Վենսն Իրանի ու Թրամփի մասին ուշագրավ հայտարարություն է արել
Tue, 17 Nov 2026 12:00:19 +0400
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հարցում ինքը տարաձայնություններ չունի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ոչ, մենք տարաձայնություններ չունենք։ ԱՄՆ նախագահն է որոշումներ կայացնում։ Իհարկե մեզ մոտ` վարչակազմում, բանավեճեր և քննարկումներ են լինում այն մասին, թե կոնկրետ ինչ է պետք անել։ Երբ նախագահը որոշում է ընդունում, նա դիմում է կաբինետին, որն օգնում է դա իրագործելու հարցում», – Fox News-ին ասել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ վարչակազմում այդ հարցի վերաբերյալ որևէ տարաձայնություն չկա։
ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը Իրանի դեմ ռազմական գործողությունը երկարաձգելու մտադրություն չունի և թույլ չի տա, որ այն «պարտավորության» վերածվի 2, 10 կամ 15 տարով։
«Նա (Թրամփը – խմբ.) թույլ չի տա, որ սա անվերջ պատերազմի վերածվի։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են, որ այն անվերջ դառնա, կարող են հարձակվել ինձ վրա այնքան, որքան ցանկանում են, քանի որ մենք պարտավորվել ենք դա թույլ չտալ։ Մենք ԱՄՆ ժողովրդին ասել ենք, որ այլևս որևէ անվերջ պատերազմ չի լինելու», – ասել է Վենսը։