Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին. Առաջին քայլն արվեց Դուբլինում

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին. Առաջին քայլն արվեց Դուբլինում

Fri, 13 Nov 2026 15:45:11 +0400


Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մտքեր էին փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շուրջ։ Դրա մասին պաշտոնական հաղորդագրություն են տարածել՝ ստանդարտ ձեւակերպումներով, սակայն մի հատված նորություն էր եւ մեր ուշադրությունը գրավեց. «Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը»։ Անդրսահմանային ջրային ռեսուրսները այն գետերը, լճերը և ստորերկրյա ջրային ավազաններն են, որոնք հատում են երկու պետությունների քաղաքական սահմանները, մի պետությունից հոսում են դեպի մյուսը:

Հայաստանի ջրային ռեսուրսների մեծ մասը պատկանում է Կուր-Արաքսյան անդրսահմանային ավազանին։

Այսպես.
Հայաստան – Թուրքիա` Ախուրյան և Արաքս գետերը ձևավորում են պետական սահմանը։ Գործում է 1927 թ. ԽՍՀՄ-Թուրքիա պայմանագիրը։

Հայաստան – Իրան` Արաքս գետը հանդիսանում է սահմանային գետ։ Երկու երկրները սերտորեն համագործակցում են գետի ջրերի մոնիթորինգի, աղտոտվածության վերահսկման և համատեղ ՀԷԿ-երի նախագծերի շրջանակներում։

Հայաստան – Վրաստան` Դեբեդ և Աղստև գետերը Հայաստանից հոսում են Վրաստան՝ միանալով Կուր գետին։ Կողմերն իրականացնում են ջրի որակի համատեղ մոնիթորինգ և ավազանային կառավարման ծրագրեր։

Հայաստան – Ադրբեջան` անդրսահմանային են Հրազդան, Որոտան, Արփա, Ողջի և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Արաքս կամ Կուր։

Սա բոլորովին նոր թեմա է, որն առաջ է քաշում ադրբեջանական կողմը եւ ըստ ամենայնի, սա պակաս վտանգավոր թեմա չէ, քան անկալվների հարցը: Ադրբեջանը որոշել է կառավարել նաեւ Հայաստանի ջրային ռեսուրսները, որովհետեւ ոչ մի գետ Ադրբեջանից Հայաստան չի հոսում, հակառակն է` Հայաստանից ջրերը հոսում են դեպի Ադրբեջան։ Հարեւան երկրի ինքնիշխանություն ոչնչացնելու մի ճանապարհ էլ սա է` երբ հարեւան պետությունը ջրային ռեսուրսների համաչափ օգտագործման կամ էկոլոգիայի անվան տակ ներխուժում է հարեւանի որոշման տիրույթում գտնվող թեմաների մեջ: Այս հարցում ադրբեջանցիներն օրինակ են վերցնում իրենց բարեկամ թուրքերից, որոնք ոտնահարում են անդրսահմանային ջրային ռեսուրսները հավասար օգտագործելու հարցում Սիրիայի իրավունքները (Եփրատ)։

Հիմա Ալիևը փորձելու է հասնել նրան, որ պայմանագրով ֆիքսվեն քվոտաներ (ջրի երաշխավորված հոսք), դրա համար անհրաժեշտ կլինի նախ տվյալների փոխանակում անել, հետևաբար կարող են սահմանափակվել նոր ջրամբարների (օրինակ` Եղվարդի), փոքր ու միջին ՀԷԿ-երի (Որոտանի, Արփայի, Տավուշի գետակների վրա) կառուցումը, գուցե նաեւ հետագայում` գործող ՀԷԿ-երի ապամոնտաժման պահանջ ներկայացնեն եւ այլն։ Մի խոսքով` ոչ միայն Սահմանադրությունն է Ալիեւի պահանջը, այլ նորանոր պահանջներ է առաջ քաշելու եւ մի թեման արդեն դրել են շրջանառության մեջ եւ Փաշինյանն էլ, դատելով հաղորդագրությունից, տեղյակ է եւ մասնակցում է դրան:

Եւ կարծես պատահականորեն երեկ մի զեկույց է հրապարակվել պաշտոնական կայքում, որը կազմել են SWAN կազմակերպության` South Caucasus Water Academics Network ներկայացուցիչները. Դավիթ Խաչատրյան, Դու վան դեր Մեեր, Ֆարհադ Մուխթարով, Արդա Բիլգեն եւ Նաթա Գոգիա։ Դու վան դեր Մեերը Նիդերլանդներից է, բայց աշխատել է Istanbul Policy Center-ում։ Ֆարհադ Մուխթարովն ադրբեջանցի է, ՄԱԿ-ի փորձագետ՝ ջրային կառավարման, գիտելիքի քաղաքականության, hydro-hubs ասպարեզներում։ Արդա Բիլգենն ազգությամբ թուրք է, ջրային դիվանագիտության և ջուր-կոնֆլիկտ կապի մասնագետ, խորացել է Թուրքիայի և Կովկասի անդրսահմանային ջրային քաղաքականության հարցերում։ Ազգությամբ վրացի Նաթա Գոգիան լեռնային շրջանների, ձյան և սառցադաշտերի հալոցքների գծով է մասնագիտացած։ Դավիթ Խաչատրյանն էլ SWAN-ում Հայաստանի ներկայացուցիչն է։

Նրան մի ճռճռան նախաբան են գրել. «Կուր եւ Արաքս գետերն ապահովում են խմելու ջրով, նաեւ՝ կյանք տալիս գյուղատնտեսությանն ու էներգետիկային ապահովում ռեսուրսով Հարավային Կովկասում։ Այս երկու գետերը, սակայն, աստիճանաբար վերածվում են ռեգիոնալ խնդրի աղբյուրի», քանի որ համաձայն զեկույցի, իրավիճակը բարդանում է կլիմայի փոփոխությունների, տեղումների կրճատման, սառցադաշտերի հալվելու, ջրի սպառման ծավալների, գյուղատնտեսական ոռոգովի հողերի ավելացման պատճառով։ 2000-2017 թվականներին, ջրառը Հայաստանում ավելացել է 32 տոկոսով, Վրաստանում 22 տոկոսով, իսկ Ադրբեջանում՝ 10 տոկոսով։ Ներկայիս միտումների պահպանման դեպքում՝ 2100 թվականին ռեգիոնի երկրներում գետերի հոսքի ավազանը կկրճատվի 20 տոկոսով։ Գլխավոր խնդիրը, ըստ փորձագետների, կայանում է ոչ միայն ջրային ռեսուրսների դեֆիցիտի, այլ նաեւ՝ ջրային ռեսուրսների անդրսահմանային միասնական կառավարման համակարգի բացակայության պատճառով։ Առկա պայմանավորվածությունները մեծ մասամբ երկկողմ են, հատվածական եւ հիմնված՝ դեռեւս սովետական ժամանակներում կնքված համաձայնագրերի վրա։ Այսինքն, հարկավոր է նոր համաձայնագրեր կնքել:

Փորձագետներն ընդգծել են, որ «հատկապես մտահոգության առիթ է տալիս Հայաստանի վիճակը», որտեղ գետերի վերին հոսանքներում ջրատեխնիկական կառույցներ են գործում, «ինչը կարող է ազդել ավելի ներքեւ գտնվող տարածքների ջրապահովվածության եւ ջրամատակարարման վրա»։ Այստեղ էլ խոսքը Ադրբեջանին ջուր տալու մասին է:

Զեկույցի հեղինակներն առաջարկում են ստեղծել համատեղ փորձագիտական հանձնաժողովներ եւ մեխանիզմ՝ այս հարցերը կարգավորելու համար։ Նաեւ՝ առաջարկում են ստեղծել Կուրի եւ Արաքսի ավազանների թվային մոդելներ։ Եզրակացությունն այն է, որ «Հարավային Կովկասում ջրային անվտանգությունը հնարավոր չէ իրականացնել միայն ազգային մակարդակում կայացված որոշումներով։ Նույնիսկ քաղաքական հակասությունների պայմաններում ջրային ռեսուրսների հարցում համագործակցությունը կարող է դառնալ կարեւոր բաղադրիչներից մեկը ռեգիոնում վստահության մթնոլորտի ամրապնդման եւ ապագայում՝ էկոլոգիական եւ սոցիալական ճգնաժամերի կանխման հիմք դառնալ»։

Եթե շատ պարզ ասենք, ապա Ադրբեջանը կարող է վետո դնել Հայաստանի կողմից նոր ջրամբարների ու ՀԷԿ-երի կառուցման վրա կամ կարող է պահանջել, որ դրանց կառուցումը նախապես համաձայնեցվի իր հետ։ Ադրբեջանը կարող է միակողմանի մուտք ստանալ մեր տվյալների բազային, բայց իրենը չտա մեզ։ Ջրի հոսքի նվազման դեպքում հայցեր ներկայացնել եւ ստիպել, որ ոռոգման համար Հայաստանում ջուր չօգտագործվի, որ Ադրբեջան հոսող ջուրը չնվազի եւ այլն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի 3 փաստաթղթի

Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի 3 փաստաթղթի Fri, 13 Nov 2026 16:00:12 +0400 Ադրբեջանը չի…

3 րոպե ago

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործի նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործի նախաքննությունն ավարտվել է Fri, 13 Nov 2026 15:57:37 +0400 Հայաստանի սահմանն…

6 րոպե ago

Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բնակվեն. Արթուր Միքայելյան

Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բնակվեն. Արթուր Միքայելյան Fri, 13 Nov 2026 15:28:15 +0400…

35 րոպե ago

Այս իշխանության օրոք 130-ից ավել մարդ մահացել է բանտերում. Իրինա Յոլյան

Այս իշխանության օրոք 130-ից ավել մարդ մահացել է բանտերում. Իրինա Յոլյան Fri, 13 Nov 2026…

37 րոպե ago

Սրբուհի Գալյանի ասածը պետական պաշտոնյային հարիր չէ. Հայկ Ֆարմանյան

Սրբուհի Գալյանի ասածը պետական պաշտոնյային հարիր չէ. Հայկ Ֆարմանյան Fri, 13 Nov 2026 15:23:26 +0400…

40 րոպե ago

Արսեն Գևորգյանի կյանքը հնարավոր էր փրկել. Անուշ Միրզոյան

Արսեն Գևորգյանի կյանքը հնարավոր էր փրկել. Անուշ Միրզոյան Fri, 13 Nov 2026 15:22:31 +0400 Latest…

41 րոպե ago