Այզենկոտը՝ հաջորդ վարչապետ, Նեթանյահուն՝ «խոցված օդաչո՞ւ»․ հրեական դիլեմա
Fri, 13 Nov 2026 13:45:30 +0400
Իսրայելի նոր կառավարությունը կձեւավորի ոչ թե գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այլ նրա քաղաքական հակառակորդ՝ «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը։ Նման որոշում կայացրել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը՝ հոկտեմբերի 27-ին կայացած Քնեսեթի՝ պառլամենտի ընտրություններից հետո։ Համապետական քվեարկության արդյունքների համաձայն՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած իշխող կոալիցիան 120 տեղանոց խորհրդարանում ստացել է 53 տեղ։ Գադի Այզենկոտի ընդդիմադիր դաշինքը, որը ներառում էր «Յաշար», «Բե-յահադ», «Մեր տուն Իսրայել» եւ «Դեմոկրատներ» կուսակցությունները, ստացել է 48 տեղ, իսկ արաբական կուսակցությունների ցուցակը՝ 19։ Ոչ մի դաշինք չի ստացել մեծամասնություն եւ կառավարություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատ չունի։
Կառավարություն կազմելու որոշումը թողնվել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին, եւ նա ընտրել է Այզենկոտին, որը ղեկավարում է «Յաշար» կուսակցությունը․ «Իմ անկեղծ ցանկությունն է, որ ձեւավորված ցանկացած կառավարություն կնպաստի միասնությանը, համախմբվածությանը եւ հաշտեցմանը երկրի բոլոր մասերում»։ Նրա համոզմամբ, ընդդիմության առաջնորդն ունի ամենամեծ հնարավորությունները՝ ձեւավորելու այնպիսի կառավարություն, որը կծառայի «բոլոր իսրայելցիների շահերին»։ Այզենկոտն արդեն հայտարարել է «արտակարգ կառավարության» ձեւավորման մասին․ «Եթե այսօր ինձ տրված մանդատը հանգեցնի արտակարգ կառավարության ստեղծմանը, ապա անհրաժեշտ կլինեն ստեղծագործական եւ ոչ ավանդական քաղաքական քայլեր: Իսրայելն իրավունք չունի ձգձգել գործերը կամ անցկացնել անվերջ ընտրությունների փուլեր: Առաջադրանքները չափազանց հրատապ են»։ Այզենկոտն ավելի վաղ հայտարարել էր, որ Նեթանյահուի հետ իր համագործակցությունը գործնականում բացառվում է՝ վերջինիս կոռուպցիոն մեղադրանքների պատճառով: Իսկ 2026 թվականի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո նա կոչ արեց վարչապետին հեռանալ քաղաքականությունից: Սակայն, կարծես թե, նրա դիրքորոշումը փոխվել է, քանի որ նոր կառավարությանը միանալու հրավեր ստացել է «Լիկուդ»-ը, այլ ոչ թե արաբական «Միասնական ցուցակ»-ը, որն ստացել էր ռեկորդային թվով ձայներ:
«Եթե «Լիկուդ»-ի եւ «Կրոնական սիոնիզմ»-ի (ծայրահեղ աջ կուսակցություն՝ խմբ․) անդամներն իսկապես հավատում են, որ հիմա միասնության ժամանակն է, ինչպես նրանք առաջարկել են նախագահին, ես չեմ տեսնում որեւէ պատճառ, թե ինչու նրանք չպետք է գան եւ կառավարություն կազմեն իմ ղեկավարությամբ եւ իմ ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- նշել է «Յաշար»-ի ղեկավարը։ Նա խոսել է Իսրայելի համար դժվար, ճակատագրական ժամանակաշրջանի մասին՝ բացատրելով, որ երկրի ապագան կկառուցի բոլոր այն ուժերի հետ, որոնք աջակցում են «Յաշար»-ի չորս հիմնական սկզբունքներին, այդ թվում՝ մասնավորապես ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը եւ բոլոր քաղաքացիների համար պարտադիր զինծառայությունը։ Ընտրություններից հետո Նեթանյահուն կոչ արեց ընդդիմադիր դաշինքին՝ չհաստատել կոալիցիա արաբների հետ, այլ ձեւավորել ազգային միասնության կառավարություն։ Նա հույս ուներ, որ նախագահն իրեն կվստահի վարչապետի պաշտոնը, բայց սխալ հաշվարկ էր․ «Առաջին օրվանից մենք ձգտում ենք լայն ազգային միասնության կառավարության։ Հրեական բնակչության հստակ մեծամասնությունը «Լիկուդին» ընտրել է որպես ամենամեծ կուսակցությունը, իսկ ինձ՝ որպես վարչապետ հաջորդ կառավարությունում։ Մենք ձգտում ենք լայն կառավարություն ձեւավորել մեր գործընկերների եւ ցանկացած կուսակցության հետ, որը ցանկանում է դա եւ չի աջակցում ահաբեկչությանը»։
Իսրայելցի քաղաքագետ Սայմոն Ցիպիսը կարծում է, որ Նեթանյահուն այլեւս «խոցված օդաչու» է․ «Նեթանյահուն այժմ գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ կորցնելու ոչինչ չունի։ Նա այլեւս ապագա չունի, եւ այս իրավիճակը վտանգավոր է Իսրայելի եւ ամբողջ աշխարհի համար։ Քաղաքական գործիչը վերածվել է խոցված օդաչուի. նրա դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ։ (…) Նա ունի շատ հզոր ընդդիմություն. իսրայելցիների կեսից ավելին ցանկանում է, որ նա հրաժարական տա։ Նրանք հասկանում են, որ 20 տարի իշխանության գլուխ լինելուց հետո քաղաքական գործիչը որեւէ նոր բան չի առաջարկել։ Ամեն անգամ, երբ նա մնում է ղեկին, լինում են պատերազմներ, ահաբեկչական հարձակումներ, ողբերգություններ, սպանություններ եւ այլն»։
66-ամյա Այզենկոտը 2015-2019 թվականները եղել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը։ Ի դեպ, նրա որդին զոհվել է Գազայի մարտերում։ Ընդդիմադիր զինվորականը քաղաքականություն է մտել 2022 թվականին, երբ ընտրվել է Քնեսեթի պատգամավոր «Պետական ճամբար» դաշինքի ցուցակով։ «Իսրայելը տարիներ շարունակ գտնվում է քաղաքական ճգնաժամի եւ անկայունության մեջ, եւ հասարակության սրտում խոր պառակտում է առաջացել։ Հետեւաբար, ես որոշեցի կողմ չքաշվել, այլ՝ գործել»,- այսպես է նա բացատրել քաղաքական գործիչ դառնալու իր որոշումը։
2025 թվականի ամռանն Այզենկոտը լքեց «Պետական ճամբար» կուսակցությունը եւ հրաժարական տվեց պատգամավորի պաշտոնից, իսկ նույն թվականի սեպտեմբերին հիմնադրեց սեփական կուսակցությունը՝ «Յաշարը»։ Կառավարություն ձեւավորելու պաշտոնական հրամանագրի պահից Գադի Այզենկոտն ունի 28 օր՝ այն իրականացնելու համար։ Սա հետհաշվարկ է ինչպես ամբողջ Իսրայելի, այնպես էլ գործող վարչապետ Նեթանյահուի համար, որի քաղաքական օրերը, ըստ ամենայնի, հաշված են, հատկապես որ Թրամփն ակնարկել է Այզենկոտի եւ ցանկացած այլ մեկի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, նույն Թրամփը, որ նախընտրական շրջանում աջակցում էր Բիբիին (Նեթանյահուի մականունն է)։ Հրեական դիլեմայի լուծումը, սակայն, այդ երկրի ներքին գործն է, եւ արտաքին ներգործությունն այստեղ գրեթե զրոյի է հասցված։