Չլիներ ԵՄ աջակցությունը, Փաշինյանի ռեժիմը վաղուց հեռացված կլիներ իշխանությունից

Չլիներ ԵՄ աջակցությունը, Փաշինյանի ռեժիմը վաղուց հեռացված կլիներ իշխանությունից

Thu, 12 Nov 2026 18:15:42 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երեկ ակցիա էր անում ԵՄ գրասենյակի առաջ` «Արդարություն Արսեն Գեւորգյանի համար» կարգախոսով։ Արսեն Գեւորգյանին, որը փաշինյանական խունտայի հերթական զոհն է, արդարություն այլեւս պետք չէ, արդարությունը նրան պետք էր, երբ նա ապօրինի կալանավորվել էր: Կալանավորվել էր ընդամենը նրա համար, որ համարձակվել էր առաջադրվել ՔՊ-ի դեմ։ Արդարություն պետք է ողջ մնացածներին, բոլոր նրանց, ովքեր շարունակում են ապօրինաբար պահվել կալանքի տակ, շարունակում են պայքարել խունտայի դեմ եւ կարող են դառնալ խունտայի հաջորդ զոհերը։

Հասկանալի է, որ «Արդարություն Արսեն Գեւորգյանի համար» կարգախոսը վերաբերում է նրա գործի քննությանը, այն գործի, որը պետք է բացահայտի Գեւորգյանի անմեղությունը եւ հաստատի, որ նրա նկատմամբ իրականացված հետապնդումը քաղաքական էր, առանց որեւէ քրեական հիմքի, ինչը Հայաստանի, այսպես կոչված, արդարադատության համակարգը չի կարող ապահովել, որովհետեւ, եթե Հայաստանում արդարադատություն լիներ, Արսեն Գեւորգյանը չէր հայտնվի կալանավայրում եւ չէր սպանվի։ Դրա համար է, որ ակցիան չի արվում Հայաստանի կառավարության, դատախազության կամ Քննչական կոմիտեի շենքերի դիմաց` մարդասպաններից, օրինախախտներից արդարադատություն չեն ակնկալում։ Արսեն Գեւորգյանը չի մահացել, ինչպես ասում են շատերը, նա սպանվել է, որովհետեւ, երբ մարդն ապօրինաբար զրկված է ազատությունից, զրկված է որակյալ առողջապահությունից եւ բժշկական օգնության հնարավորությունից, նրա մահը չի կարող որակվել այլ կերպ, քան սպանություն։ Բռնապետական ռեժիմի բոլոր զոհերը համարվում են սպանված, անկախ նրանից՝ մարդուն կախել են, գնդակահարել, թե կտտանքների միջոցով հասել «բնական» մահվան։
Իսկ ինչո՞ւ է բողոքի ակցիան ԵՄ գրասենյակի առաջ տեղի ունենում։ Ոչ միայն այն պատճառով, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը», այսպես կոչված` ժողովրդավարական Արեւմուտքին ուզում է իրազեկել կատարվածի մասին, ինչպես Արեգա Հովսեփյանն է ասում` իրազեկենք, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, կամ, ինչպես Մարիաննա Ղահրամանյանն է ասում՝ որ ԵՄ կառույցներն այլեւս չկարողանան լռել Հայաստանում հաստատված բռնապետական ռեժիմի գոյության մասին, ոչ թե այն պատճառով, որ կուսակցության ներկայացուցիչներն ուզում են, որ Արեւմուտքը` այս դեպքում ԵՄ-ն, դատապարտի տեղի ունեցածը, անգամ ոչ այն նպատակով, որ ԵՄ երկրները դադարեցնեն աջակցությունը փաշինյանական հակաժողովրդավարական եւ մարդատյաց ռեժիմին։ Նման նպատակ հետապնդելը միամտություն կլիներ, եւ չենք կարծում, որ «Ուժեղ Հայաստանում» այդքան միամիտ են, որ դա չհասկանան։

ԵՄ գրասենյակի դիմաց ակցիան պետք է ունենա այլ խորհուրդ, որի մասին ակնարկեց նույն Մարիաննա Ղահրամանյանը՝ դեսպան Մարագոսի լռությունն այլեւս չի կարող ընկալվել որպես չեզոքություն: Եթե նա շարունակեր իր միտքը, պետք է ասեր, որ դա այլեւս մեղսակցություն է կատարված հանցագործությանը։ Պետք է ասեր, որ ԵՄ-ն կիսում է Արսեն Գեւորգյանի եւ ռեժիմի մյուս զոհերի մահվան պատասխանատվությունը։ Չլիներ ԵՄ աջակցությունը՝ քարոզչական, տեղեկատվական, ֆինանսական, Փաշինյանի ռեժիմը վաղուց հեռացված կլիներ իշխանությունից, ավելին՝ այդ ռեժիմը նույնիսկ չէր էլ ծնվի, որովհետեւ հենց ԵՄ-ն է սաղմնավորել, ծնել եւ սնուցում ռեժիմը, իր շարունակական աջակցությամբ ապահովում ռեժիմի անխափան կենսագործունեությունը։ Առանց Արեւմուտքի եւ ԵՄ աջակցության, Հայաստանի ընդդիմությունը վաղուց իշխանությունից հեռացրած կլիներ Փաշինյանին եւ նրա հաստատած ռեժիմը: Երկրում վաղուց հաստատված կլինեին արդարություն եւ արդարադատություն, Արսեն Գեւորգյանն էլ կյանքով չէր վճարի իր հայացքների համար։ Շատ հավաստի աղբյուրն ասում է, որ երբ Զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրագույն սպայական կազմը` շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, 2021 թվականին պահանջեց Փաշինյանի հրաժարականը եւ պատրաստ էր գործողություններ անել այդ պահանջի իրականացման ուղղությամբ, Հայաստանում Ֆրանսիայի այդ ժամանակվա դեսպանն է համակարգել արեւմտյան երկրների ճնշումը Գասպարյանի եւ մյուս զինվորականների նկատմամբ՝ սպառնալով, որ կոնկրետ գործողությունների դեպքում իրենք կհռչակվեն միջազգային հանցագործներ, նույնիսկ ահաբեկիչներ, կենթարկվեն պատժամիջոցների եւ միջազգային հետապնդման։ Եթե այս տեղեկությունը ոչ հրապարակային եւ դժվար ապացուցելի է, ապա ԱՄՆ դեսպանության հայտարարությունը` ընդդիմության կազմակերպած բողոքի խաղաղ գործողությունների մասնակիցներին եւ ընդդիմությանը մեղադրելու նկատառումներով, վերջին խորհրդարանական ընտրություների ժամանակ ԵՄ միջամտությունը խունտայի պաշտպանության հարցում իրականացվել են բացահայտ եւ անթաքույց։ Եթե ԵՄ-ն եւ եվրաչինովնիկները կարող են համաձայնել Փաշինյանի եւ նրա խունտայի այլ ներկայացուցիչների ապօրինի պնդումների հետ, որ հայաստանյան ընդդիմությունը ռուսական հիբրիդային պատերազմի գործիքակազմի մի մասն է, ուրեմն Հայաստանի ընդդիմությունն էլ միանգամայն բարոյական իրավունք ունի ռեժիմի գործած հանցագործությունների պատասխանատու եւ հովանավոր հռչակել նույն ԵՄ կառույցները եւ դրանց բարձրաստիճան ներկայացուցիչներին։

Արդարությունը ոչ միայն հանցագործության կազմակերպիչների պատիժն է` իրենց գործած հանցանքների համար, արդարությունն առաջին հերթին հանցագործության իրական կատարողների եւ պատասխանատուների ամբողջական ցանկի բացահայտումն է։ Հայ հասարակության ճնշող մեծամասնությունն Արսեն Գեւորգյանի մահը համարում է սպանություն եւ դրա համար պատասխանատու ճանաչում փաշինյանական խունտային, դրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանին՝ որպես ապօրինության հրահանգչի եւ հովանավորի, նաեւ՝ այդ հրահանգը կատարող քննիչներին, դատավորներին եւ այն արդարացնող քարոզչամեքենան։ Բայց հայ հասարակության միայն մի փոքր հատվածն է, որ այս սպանության մեջ մեղսակից է համարում խունտայի արտաքին հովանավորներին։ «Ուժեղ Հայաստանի» կողմից իրականացվող ակցիան շատերին պետք է` հասկանալու համար, որ առանց արտաքին հովանավորության, որը ծնում է նաեւ անպատժելիության զգացում, այդ հանցագործությունները գուցեեւ չլինեին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեն կարողացել պայմանավորվել հրադադարի հաստատման հարցում

Չեն կարողացել պայմանավորվել հրադադարի հաստատման հարցում Thu, 12 Nov 2026 19:00:44 +0400 Ուկրաինան եւ Ռուսաստանը…

8 րոպե ago

Էրդողանը Իրանի նախագահին կոչ է արել շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ

Էրդողանը Իրանի նախագահին կոչ է արել շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ Thu, 12 Nov 2026…

15 րոպե ago

Ասեմ` ինչ ես զիջել…

Ասեմ` ինչ ես զիջել… Thu, 12 Nov 2026 18:45:12 +0400 Փաշինյանը, էն երբ էր, մի…

23 րոպե ago

Դատախազ Հայկ Հովհաննիսյանն անշնորհք արտահայտություն է հնչեցրել Բագրատ սրբազանի հասցեին

Դատախազ Հայկ Հովհաննիսյանն անշնորհք արտահայտություն է հնչեցրել Բագրատ սրբազանի հասցեին Thu, 12 Nov 2026 18:35:11…

33 րոպե ago

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան․ Պուտինը վերջապես ընդունեց ամերիկացիներին

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան․ Պուտինը վերջապես ընդունեց ամերիկացիներին Thu, 12 Nov 2026 18:30:41 +0400 ՌԴ…

38 րոպե ago

ՀՀ ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ սենատոր

ՀՀ ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ սենատոր Thu, 12 Nov 2026 18:19:10 +0400…

49 րոպե ago