Անձնագրային նոր «գաղափարախոսությունը»
Sun, 15 Nov 2026 20:15:45 +0400

Հայաստանցիները և հատկապես խորհրդային երկրում ծնված ու հասակ առած իմ տարեկիցները (65+) զարմացած են, թե ինչպես է հնարավոր անձնագրերը ստանալ մասնավոր կազմակերպությունից: Եվ հատկապես այն օֆիսներից, որ տեղակայված են մոլերում, այսինքն առևտրային կենտրոններում: Բայց դա մեր պայմաններում նորմալ է: Եթե երեխան պետք է սովորի, որպեսզի ոչ թե գիտելիք ստանա ու, ինչպես հնում էր ասվում, «մարդ դառնա», այլ լավ ապրի, ապա ինչու այդ նույն երեխան չի կարող անձնագիր ստանալ հենց մոլից: Դա, բնականաբար, անհասկանալի ու աննորմալ երևույթ է իմ տարեկիցների համար: Բայց դե մենք «գնացող» ենք (այն աշխարհ), ու դա հերիք չի, նաև հարց լուծող չենք: Իսկ լավ ապրելուն ձգտող կամ նրան այդ նպատակին ուղղորդող անձանց տեսակետից այդ հարցում որևէ կրիմինալ չկա: Ու հենց այդ երևույթով է նաև դրսևորվում «իրական» Հայաստանի՝ նոր անձնագրերի գաղափարախոսությունը:
Հատկապես որ այս տարվա նոյեմբերի 1-ից գործածության մեջ մտցված երևույթը կրկնօրինակված է եվրոպական պետություններից ու, զարմանալիորեն, նաև Կանադայից: Չնայած հաշվի առնելով, որ այդ պետությունը լիակատար սահմանադրական անկախություն է ձեռք է բերել 1982 թվականին միայն, ապա նրա ներքին կյանքն էլ պետք է կարգավորվեր բրիտանականի նման: Իսկ ԱՄՆ-ում անձնագրային դիմումների ընդունման հիմնական ցանցը պետական փոստային ծառայությունն է (USPS): Ինչպես նաև հանրային գրադարաններն ու քաղաքապետարանները։ ԱՄՆ-ում, իհարկե, գործում են մասնավոր փոստային ընկերություններ. Օրինակ՝ հանրահայտ «FedEx»-ը: Բայց դրանք չեն մասնակցում նշված գործընթացին, քանի որ պետությունը հարգում է ինքն իրեն՝ որպես քաղաքացուն հիմնական պետական փաստաթուղթ հատկացնողի: Բայց դե Հայաստանն ո՜ւր, ինքն իրեն հարգելն ո՜ւր…
Ի տարբերություն հայաստանյան նոր համակարգի, որտեղ քաղաքացին երկու շաբաթ անց երկրորդ անգամ գնում է գրասենյակ փաստաթուղթը վերցնելու, Արևմուտքում պատրաստի անձնագիրը հիմնականում ուղարկվում է քաղաքացու տան հասցեով՝ պատվիրված փոստով։ Այս դեպքում էլ պետությունը ցույց է տալիս, որ հարգում է իր քաղաքացուն: Ինչևէ, տեխնիկական (եթե վերացարկվենք հարգանքի հանգամանքից) պարամետրերից անցում կատարենք անձնագրի «բովանդակությանը», ինչ մասին բազմիցս է խոսվել: Սակայն այն ներկայացնում ենք անձնագրային նոր «գաղափարախոսության» պատկերն ամբողջացնելու նպատակով:
ՀՀ քաղաքացու նոր անձնագիրն, ըստ «իրական» Հայաստանի փաշինյանական գաղափարախոսության, չպետք է լինի կոնֆլիկտածին: Այն է՝ դրանում տեղ չպետք է ունենա բիբլիական Արարատը, որտեղ ջրհեղեղից հետո կանգ է առել բիբլիական Նոյի տապանը: Ոչինչ, որ հայոց՝ շուրջ երկհազարամյա, ինքնության շատ կարևոր բաղադրիչ դուրս է գցվում, կարևորը թուրքերի հետ քիրվայություն հաստատելն է: Ֆեյսբուքում արդեն մեկնաբանություններ են հնչում, թե երբ է, վերջապես, բացվելու Բաքվի ճանապարհը, որպեսզի այցելեն Ադրբեջանի մայրաքաղաք ու նոր քիրվայություններ հաստատեն այնտեղ:
Նոր գաղափարախոսության տեսակետից շատ կարևոր է նաև նոր անձնագրի արժեքը: Այն պետք է անհամաչափ թանկ լինի նախորդից, որպեսզի բոլոր քաղաքացիներն, անկախ իրենց կամքից, պատանի տարիքից վերածվեն «հերոս հարկատուների»: Դա, ենթադրաբար, կբարձրացնի անձնագիր օգտագործողների (դրա սեփականատերը, չմոռանանք, պետությունն է) պատասխանատվությունը: Եվ անձնագիրը կպահպանվի աչքի լույսի նման: Իհարկե, էական չէ, որ շուրջ կամ ավելի, քան 150 հազար ընտանիք ֆինանսական լուրջ խնդիր կունենա այն իր անդամների համար ձեռք բերելիս: Բայց դա վստահորեն հպարտությամբ կլցնի նրանց սրտերը՝ ճիշտ այնպես, ինչպես թանկարծեք որևէ իր ձեռք բերելիս է դա տեղի ունենում: Կարևորը պետբյուջեն լցնելն է, ու դրա հաշվին իրենք իրենց աստղաբաշխական աշխատավարձեր ու պարգևավճարներ հատկացնելը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր