Հորանց տուն
Thu, 12 Nov 2026 09:00:45 +0400
Սկեսուր-սկեսրայրի կողմից շարունակ ճնշվող հարսներ են լինում, որոնց ամուսինները բռի են, բավարար չափով ուշադիր չեն: Այդ խեղճ մանկամարդ կանայք ամեն առիթ օգտագործում են հորանց տուն վազելու համար, որ մի քիչ սեր ու ուշադրություն վայելեն, կուշտ փորով հաց ուտեն, մի քիչ հանգստանան: Նիկոլ Փաշինյանն այդ մանկամարդ հարսների նման ոչ մի առիթ բաց չի թողնում Հայաստանից բացակայելու համար` 10 օրը մեկ Ֆրանսիա է մեկնում, որտեղ Մակրոնը գլուխն է շոյում, կերակրում, մխիթարում, հույս տալիս, որ ամեն ինչ լավ կլինի: Ամիսը մեկ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Մարթա Կոսի հետ է հանդիպում, եվրոպացի առաջնորդների հետ լուսանկարվում:
Ոչ մի առիթ բաց չի թողնում Ալիեւին ու Էրդողանին տեսնելու համար: Մասնակցում է տարբեր պանելային հանդիպումների, հարցազրույցներ է տալիս արեւմտյան լրատվամիջոցներին: Այդ բոլոր հանդիպումների ժամանակ լայնորեն ժպտում է, գոհ ու երջանիկ տեսք ունի: Այնպիսի տեսք, ինչպիսին ունենում է հորանց տուն գնացած հարսը, որին ամուսնու տանը ճնշում են, վիրավորում, չեն գնահատում: Հետո վերադառնում է Հայաստան` դառնում է բոլորովին ուրիշ մարդ. խոժոռված, դժբախտ, ջղաձիգ, հայհոյող, անհեթեթ մտքեր արտաբերող: Ամեն ինչից երեւում է, որ Հայաստանում դիսկոմֆորտի մեջ է Փաշինյանը եւ միայն արտերկրյա ճամփորդությունների ու հանդիպումների ժամանակ է ռելաքս ապրում, կոմֆորտի գոտում հայտնվում: Իր հարազատները Մակրոնը, Ուրսուլան, Ռեջեփն ու Իլհամն են, թշնամիները` իրեն պահանջներ ներկայացնող, իրենից դժգոհ, իր հեռացումը երազող հայ հասարակությունը: Ինչքան սթրեսն ու դիսկոմֆորտն ավելանում են, այնքան արտերկիր ուղեւորություններն են շատանում: Ինչքան մեր դժգոհությունն իր աշխատանքից աճում է, այնքան Մակրոնն ու Իլհամն են գոհանում: