշտոնին, սակայն համայնքում իշխանության ճակատագիրը կախված է ընդդիմադիր ավագանու անդամից` Մարտին Հարությունյանից: Այսօր կայացած նիստում ընդդիմադիրը քվեարկել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին եւ Եղեգնաձորի գործող քաղաքապետ Դավիթ Հարությունյանը ընտրվել է։
Եղեգնաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը բավականին լարված անցավ, անգամ միջադեպով ավարտվեց: Մինչեւ քվեարկությունը, առաջադրված թեկնածուները խոսեցին իրենց անելիքների մասին: Դավիթ Հարությունյանն ասաց, որ համայնքի ղեկավարի պաշտոնին կրկին վերընտրվելը իր համար մեծ պատասանատվություն է, եւ իր առաջնային նպատակն է այնպիսի համայնքի ձեւավորել, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն պաշտպանված, գնահատված կզգա. «Անկախ մեր քաղաքական հայացքներից մեզ միավորում է ընդհանուր նպատակ՝ զարգացող, անվտանգ եւ բարեկեցիկ համայնք ունենալն է մեր նպատակը: Ես ակնկալում եմ ոչ թե պարզապես 1 ձայն ավել ստանալ, այլ գործընկերությամբ, անկեղծությամբ եւ պատրաստակամությամբ միասին լուծելու մեր առաջ ծառացած բոլոր խնդիրները: Ձեր աջակցության եւ միայն միասնական եւ համախմբված աշխատանքի շնորհիվ է տեսանելի արդյունքներ»:
ՔՊ-ի թեկնածու Հուսիկ Սահակյանն էլ ասաց. «Այսօր Եղեգնաձոր մտնող ցանկացած քաղաքացի իրեն անհարմար է զգում: Գյուղական բնակավայրերում կան ոռոգման եւ խմելու ջրի եւ այլ խնդիրներ: Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասել՝ Վերնաշենում պղտոր ջուր են խմում, գյուղեր կան, որ երեխաները տրակտոր չեն տեսել, թե ոնց ա աշխատում: Եղեգնաձորում չկան հանգստի գոտիներ: Բնակիչները 189 ձայն ավելի են տվել մեզ, որպեսզի մենք կարողանանք այդ խնդիրը լուծենք: Որ մենք հաղթել ենք, դրանում երկրորդ կարծիք չկա, ես բազմիցս հայտարարել եմ, որ 1 ձայն տարբերության դեպքում ես չեմ առաջադրվի, թողնելու եմ գնամ, այսօր ես այստեղ եմ, որ պահեմ ժողովրդի տված 189 ձայնը»:
Դավիթ Հարությունյանն ընտրվեց, որովհետեւ «Նոր դարաշրջան» կուսակցության անդամ Մարտին Հարությունյանը իր 1 վճռորոշ մանդատը տվեց նրան:
«Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ՝ փաստաբան Հարություն Հարությունյանին, որն «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներից է, հարցրեցինք՝ երբ եւ ինչպես որոշեցիք այդ 1 վճռորոշ քվեն տալ Դավիթ Հարությունյանին. «Իրականում դա շատ բարդ էր, ինչի՞, որովհետեւ բոլորս գիտենք` «Հանրապետություն» կուսակցության պրոիշխանական ուժ լինելու մասին: Բայց Դավիթ Հարությունյանը «Հանրապետություն» կուսակցությունով առաջադրվել ա զուտ այն նպատակով, որ ինքնուրույն կամ այլ ուժի միջոցով չի կարողացել առաջադրվել, որը օրենսդրական կարգավորումների պահանջ ա: Այս դեպքում մեր խնդիրը, որպես ընդդիմադիր ուժ պետք է լինի ամեն գնով իշխանությունից ՔՊ-ին հեռացնելը, ինչը եւ արեցինք Դավիթ Հարությունյանի օգտին քվեարկելով: «Հանրապետություն» կուսակցությունը պրոիշխանական կողմնորոշում ունեցող ուժ է, բայց Դավիթ Հարությունյանը «Հանրապետություն» կուսակցության հետ ունի նույնքան կապ, որքան Վարդան Ղուկասյանը «Կոմունիստական» կուսակցության հետ: Հետեւաբար բոլոր այն շահարկումները, որ «Նոր դարաշրջան» կուսակցությունը քվեարկել է պրոիշխանական ուժին անտեղի են եւ անիմաստ, որեւէ հիմք չունեն: Երկրորդ հիմնավորումը, եթե «Հանրապետություն» կուսակցությունն այս դեպքում` ի դեմս Դավիթ Հարությունյանի թեկնածուի եւ ՔՊ-ն իրար հետ էդպես լավ հարաբերությունների մեջ էին, էլ «Նոր դարաշրջան» -ից քվեարկվելիք մանդատը ո՞ւմ էր հետաքրքիր, թող միանային իրար, քաղաքապետի, փոխքաղաքապետի պաշտոններն իրար մեջ բաժանեին»:
Մեջբերեցինք Վահագն Ալեքսանյանի գրառումը. «Ասում են՝ ինչպե՞ս է հնարավոր, որ «Ուժեղ Հայաստանը» քվեարկի հանրաքվեի օգտին։ Ճիշտ էնպես, ինչպես այսօր քվեարկեց «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին Եղեգնաձորում, որը պրո ՔՊ-ական ուժ է»: «Դա կեղծ պնդում է, որը Վահագն Ալեքսանյանն է կատարել: Նախ «Ուժեղ Հայաստանը» չի, «Նոր դարաշրջանն» է, շատ վատ ա, որ Վահագն Ալեքսանյանը նույնիսկ մրցակից ուժի անունը չգիտի եւ ճիշտ չի պատկերացնում: «Նոր դարաշրջանը» դաշինք է եղել համապետական ընտրություններում, իսկ այս ընտրություններում, որպես ինքնուրույն ուժ ա գործել: Լավ կլինի Վահագն Ալեքսանյանն այդ տարբերությունները ճիշտ ընկալի կամ ճիշտ մատուցի, եթե ինքը ճիշտ է ընկալում: «Հանրապետություն» կուսակցությունն արդեն ասեցի, որ պրոիշխանական կուսակցություն է, բայց այդ կուսակցությամբ առաջադրված քաղաքապետի թեկնածուն, բացարձակ այդ կուսակցության արժեքներն ու մոտեցումները չի կիսում, ինչի ապացույցը եղավ հենց այն, որ ՔՊ-ն ու Դավիթ Հարությունը չմիավորվեցին»: Իսկ եթե որեւէ մեկին չտայիք այդ 1 մանդատը` արտահերթ ընտրություներ տեղի կունենային համայնքում. «Ցանկացած դեպքում, երբ կա երեւացող եւ շոշափելի արդյունք` ՔՊ-ին ճանապարհելու, պետք է այդ տարբերակով եւ այդ ճանապարհով գալ»:
Զրուցեցինք նաեւ ընտրված քաղաքապետ Դավիթ Հարությունյանի եւ ՔՊ-ի թեկածու Հուսիկ Սահակյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, սպասելի՞ էր, որ այդ 1 ձայնը կստանաք:
-Ամեն դեպքում գնացինք քվեարկության, կարող ա էն կողմը քվեարկեին, ի՞նչ իմանայինք, մենք միչեւ ավագանու օրն էլ՝ ոչ մեկի հետ ոչ համաձայնության ենք եկել, ոչ մի բան, նման բան չկա:
– «Հանրապետություն» կուսակցությունը միշտ սատարել է ՔՊ-ին, ինչո՞ւ հանկարծ որոշեց Ձեզ չսատարել: Հիմա Դուք ՔՊ-ի հետ եք աշխատելու:
-ՔՊ՝ ի՞նչը նկատի ունեք` կառավարությո՞ւնը, իշխանությո՞ւնը: Որպես համայնքի ղեկավար ի՞նչ եք կարծում` եթե իշխանության հետ չաշխատենք, կարա՞նք համայնքի խնդիրները լուծենք, ես քաղաքական պրոցեսներին չեմ խառնվում, ամեն համայնքի ղեկավար, որ զբաղվի համայնքի խնդիրներով եւ գործերով, շատ բաներ տեղը կընկնի:
-Որոշ համայնքների ղեկավարների վրա քրեական գործեր են հարուցված, քանի որ նրանք իշխանությունների կամակատարը չեն եւ նրանք իշխանության թրի տակով են անցնում:
-Նման բան չեմ սպասում, ոնց վարչապետն ա ասել՝ ժողովրդավարություն: Մենք ադ սկզբունքով ենք ուղղորդվում, համայնքի խնդիրների լուծմանը: Սրի տակ, թրի տակ, ախր այդ լեքսիկոնը էնքան էլ չի համապատասխանում համայքի ղեկավարին:
ՔՊ-ի թեկնածու, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին հարցրինք՝ սպասո՞ւմ էիք, որ նման զարգացում տեղի կունենար. «Այո, միանշանակ, մենք ի սկզբանե ֆիքսել էինք, որ դրանք՝ երկուսն էլ նույնն են, մի քիչ լրագրողական հետաքննություն անցկացնեք՝ կիմանաք»:
-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում:
-Հանգստանալ, քնել:
–Քաղաքականությունից դուրս կգա՞ք, թե՞ այլ պաշտոնի կանցնեք:
– Բայց ի՞նչ ա եղել, որ պիտի դուրս գամ քաղաքականությունից, կներեք էլի, Դուք մոռանում եք, որ ես հաղթել եմ: Դուք հենց հիմա խոսում եք հաղթող համայնքի ղեկավարի հետ, իրենք պարզապես ստեղից -ընդեղից իրար գտան, միացան: Ես ոչ էլ ջղայնացած եմ խոսում: Ես բազմիցս դրա մասին ասել եմ, եթե չգիտեք` մի բան էլ ասեմ, Եղեգնաձորը ունի 12 հազար 800 ընտրող, Արենին, որ ես եմ ղեկավարել՝ 7600 ընտրող: Մենք հաղթել ենք, ինչո՞ւ չեք առնչվում այս իրականության հետ:
– Ձեր ասած իրականության հակառակ կողմն այն է, որ դուք խոշորացված համայնքի ղեկավար չեք ընտրվել:
-Մենք հաղթել ենք, բայց չենք հաղթահարել ընտրվելու շեմը, քաղաքապետ դառնալու շեմը, դրանք տարբեր են:
-Բացի հանգստանալուց ու քնելուց, ի՞նչ եք պատրաստվում անել:
-Չշտապեք, էլի բաներ կան, որ ես եմ որոշում, բաներ էլ՝ կան, որ ես չեմ որոշում: Ժամանակ է պետք՝ նստել, հասկանալ, վերլուծել, այդ դեպքում ամեն ինչ կընկնի տեղը: Ես կարող եմ շատ հաջողված բիզնեսմեն դառնալ, ես դա էլ Ձեզ ասեմ, լուրջ եմ ասում, ցանկացած ոլորտ: Ես երկար տարիներ ղեկավարել եմ Ռինդի համայնքը եւ Արենին: Այսօր այդ համայնքները իսկապես պոտենցիալ ունեցող համայնքներ են, համախմբել գիտեմ, թիմ ունենք, ո՞նց կարող ենք այդ ամենը թողնել: Ի շահ մեր Հայաստանի, մենք դա կօգտագործենք, այդ կապիտալը չի կարելի մեկ գրչի հարվածով ջնջել:
– Ավագանու 13 մանդատ ունեք, ինչ որ բան կարո՞ղ է փոխվել այս ընթացքում: Ասենք, ավագանու անդամները նիստերին չմասնակցեն` բոյկոտեն նիստերը:
-Ես էդպես նպատակ չունեմ` դնենք, փոխենք, կամ ինչ որ բան անենք, եղել ա, ընտրվել ա, ես շնորհավորել եմ, իրեն հաջողություն: Այն ծրագրերը, որ կբերեն, որը կծառայի մեր համայնքների զարգացմանը, մենք կողմ ենք քվեարկելու եւ օգնելու ենք համայնքների զարգացմանը: Մենք նեղացկոտ բաներ չունենք: Ավագանու նիստերին չմասնակցելու կամ բոյկոտելու խնդիր չենք դրել մեր առաջ, կա իրականություն՝ մարդիկ միավորվել են, ընտրվել են: Օրենք կա, կարգ ու կանոն կա:
-Նեղսրտա՞ծ չեք:
-Չէի ասի, հոգեպես շատ ուրախ եմ, որ ես հաղթել եմ, ինչի համար պետք է նեղսրտեմ, օրենքի դե՞մ պետք է նեղսրտվեմ: