ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական նախագիծը
Thu, 12 Nov 2026 12:02:04 +0400
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը, որն անհրաժեշտ է TRIPP զարգացման ընկերության հիմնադրման համար։ Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր։
Նիստին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չէին մասնակցում։ Նախագծի քննարկումը բավական կարճ տևեց․ պատգամավորները հնչեցրին ընդամենը մեկ հարց, որից հետո հարցը դրվեց քվեարկության։
Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրեց, որ օրենսդրական փոփոխությունների նպատակն է Հայաստանի իրավական համակարգում նոր կարգավորում սահմանել՝ հնարավորություն տալով միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար նախատեսել առանձնահատուկ իրավական պայմաններ։
Նրա խոսքով՝ Հայաստանի միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնմանը զուգահեռ նախատեսվում է իրականացնել մի շարք խոշոր ենթակառուցվածքային, տրանսպորտային, էներգետիկ, տարանցիկ և ներդրումային ծրագրեր։ Դրանց իրականացման համար կարող են ստեղծվել առանձին ընկերություններ, որոնց բաժնետերերի թվում կլինեն ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ օտարերկրյա գործընկերները։
Դադունցի ներկայացմամբ՝ գործող օրենսդրությունը որոշ հարցերում բավական խիստ պահանջներ է սահմանում և բավարար ճկունություն չի ապահովում։ Մյուս կողմից՝ միջազգային պայմանագրերը սովորաբար չեն մանրամասնում ընկերությունների կորպորատիվ կառավարման բոլոր մեխանիզմները։ Արդյունքում կարող են հակասություններ առաջանալ միջազգային ծրագրերի շրջանակում նախապես համաձայնեցված կառավարման սկզբունքների և Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ընդհանուր պահանջների միջև։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է այդ խնդիրները լուծելու հնարավորություն ստեղծել՝ միաժամանակ պահպանելով պետության մասնակցության և հանրային շահերի պաշտպանության մեխանիզմները։
Մասնավորապես, նախագծով որոշ դեպքերում նախատեսվում է բացառություններ սահմանել խոշոր գործարքների կնքման և բաժնետերերի ժողովների գումարման համար անհրաժեշտ ձայների շեմերի նկատմամբ։
Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ նման ճկուն կարգավորումները բոլոր բաժնետիրական ընկերությունների վրա տարածելու դեպքում կարող են վտանգվել, օրինակ, փոքր բաժնետերերի իրավունքներն ու շահերը։ Սակայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերություններում պետությունն ունի առանձնահատուկ կարգավիճակ և ստանձնած միջազգային պարտավորություններ, ինչն էլ, ըստ զեկուցողի, հիմնավորում է նման մոտեցման կիրառումը։
Միաժամանակ սահմանվում է, որ հատուկ իրավական կարգավորումները չեն կարող կիրառվել ցանկացած ընկերության նկատմամբ։ Դրանք վերաբերելու են միայն այն ընկերություններին, որոնք հիմնադրվում են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա և դրանց իրականացման նպատակով։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության մասնակցությունը տվյալ ընկերության կանոնադրական կապիտալում պետք է կազմի առնվազն 25 տոկոս։