Ստեփանավանում մանդատները բաշխվեցին
Thu, 12 Nov 2026 20:45:37 +0400
2026 թ. հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ Ստեփանավան համայնքի ավագանու 21 մանդատները բաշխվել են երեք քաղաքական ուժի միջև. «Գործարար» կուսակցություն՝ 41.6 %, 9 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 35.3 %, 8 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 19.7 %, 4 մանդատ: Երեկ նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Նիստին ներկա 14 ավագանու անդամները, որոնց մեջ եւ «Գործարարի» ավագանիները, եւ ՔՊ-ի համայնքապետ ընտրեցին Ստեփանավանի գործող համայնքապետ, պրոիշխանական Արմեն Գրիգորյանին, ով ժամանակին հայտարարում էր, թե բացառված է, որ համագործակցի ՔՊ-ի թեկնածուի` Լոռի բերդի համայնքապետի հետ: ՔՊ կուսակցությունից ավագանու մանդատները վերցրել են Լոռի ՋՕԸ-ի վերահսկողության բաժնի պետ՝ Անուշ Բաղդասարյանը, Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Զուրաբյանը, ՀԷՑ-ի Ստեփանավանի ցանցի պետ՝ Նարեկ Նալբանդյանը, Վարդաբլուր համայնքի բուժամբուլատորիայի տնօրեն Արմինե Ղարաջյանը, Լոռի Բերդի համայնքապետ առաջին տեղակալ Վահրամ Պապիկյանը, ով ՊՆ նախարարի ազգականն է: Վահրամ Պապիկյանից հետաքրքրվեցինք՝ բացի ավագանու անդամ լինելուց, այլ պաշտոն էլ է ստանձնելո՞ւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սուրեն Պապիկյանի ազգականն է, ասաց, որ հարցազրույց չի տալիս եւ անջատեց հեռախոսը: Նիստին ներկա չէին «Ուժեղ Հայաստան»-ի ավագանու անդամները, որոնք սգում են իրենց ընկերոջ` Արսեն Գեւորգյանի մահը եւ ՔՊ-ի 3 անդամները՝ այդ թվում Լոռի Բերդ արդեն նախկին համայնքի ղեկավար Արային Ներսիսյանը: Մեզ պատմեցին, որ Արայիկ Ներսիսյանը «մանթրաժի» մեջ է, հավանաբար չի վերցնի ավագանու մանդատը: Մեզ չհաջողվեց խոսել Արայիկ Ներսիսյանի հետ: Նոյեմբերի 14-ին Ստեփանավան համայնքի ղեկավարի երդման պաշտոնական արարողությունն է: