Ադրբեջանը հիմա էլ ուզում է տիրանալ Հայաստանի էներգահամակարգին եւ ջրային ռեսուրսներին

Ադրբեջանը հիմա էլ ուզում է տիրանալ Հայաստանի էներգահամակարգին եւ ջրային ռեսուրսներին

Sat, 14 Nov 2026 18:15:58 +0400


Փաշինյանի եւ Ալիեւի ցանկացած հանդիպումից հետո պետք է սպասել, թե Ալիեւն ինչ նոր բան է պահանջել եւ ստացել Փաշինյանից, Փաշինյանն էլ ինչ է զիջել՝ Հայաստանի հաշվին իր իշխանությունը պահելու համար։ Դուբլինում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հանդիպումն այս իմաստով բացառություն չի եղել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը նախկինում քննարկված հարցերից բացի՝ ԹՐԻՓՓ, սահմանազատում եւ սահմանագծում, ենթակառուցվածքներ, քննարկել են նաեւ երկու երկրների էներգետիկ համակարգերի փոխկապակցման հարցը եւ պայմանավորվել են անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբեր ստեղծել։ Երկու դեպքում էլ խոսքն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմների ստեղծման, Հայաստանի էներգահամակարգին եւ ջրային ռեսուրսներին տիրանալու մասին է։

Հայաստանի էլեկտրական ցանցերն այս պահին սինքրոնիզացված են Իրանի էլեկտրական ցանցերի հետ, երբ Հայաստանի էլեկտրական ցանցերում է պակասուրդ առաջանում, այն լրացվում է Իրանի հաշվին, եւ հակառակը։ Մինչեւ վերջերս Հայաստանն էներգետիկ ավելցուկ ունեցող երկիր էր, եւ ավելի շատ Իրանն էր զգում Հայաստանի կարիքը, քան Հայաստանը՝ իրանական էլեկտրաէներգիայի։ Փաշինյանի հզոր տնտեսական քաղաքականության շնորհիվ, այսպես կոչված` արհեստական բանականության գործարանների կառուցում, Հայաստանը դարձավ էներգետիկ պակասուրդ ունեցող երկիր։ Ադրբեջանն ուզում է փոխկապակցել երկու երկրների էներգետիկ ցանցերը, որ Հայաստանի պակասուրդը լրացվի Ադրբեջանի հաշվին, Հայաստանին գցի Ադրբեջանից էներգետիկ կախվածության մեջ։ Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկն անընդհատ ավելանում է, իսկ նոր հզորություններ չեն ստեղծվում։ Ավելին, երբ Ռուսաստանը թանկացնի Հայաստանին մատակարարվող գազի գինը, եւ գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձրանա, կարող է ստացվել մի իրավիճակ, որ Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներմուծելն ավելի ձեռնտու դառնա, քան այստեղ արտադրելը։ Ցանկացած ոլորտում կախվածություն, իսկ էլեկտրաէներգիայի դեպքում՝ առավել եւս, այդ երկիրը դարձնում է խոցելի եւ ենթակա այն երկրին, որից դու կախված ես։

Անդրսահմանային գետերի համատեղ կառավարումն ավելի պակաս վտանգավոր թեմա չէ, որն առաջ է տանում Ադրբեջանը։ Անդրսահմանային են համարվում այն գետերը, որոնք հոսում են մի երկրից մյուսը՝ հատում են երկրների սահմանները կամ գտնվում են երկու երկրների սահմանին։ Օրինակ՝ Ախուրյանը եւ Արաքսը անդրսահմանային են Հայաստանի եւ Թուրքիայի համար, Արաքսը սկիզբ է առնում ներկայիս Թուրքիայի տարածքում, հետո գալիս է մինչեւ հայ-թուրքական սահման եւ դառնում միջսահմանային գետ։ Ախուրյանի դեպքում հակառակն է․ այն սկիզբ է առնում Հայաստանի տարածքում, հետո վերածվում Հայաստան-Թուրքիա սահմանային գետի եւ խառնվում Արաքսին։
Հայաստանը եւ Ադրբեջանն ունեն մի քանի անդրսահմանային գետեր, որոնց՝ բոլորի ակունքներն էլ գտնվում են Հայաստանում, բացի Արաքսից, որը, անցնելով հայ-թուրքական սահմանով, հետո անդրսահմանային է դառնում Հայաստանի եւ Իրանի համար, իսկ ապա՝ նաեւ Իրանի եւ Ադրբեջանի։ Մյուս գետերը` Որոտանը, Աղստեւը եւ Ողջին, սկիզբ են առնում Հայաստանի տարածքում, Աղստեւը միանգամից թափվում է Քուրի մեջ, իսկ Ողջին եւ Որոտանը թափվում են Արաքսի մեջ եւ Արաքսի միջոցով միանում Քուրին։ Հիմա ի՞նչ է ասում Ադրբեջանը` եկեք ստեղծենք աշխատանքային խմբեր, որոնք պետք է զբաղվեն անդրսահմանային գետերի համատեղ կառավարմամբ։ Համատեղ կառավարումը նշանակում է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ համաձայնեցնի, կամ Ադրբեջանը որոշի, թե որքան ջուր է Հայաստանն օգտագործելու իր տարածքով անցնող գետերից կամ, ընդհանրապես` օգտագործելո՞ւ է, թե՞ ամբողջը պետք է ուղարկի Ադրբեջան։

Ադրբեջանը սակավաջրությունից տառապող երկիր է, գլոբալ տաքացումը եւ ջրային ռեսուրսների նվազումն ազդում են այդ երկրի վրա, նաեւ՝ Հայաստանի, բայց՝ ավելի քիչ։ Լինում են տարիներ, որ Ադրբեջանի ջրային համակարգի ամենախոշոր գետից՝ Քուրից այնքան շատ ջուր են վերցնում ոռոգման եւ այլ նպատակներով, որ այն ցամաքում է եւ այդպես էլ չի հասնում Կասպից ծով։ Կասպից ծովն էլ իր հերթին է ցամաքում` ստեղծելով էկոլոգիական խնդիրներ։ Հիմա Ադրբեջանն ասում է, որ մենք պետք է զբաղվենք Արաքսի, Ախուրյանի, Աղստեւի, Որոտանի եւ Ողջիի կառավարմամբ․ համատեղ կառավարումը դա է նշանակում։ Իսկ գործնականում դա արտահայտվելու է այդ գետերից ավելի քիչ ջուր վերցնելու պահանջով, քվոտա են սահմանելու եւ ասելու են, որ դուք ձեր երկրի տարածքում սկիզբ առնող գետերից պետք է ավելի քիչ ջուր վերցնեք, որ ավելի շատ ջուր հասնի մեր երկիր, ձեր գյուղացիները պետք է դաշտերն ու այգիները չոռոգեն, որ այդ ջրով ոռոգվեն Ադրբեջանի դաշտերն ու այգիները, դուք ձեր երկրում չպետք է ջրամբարներ կառուցեք ձեր գետերի վրա, որ ջուրը գա հասնի մեզ։ Օրինակ, Թուրքիան իր տարածքում Արաքսի կամ Ախուրյանի ջրամբարը սնուցող Ղարս գետի վրա վերջին տարիներին ջրամբարներ կառուցեց, որի արդյունքում տարվա ամառային շրջանում Արաքսը գրեթե ցամաքում է, իսկ Ախուրյանի ջրամբար Թուրքիայից եկող ջրի քանակն էապես նվազել է, որից տուժում է Հայաստանի գյուղատնտեսությունը, քանի որ Ախուրյանի ջրամբարը եւ Արաքս գետի ջրերը համատեղ են կառավարվում, բայց Հայաստանը չի կարող Թուրքիային որեւէ պահանջ ներկայացնել, քանի որ թույլ երկիր է, իսկ թույլն ուժեղի մոտ ո՞նց կարող է որպես պահանջատեր հանդես գալ։

Հիմա էլ Ադրբեջանն է իրեն ուժեղ զգում եւ ուզում է փաստացի տիրանալ Հայաստանի ջրային ռեսուրսներին, Փաշինյանն էլ գլխիկոր համաձայնում է, որովհետեւ, եթե չհամաձայնի, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, եւ Փաշինյանի խաղաղության օրակարգը կփլուզվի, ու նա կկորցնի իր իշխանությունը։ Մի բան, առանց որի նրա կյանքը կիմաստազրկվի, իսկ ֆիզիկական գոյությունը կարող է դառնալ անհնար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը

Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը Sun, 15 Nov 2026 19:00:44…

15 րոպե ago

Իրազեկման նոր օր․ Շարունակում ենք ակցիաները՝ ի գործ․ Կարապետյան

Իրազեկման նոր օր․ Շարունակում ենք ակցիաները՝ ի գործ․ Կարապետյան Sun, 15 Nov 2026 18:56:59 +0400…

19 րոպե ago

Քաղաքացիները զանգում էին իրենց հարազատներին․ Նարեկ Կարապետյան

Քաղաքացիները զանգում էին իրենց հարազատներին․ Նարեկ Կարապետյան Sun, 15 Nov 2026 18:47:52 +0400 Քաղաքացիները զանգում…

28 րոպե ago

Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով

Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով Sun, 15 Nov 2026 18:45:36 +0400 Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր…

30 րոպե ago

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել Sun, 15 Nov 2026 18:30:55 +0400 Ռուսաստանը պահանջել է,…

45 րոպե ago

Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել

Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել Sun, 15…

56 րոպե ago