Անձնագրային նոր «գաղափարախոսությունը»

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը»

Sun, 15 Nov 2026 20:15:45 +0400


Հայաստանցիները և հատկապես խորհրդային երկրում ծնված ու հասակ առած իմ տարեկիցները (65+) զարմացած են, թե ինչպես է հնարավոր անձնագրերը ստանալ մասնավոր կազմակերպությունից: Եվ հատկապես այն օֆիսներից, որ տեղակայված են մոլերում, այսինքն առևտրային կենտրոններում: Բայց դա մեր պայմաններում նորմալ է: Եթե երեխան պետք է սովորի, որպեսզի ոչ թե գիտելիք ստանա ու, ինչպես հնում էր ասվում, «մարդ դառնա», այլ լավ ապրի, ապա ինչու այդ նույն երեխան չի կարող անձնագիր ստանալ հենց մոլից: Դա, բնականաբար, անհասկանալի ու աննորմալ երևույթ է իմ տարեկիցների համար: Բայց դե մենք «գնացող» ենք (այն աշխարհ), ու դա հերիք չի, նաև հարց լուծող չենք: Իսկ լավ ապրելուն ձգտող կամ նրան այդ նպատակին ուղղորդող անձանց տեսակետից այդ հարցում որևէ կրիմինալ չկա: Ու հենց այդ երևույթով է նաև դրսևորվում «իրական» Հայաստանի՝ նոր անձնագրերի գաղափարախոսությունը:

Հատկապես որ այս տարվա նոյեմբերի 1-ից գործածության մեջ մտցված երևույթը կրկնօրինակված է եվրոպական պետություններից ու, զարմանալիորեն, նաև Կանադայից: Չնայած հաշվի առնելով, որ այդ պետությունը լիակատար սահմանադրական անկախություն է ձեռք է բերել 1982 թվականին միայն, ապա նրա ներքին կյանքն էլ պետք է կարգավորվեր բրիտանականի նման: Իսկ ԱՄՆ-ում անձնագրային դիմումների ընդունման հիմնական ցանցը պետական փոստային ծառայությունն է (USPS): Ինչպես նաև հանրային գրադարաններն ու քաղաքապետարանները։ ԱՄՆ-ում, իհարկե, գործում են մասնավոր փոստային ընկերություններ. Օրինակ՝ հանրահայտ «FedEx»-ը: Բայց դրանք չեն մասնակցում նշված գործընթացին, քանի որ պետությունը հարգում է ինքն իրեն՝ որպես քաղաքացուն հիմնական պետական փաստաթուղթ հատկացնողի: Բայց դե Հայաստանն ո՜ւր, ինքն իրեն հարգելն ո՜ւր…
Ի տարբերություն հայաստանյան նոր համակարգի, որտեղ քաղաքացին երկու շաբաթ անց երկրորդ անգամ գնում է գրասենյակ փաստաթուղթը վերցնելու, Արևմուտքում պատրաստի անձնագիրը հիմնականում ուղարկվում է քաղաքացու տան հասցեով՝ պատվիրված փոստով։ Այս դեպքում էլ պետությունը ցույց է տալիս, որ հարգում է իր քաղաքացուն: Ինչևէ, տեխնիկական (եթե վերացարկվենք հարգանքի հանգամանքից) պարամետրերից անցում կատարենք անձնագրի «բովանդակությանը», ինչ մասին բազմիցս է խոսվել: Սակայն այն ներկայացնում ենք անձնագրային նոր «գաղափարախոսության» պատկերն ամբողջացնելու նպատակով:

ՀՀ քաղաքացու նոր անձնագիրն, ըստ «իրական» Հայաստանի փաշինյանական գաղափարախոսության, չպետք է լինի կոնֆլիկտածին: Այն է՝ դրանում տեղ չպետք է ունենա բիբլիական Արարատը, որտեղ ջրհեղեղից հետո կանգ է առել բիբլիական Նոյի տապանը: Ոչինչ, որ հայոց՝ շուրջ երկհազարամյա, ինքնության շատ կարևոր բաղադրիչ դուրս է գցվում, կարևորը թուրքերի հետ քիրվայություն հաստատելն է: Ֆեյսբուքում արդեն մեկնաբանություններ են հնչում, թե երբ է, վերջապես, բացվելու Բաքվի ճանապարհը, որպեսզի այցելեն Ադրբեջանի մայրաքաղաք ու նոր քիրվայություններ հաստատեն այնտեղ:

Նոր գաղափարախոսության տեսակետից շատ կարևոր է նաև նոր անձնագրի արժեքը: Այն պետք է անհամաչափ թանկ լինի նախորդից, որպեսզի բոլոր քաղաքացիներն, անկախ իրենց կամքից, պատանի տարիքից վերածվեն «հերոս հարկատուների»: Դա, ենթադրաբար, կբարձրացնի անձնագիր օգտագործողների (դրա սեփականատերը, չմոռանանք, պետությունն է) պատասխանատվությունը: Եվ անձնագիրը կպահպանվի աչքի լույսի նման: Իհարկե, էական չէ, որ շուրջ կամ ավելի, քան 150 հազար ընտանիք ֆինանսական լուրջ խնդիր կունենա այն իր անդամների համար ձեռք բերելիս: Բայց դա վստահորեն հպարտությամբ կլցնի նրանց սրտերը՝ ճիշտ այնպես, ինչպես թանկարծեք որևէ իր ձեռք բերելիս է դա տեղի ունենում: Կարևորը պետբյուջեն լցնելն է, ու դրա հաշվին իրենք իրենց աստղաբաշխական աշխատավարձեր ու պարգևավճարներ հատկացնելը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը»

#Ուղիղ․ Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» Sun, 15 Nov 2026 20:33:28…

12 րոպե ago

Ադրբեջանցիներին վտարում են սեփական տներից հանուն ոսկու՞

Ադրբեջանցիներին վտարում են սեփական տներից հանուն ոսկու՞ Sun, 15 Nov 2026 20:30:19 +0400 Ադրբեջանի մեդիայի…

15 րոպե ago

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Sun, 15 Nov 2026 20:07:03…

38 րոպե ago

Հութիները ներխուժում են

Հութիները ներխուժում են Sun, 15 Nov 2026 20:00:08 +0400 Կիրակի օրը Եմենի կառավարամետ ուժերը հայտարարել…

45 րոպե ago

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Նոյեմբերի 20-ից արգելվում է Sun, 15 Nov 2026 19:45:28 +0400 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի…

60 րոպե ago

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Sun, 15 Nov 2026 19:42:19…

1 ժամ ago