«Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը»․ Արտակ Զաքարյան
Mon, 16 Nov 2026 17:45:33 +0400
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի։
Մոսկվայի համար ուկրաինական հակամարտությունն անբաժանելի է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև առճակատումից։ ՌԴ-ն պահանջում է ոչ միայն Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակ, այլ նաև Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության վերանայում։
Հանդիպման արդյունքներով, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլին կմիանան նաև եվրոպական որոշ ներկայացուցիչներ։ Ֆորմալ առումով Եվրոպան դուրս չի մնացել գործընթացից, հատկապես՝ ռազմական աջակցության և միջամտության հարցում: Սակայն հարկ է նշել, որ ԱՄՆ-ը շարունակում է առանցքային դեր խաղալ Ուկրաինային հետախուզական տվյալների, սպառազինությունների, տեխնոլոգիաների տրամադրման և ընդհանուր համակարգման գործում։
Աբու Դաբիի բանակցությունները ցույց տվեցին, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է։ Դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների։
ԱԽՏՀ-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) շրջանակում նախատեսվող եռակողմ գագաթնաժողովից առաջ, որը պետք է անցկացվի Չինաստանի Շենժեն քաղաքում, The New York Times-ը հոդված է հրապարակել, որտեղ, հղում անելով իր աղբյուրներին, ներկայացնում է քննարկվելիք՝ այսպես կոչված non-paper-ի (ոչ պաշտոնական փաստաթղթերի) բովանդակությունը։ Դրանում շարադրված են ՌԴ պայմանները, որոնց ընդունման դեպքում Մոսկվան պատրաստ կլինի Ուկրաինայի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր։
Հոդվածի հեղինակների պնդմամբ՝ փաստաթուղթը գրեթե բառացիորեն կրկնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ 2021թ. դեկտեմբերին ներկայացված պահանջը։ Այն ներառում է ՆԱՏՕ-ի ընդլայնման բացառում, Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում «ցանկացած ռազմական գործունեության» արգելում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զորքերի և ռազմակայանների վերադարձ մինչև 1997թ. կարգավիճակի։
Պայմանների ցանկում ավելացվել են նաև պահանջներ Եվրոպայի միջուկային տերությունների՝ մասնավորապես Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վերաբերյալ։
Առայժմ որևէ փաստ չկա, որ ուկրաինական թեման Շենժենում կայանալիք գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերից մեկը կլինի։ Կարծում եմ, որ Չինաստանի նախագահը դժվար թե ցանկանա պարտավորություններ ստանձնել Եվրոպայում կարգավորումների մասով։
Իմ կարծիքով՝ նախագահներ Թրամփի, Սիի և Պուտինի առաջիկա հանդիպման հիմնական ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է լինելու Իրանի, Հորմուզի նեղուցի, նավթամթերքի համաշխարհային գների և միջուկային զինաթափման հարցերի վրա: Սակայն ուկրաինական հարցը բանակցությունների օրակարգից վերջնականապես բացառել նույնպես չի կարելի»։