Պայթեցրել են ավտոմեքենան և սպանել ռուս գնդապետին
Thu, 12 Nov 2026 11:30:00 +0400
Նոյեմբերի 12-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի Սլավյանկա թաղամասում ավտոմեքենա են պայթեցրել, որի մեջ զինվորական է եղել, հաղորդում է «Ֆոնտանկա»-ն։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ զինվորականը Ռուսաստանի զինված ուժերի գնդապետ էր։ Պայթյունի հետևանքով նա մահացել է։ Մեքենայի թափքին ամրացված է եղել պայթուցիկ սարք, որը հեռակառավարմամբ պայթեցվել է, երբ գնդապետը դուրս էր ուղևորվում բակից։
Միջադեպից հետո տվյալ ճանապարհահատվածը փակվել է երթևեկության համար։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով։
Վերջին երեք ամիսների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Սանկտ Պետերբուրգում զինվորականի են սպանում պայթեցնելու միջոցով։ Օգոստոսի 27-ին Սլավյանկա թաղամասում պայթեցվել է Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ ստորաբաժանման փոխգնդապետին և նրա կնոջը տեղափոխող մեքենան։ Տղամարդը տեղում մահացել է, իսկ կինը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Սանկտ Պետերբուրգի Սլավյանկա թաղամասը նախկինում ակտիվորեն զարգացել էր որպես ռազմական բնակարանային համալիր։ 2012 թվականին Պաշտպանության նախարարությանը պատկանում էր տարածքում կառուցվող բնակարանների գրեթե մեկ երրորդը։