«Գյումրի» ԲԿ-ի նոր ղեկավարը Երևանից է․ ինչո՞ւ Արմեն Խաչատրյանը չնշանակվեց
Mon, 16 Nov 2026 19:45:47 +0400
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անձամբ է այցելել «Գյումրի» բժշկական կենտրոն՝ աշխատակազմին ներկայացնելու բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանին։
Նշանակումն ուշագրավ է մի քանի առումով։ Նախ՝ Դավիթ Գևորգյանը, թեև ծնունդով Շիրակի մարզից է, մասնագիտական գործունեությունը հիմնականում ծավալել է Երևանում։ Մինչ նշանակումը նա աշխատել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում որպես վիրաբույժ։
Հատկանշական է նաև, որ մինչև վերջին օրերը, երբ լրագրողները նրան հարցնում էին «Գյումրի» ԲԿ-ի տնօրենի պաշտոնում հնարավոր նշանակման մասին, Գևորգյանը հերքում էր նման տեղեկությունների առկայությունը՝ նշելով, որ ինքը նման տեղեկություն չունի։ Մինչդեռ, ինչպես այսօր պարզ դարձավ, հենց նա է ստանձնելու բժշկական կենտրոնի ղեկավարումը։
Նշանակման շուրջ ուշագրավ է նաև փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի հանգամանքը։ Արմեն Իսահակյանի մահից հետո հենց Խաչատրյանն էր այն մարդը, որը փաստացի ապահովում էր բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը։ Նա երկար տարիներ աշխատել է կառույցում, զբաղեցրել ղեկավար պաշտոններ և համարվում էր տնօրենի ամենահավանական թեկնածուներից մեկը։
Սակայն, մեր տեղեկություններով, որոշում է կայացվել այդ պաշտոնում նշանակել Երևանից ժամանած բժշկին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Խաչատրյանին տնօրենի պաշտոնում չնշանակելու պատճառներից մեկը կարող էր լինել նաև նրա մասնագիտական ծանրաբեռնվածությունը։ Նա ներգրավված է բժշկական միջամտություններում, այդ թվում՝ սրտանոթային համակարգի հետ կապված բուժական աշխատանքներում, և մտահոգություն է եղել, որ տնօրենի պարտականությունները ստանձնելու դեպքում այդ ուղղությամբ նրա աշխատանքը կարող է տուժել։
Այսպիսով, Արմեն Իսահակյանից հետո «Գյումրի» բժշկական կենտրոնի ղեկավարումը վստահվել է ոչ թե կառույցի ներսում երկար տարիներ աշխատած և համակարգին քաջատեղյակ մասնագետին, այլ Երևանից հրավիրված բժշկին։