Նոր ձեւ են մտածել՝ քաղաքացու գրպանը մտնելու համար
Mon, 16 Nov 2026 12:15:26 +0400
Իշխանությունը նորանոր ձեւեր է փնտրում մարդկանց գրպանը մտնելու համար։ Ներքին գործերի նախարարությունից հաղորդում են, որ նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները։ Ինչ է նշանակում այդ արագացված ծառայությունը։ Այն, որ ձեր փաստաթուղթը կարող եք ստանալ՝
• Երևանում՝ 24 ժամվա ընթացքում,
• Մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։
Բայց այդ ծառայության համար պետք է լրացուցիչ վճարեք եւ ոչ քիչ գումար՝ նույնականացման քարտի համար սահմանված 5950 դրամին ավելանում է 8000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 13 950 դրամ։ Կենսաչափական անձնագրի համար սահմանված 28 650 դրամին ավելանում է 60 000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 88 650 դրամ։
Մինչ հանրությունը բողոքում էր, որ անձնագիր եւ այդի քարտ ստանալը այս իշխանությունը թանկացրել է եւ մարդիկ պետական փաստաթուղթ ստանալու համար ոչ քիչ գումար են վճարում, նրանք լրացուցիչ ձեւեր են մտածում՝ ավելի մեծ գումարներ շորթելու համար։
Նախ՝ անձնագրերի ստացման պրոցեսը բարդացնում են, որոշ դեպքերում այն արդեն ամիսներ ու շաբաթներ է տեւում։ Մարդկանց հյուծում են հերթերում, բարդացնում են օնլայն համակարգով գրանցվելը, ապա մտցնում են արագացված ծառայություններ, որ մարդիկ իրենց առողջությունը խնայելու եւ քաշքշուկների մեջ չընկնելու համար օգտվեն դրանից՝ ահռելի գումար վճարելով պետությանը, որը հետո գնալու է դառնա՝ բարձր աշխատավարձ ու պարգեւավճար անորակ կադրերի, ՔՊ-ական պաշտոնյաների համար։