Միավորվելն առաջին քայլն է. ո՞րն է երկրորդը, երրորդը…

Միավորվելն առաջին քայլն է. ո՞րն է երկրորդը, երրորդը…

Thu, 12 Nov 2026 19:15:22 +0400


Նիկոլն ու ՔՊ-ն բացել են խաղաքարտերը՝ հանրությանը կանգնեցրել են ծանր փաստի առջեւ։ Նրանց թեզը պարզունակ է եւ վտանգավոր․ «Պետք է փոխենք մայր օրենքը, հրաժարվենք Անկախության հռչակագրի հղումներից, որովհետեւ դա է խաղաղության միակ պայմանը»։ Եվ սեփական ժողովրդի աչքին թոզ փչելով հայտարարում են, թե սա ոչ թե Բաքվի թելադրանքն է, այլ մեր սեփական, «սուվերեն» նախաձեռնությունը։

Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հազարավոր գիտակից մարդիկ այլ կարծիքի են․ որ դա խաղաղություն չի բերելու՝ հաշվի առնելով Ալիեւի անհագուրդ ախորժակն ու թշնամական հռետորաբանությունը: Մայր օրենքի փոփոխությունը ոչ թե խաղաղության դուռ է բացելու, այլ հարթելու է Հայաստանի պետականության վերացման ճանապարհը։ Ուրեմն, եթե իշխանության առաջարկած ուղին տանում է դեպի կործանում, մնում է մի ողջամիտ միջոց՝ համախմբվել, պայքարել եւ օր առաջ հեռացնել նրանց իշխանությունից։
Հայաստանյան 12 քաղաքական ուժ ընդունեցին միասնական հայտարարություն, որով ավետեցին համազգային համախմբման մասին՝ մերժելով ալիեւյան սահմանադրությունը՝ պաշտպանելու ազգային ինքնությունն ու Հայաստանյայց սուրբ եկեղեցին, պայքարելով արժանապատիվ խաղաղության ու ժողովրդավարական ազատությունների վերականգնման համար։ Միավորումը տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ իշխանությունը բացահայտ քաղաքական ահաբեկչության է դիմել` ընդդիմադիր ուժերի ղեկավարներն ու ակտիվիստներն ապօրինի քրեական հետապնդումների են ենթարկվում, ազատազրկվում, խլվում է ոմանց սեփականությունը։

ԱԱԾ-ն ու իրավապահ համակարգը դարձել են մեկ մարդու քմահաճույքը կատարող գործիքներ․ Փաշինյանը փորձում է հանրային ճնշում եւ տեռոր կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դեմ են իր եւ Ալիեւի օրակարգին։ Իսկ 12 ուժերի միավորումը փաստեց, որ դիմադրության ոգին բնավ չի մարել` քաղաքական դաշտը պատրաստ է միասնաբար դիմագրավել այս ծանր մարտահրավերին։
Այս միավորումը քաղաքական դաշտում հստակ ջրբաժան է գծել․ ընդդիմադիր դաշտն ու վերլուծաբանները փաստում են, որ այս հայտարարությունը լոկ միջկուսակցական համաձայնություն չէ, այլ ընդդիմադիր միասնական օրակարգի հռչակում` 4 հիմնարար սկզբունքի շուրջ` ինքնիշխանություն, արժանապատիվ խաղաղություն, ազգային-եկեղեցական արժեքների պաշտպանություն եւ քաղաքացիական իրավունքներ։ Սա ցույց է տալիս, որ ընդդիմադիր զանգվածը պարզապես դժգոհ ընտրազանգված չէ, այլ քաղաքական սուբյեկտայնություն ունեցող ուժ։ Իշխանական վերնախավը, Նիկոլը, նրանց սպասարկող մեդիան հիստերիկ արձագանք են տալիս` միավորումը որակում են «ռեւանշիստների», «նախկինների» վերջին ճիգ, իրավական բռնաճնշումները ներկայացնում են որպես «օրենքի գերակայություն»։ Ասում են` ով դեմ է Սահմանադրության փոփոխությանը, կողմ է պատերազմին։ Իշխանությունը համոզված է, որ վախի, ձերբակալությունների եւ վարչական լծակների միջոցով կհաջողվի մարել դիմադրությունը եւ անցկացնել սահմանադրությունը։ Ընդդիմադիրները համոզված են, որ սա վերջին սահմանագիծն է, որից այն կողմ պետության կորուստն է, եւ միակ ելքը համազգային դիմադրությունն է։

Այս բախտորոշ պահին անհնար է չտալ մի հարց․ իսկ ո՞ւր են մյուս քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները։ Հայաստանում պաշտոնապես գրանցված են մոտ 100 կուսակցություն, հազարավոր ՀԿ-ներ։ Արջի քնով քնա՞ծ են։ Այս օրհասական պահի՞ն էլ միտք չունեն արթնանալու։ Չէ՞ որ լռությունը կամ չեզոքությունը համազոր է հանցակցության։ Սա վերաբերում է նաեւ մտավորականությանը։ Ցավոք, մի ստվար հատված սովոր է կանգնել գործող իշխանության կողքին՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարը։ Մի հատված սնվում է իշխանական «կաթսայից»։ Սակայն ազգային արհավիրքը չի շրջանցելու ոչ մեկին։ Սա պետք է դառնա համազգային շարժում, որտեղ ներկա են բոլորը։ Եվ բոլորիս հուզում է մի հարց՝ այս միավորումը կարո՞ղ է վերածվել համաժողովրդական ալիքի, թե՞ ՔՊ-ն տարբեր միջոցներով կխեղդի դա։ Ի վերջո, հայտարարություն ստորագրելը մեկ օրվա գործ է, իսկ համազգային ալիք բարձրացնելը` ամենօրյա, տանջալից աշխատանք։ Վստահ եմ՝ եթե գործընթացը կանգ առնի հայտարարության մակարդակում, իշխանությունն այն հեշտությամբ կմարի։ Հաջողություն կունենա, եթե ընդդիմությունը ցույց տա, որ ունակ է պաշտպանելու փողոց դուրս եկած անզեն քաղաքացուն։ Հաջողության գլխավոր նախապայմանը երկրում համընդհանուր պայքարի մթնոլորտ ստեղծելն է, եթե երիտասարդությունը, մայրաքաղաքի բնակչությունը, մարզերում ապրողները միանան։ Ընդդիմադիրները պետք է համարձակություն ունենան՝ առաջին «պլանից» հետ քաշելու այն դեմքերին, որոնք հանրության մոտ ասոցացվում են անցյալի արատների կամ նախկին ձախողված շարժումների հետ։

Որպեսզի ընդդիմադիրներին հաջողվի հեռացնել այս իշխանությանը, անհրաժեշտ է իրականացնել հստակ քայլեր՝ ԱԺ-ում եւ դրանից դուրս «զորաշարժ»․ խորհրդարանական ընդդիմությունը պետք է օգտագործի իր բոլոր լծակները, իշխանությանը կանգնեցնի խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտության առջեւ։ Անհրաժեշտ է աշխատանք տանել պետական ապարատում, ուժային կառույցներում, ամենուր։ Դուրս գալ կաբինետներից, անցկացնել բակային հանդիպումներ, այցելել մարզեր, մարդկանց մոտ առկա հսկայական դժգոհությունն ուղղորդել դեպի կազմակերպված պայքար։ Մի կողմ դնել անձնական, խմբային, բիզնես եւ կուսակցական ամբիցիաները՝ հանուն մեկ ընդհանուր նպատակի: Ժողովրդին պարզ, շիտակ եւ հանրամատչելի բացատրել իրենց քայլերը։ Պատերազմ, կորուստներ եւ ավերածություններ տեսած ժողովրդին ամենաշատը հետաքրքրում է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ եւ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ հարցը։ Նիկոլը, որքան էլ որ սխալ ու վտանգավոր, պարզ բանաձեւ է առաջարկում. «զիջենք, որ ապրենք»։ Դա հասկանալի է վախեցած մարդուն։ Իսկ ընդդիմությունը պետք է ավելի տեսանելի, հստակ եւ իրատեսական ծրագիր առաջարկի` ճանապարհային քարտեզ։

Ինչպե՞ս հասնել խաղաղության՝ առանց ծնկելու: Բացատրել, որ իրական խաղաղությունը ստացվում է ոչ թե թշնամու բոլոր պահանջները կատարելով (ինչը նոր պատերազմ է հրահրում), այլ դաշնակցային հարաբերությունների վերականգնմամբ, բանակի արդիականացմամբ, դիվանագիտությամբ։ «Առաջին 100 օրվա» ծրագիր ներկայացնել, կառավարության հավանական կազմ: Ժողովուրդը նաեւ պետք է վստահ լինի, որ իշխանափոխությունից հետո չեն վերադառնալու անցյալի արատավոր երեւույթները։ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի համախմբում, որի գոյությունը զգա նաեւ քաղաքականությունից հեռու կանգնած քաղաքացին։ Եթե մեր ժողովուրդը տեսնի հստակ ծրագիր, հասկանա, որ կա արժանապատիվ եւ անվտանգ ապրելու այլընտրանք, կգնա այդ ծրագրի հետեւից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորմուզի նեղուցի հարցում հասել են համաձայնության

Հորմուզի նեղուցի հարցում հասել են համաձայնության Thu, 12 Nov 2026 20:00:30 +0400 Թեհրանն ու Մասքաթը…

8 րոպե ago

Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղի համար

Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղի համար Thu, 12 Nov 2026 19:57:49…

10 րոպե ago

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել Thu, 12 Nov 2026 19:30:35 +0400 Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի…

38 րոպե ago

Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»

Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը» Thu, 12 Nov 2026 19:05:36 +0400 Ուկրաինայի…

1 ժամ ago

Չեն կարողացել պայմանավորվել հրադադարի հաստատման հարցում

Չեն կարողացել պայմանավորվել հրադադարի հաստատման հարցում Thu, 12 Nov 2026 19:00:44 +0400 Ուկրաինան եւ Ռուսաստանը…

1 ժամ ago

Էրդողանը Իրանի նախագահին կոչ է արել շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ

Էրդողանը Իրանի նախագահին կոչ է արել շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ Thu, 12 Nov 2026…

1 ժամ ago