«Հրապարակ». «Ուժեղ Հայաստան»-ը հետագայում կհասկանա, թե որն է իրենց հիմնական, ամենամեծ սխալը
Thu, 12 Nov 2026 09:15:13 +0400
«Հրապարակի» զրուցակիցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն է:
– Վերջին օրերին տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` «Ուժեղ Հայաստան»-ից, ՀԱԿ-ից, «Հայաստան»-ից եւ մյուս ուժերից, Երեւանում իրազեկման աշխատանքներ են իրականացնում` հանրությանը ներկայացնում են, որ այն սահմանադրությունը, որն իշխանությունն է փորձում ընդունել, թելադրված է Իլհամ Ալիեւի կողմից: Իշխանականները հակադարձում են, թե ընդդիմադիրները չեն տեսել, չեն ընթերցել սահմանադրության տեքստը, ուստի չեն կարող գնահատականներ տալ մի բանին, որին ծանոթ չեն։ Ընդդիմությունն իր հերթին ասում է, որ միայն այն հանգամանքը, որ այս սահմանադրությունն Ալիեւի թելադրանքով է գրվել, բավարար է, որպեսզի իրենք այն մերժեն:
– Աշխատանքի բուռն իմիտացիա են ստեղծում` հնարավոր բոլոր ձեւերով: Եթե այդ մարդիկ համոզված են, որ խորհրդարանում ունեն բավարար ձայներ` չեղարկելու սահմանադրական հանրաքվեն, ապա էլ ո՞րն է նման ակցիաներ անելու իմաստը: Ինչո՞ւ են դուրս եկել փողոց եւ ի՞նչ են հայցում ժողովրդից: Եթե իրապես իրենք չեն պատրաստվում հանրաքվեի գնալ, էլ ի՞նչն է խնդիրը: Ի՞նչ նպատակ ունեն` աշխատանքի իմիտացիա ստեղծելուց բացի: «Ուժեղ Հայաստան»-ը հետագայում, ըստ իս, կհասկանա, թե որն է իրենց հիմնական, ամենամեծ սխալը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ՀԱԿ-ը ժամանակին պայքարում էր հենց այս սահմանադրության դեմ:
– Այդ դեպքում ի՞նչն է միավորում նրանց հիմա: Ընդդիմադիրները պնդում են, որ վտանգված է Հայաստանի անկախությունը:
– Նրանց արժեքային եւ գաղափարական որեւէ բան չի կարող միավորել, ինչպես տեսնում ենք` նրանք շատ հեշտությամբ կարողանում են փոխել իրենց դիրքորոշումն ամեն հարցում, միակ բանը, որ կարող է միավորել այդ մարդկանց` ՀՀ անկախության եւ խաղաղության դեմ պայքարն է:
– Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ ՊՆ, ԱԳ նախարարների եւ ԱԽ քարտուղարների նիստը. Հայաստանը չի մասնակցում դրան: Կան տեսակետներ, որ այս ամենը եւս նպաստելու է գազի գնի հնարավոր թանկացմանը:
– Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականին բարդ ու լարված են, ՀԱՊԿ-ին վաղուց արդեն արձագանքել ենք, եւ նոր ասելիք չկա այս մասով։ Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը եւ ԵԱՏՄ-ի հետ ունեցած հարաբերություններին, ապա, բնականաբար, մենք փորձելու ենք մեր ռուս եւ մյուս գործընկերներին բացատրել, որ մենք ԵԱՏՄ-ի դեմ ոչինչ չենք անում, պարզապես ինչ անում ենք, անում ենք ի շահ Հայաստանի Հանրապետության:
– Բայց գազի գնի թանկացումը ռեալ վտանգ է: Ռիսկեր չե՞ք տեսնում այս հարցում:
– Ռիսկեր մենք տեսել ենք 2020 թվականից, 2022 թվականին: Ռիսկի գնահատման չափն է այստեղ հարցը: Խնդիրն այստեղ միայն գազի սակագինը չէ, այլեւ այն սահմանափակումներն են, որոնք կարող են կիրառվել քաղաքական ճնշումներ իրականացնելու համար, որովհետեւ էականորեն որեւէ նպատակակետ` պայմանագրից ելնելով, չկա, կարող են լինել բացառապես քաղաքական ճնշումներ, որոնք, բնականաբար, ձեռնտու են, ինչպես ՌԴ նախագահն էր ասում` ռուսամետ ուժերին:
– Վարչապետն այցելել է Թուրքիա, նրան օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի մշակույթի փոխնախարարը, ինչո՞ւ նման մակարդակի ընդունելություն, սա քննադատությունների առիթ է դարձել:
– Ովքեր նմանատիպ քննադատություններ են անում կամ երջանկության ցայտնոտի մեջ են ընկնում այս ամենից, չեմ ցանկանում նրանց վիրավորել, սակայն չեմ կարող չասել, որ քաղաքական տգետներ են: Նախ պետք է հասկանալ, թե ինչ միջոցառման է գնացել վարչապետը, պետք է հասկանալ այդ միջոցառման ֆորմատը: Մեկ-երկու շաբաթ էլ Հայաստանում տեղի ունեցավ COP17-ը, եւ պետք է հասկանալ այդ միջոցառման ֆորմատը: Վարչապետին դիմավորելու արարողությանը նաեւ մասնակցել է Թուրքիայի նախագահը: Դա եւս COP միջոցառում է, ուղղակի կարելի է հետ տալ եւ նայել, թե մեկ-երկու շաբաթ առաջ Հայաստանում ինչպես էին տեղի ունենում այդ միջոցառումները:
– Երեքշաբթի օրը, վաղ առավոտյան կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն` 46-ամյա տղամարդ, ընդդիմադիրները կարծում են, որ թիվ մեկ պատասխանատուն եւ մեղավորն իշխանությունն է, իշխանությունն է նրան հասցրել մահվան:
– Պետությունն է պատասխանատու ցանկացած իրավիճակում, երբ պետության հոգածության ներքո` փակ հաստատությունում արձանագրվում է մարդու մահ: Պետք է պարզել մանրամասնորեն, թե ինչ է տեղի ունեցել, ես դրա ջատագովն եմ: Արսեն Գեւորգյանի հարազատներին եւ ընկերներին ցավակցում եմ, շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, սակայն այս ամենը քաղաքականացնելն անընդունելի եմ համարում: Չի կարելի մարդկանց մահը գումարել կամ բազմապատկել քաղաքական նպատակներով: Այս ամենին առաջին հերթին Արսեն Գեւորգյանի հարազատները պետք է դեմ լինեն: Ցանկացած մարդու մահ ցավ է: Ցանկացած նման դեպք քրեակատարողականներում մեր ուշադրության ներքո պետք է լինի: