Ավինյանը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին
Tue, 17 Nov 2026 13:21:58 +0400
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ 2021 թվականին բազմաբնակարան շենքերի և բնակելի համալիրների կառուցման համար տրվել է 108 շինթույլտվություն։ Նրա խոսքով՝ ներկայում շահագործման հանձնվող բազմաթիվ շենքեր հենց այդ տարիներին ստացած թույլտվությունների արդյունք են, իսկ հետագա տարիներին նման ծավալի թույլտվություններ չեն տրամադրվել։ Այս մասին Ավինյանը հայտարարել է Երևանի ավագանու նիստում։
Քաղաքապետը կրկին անդրադարձել է մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությանը՝ պնդելով, որ խցանումների հիմնական պատճառը ոչ թե նորակառույց շենքերն են, այլ ավտոմեքենաների թվի աճը։
«Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ինչ են ինձանից ուզում Կառավարությունում, ենթադրում եմ՝ Աննա Հակոբյանի ելույթին են հղում անում։ Այս թեմաները բարձրաձայնվում են տարբեր հարթակներում, այդ թվում՝ ԱԺ-ում՝ «Մայր Հայաստան»-ի նախկին անդամի կողմից, ամեն օր բարձրաձայնում են նաև Ֆեյսբուքում։ Բնական նյարդ կա թեմայի վերաբերյալ, ու դա ունեն բոլորը։ Ես էլ ունեմ այդ նյարդը թեմայի վերաբերյալ։
Այստեղ շատ կարևոր է այդ բնական նյարդը բարձրաձայնենք, արտահայտենք ու արձանագրենք, որ այդ խնդիրն ունենք, որովհետև հենց գանք լուծումների քննարկման փուլին, այս դահլիճում պատկերացնում եմ՝ տրամադրություններն ինչպես են փոխվելու»,- ասել է Ավինյանը։