«Հրապարակ»․ Նիկոլը շատ բարդ վիճակում է հայտնվել՝ ՌԴ-ի հետ կապված, ես կասեի՝ զրոյական իրավիճակում
Wed, 18 Nov 2026 09:45:37 +0400
Հարցազրույց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ
– Նոյեմբերին Փաշինյանը մի քանի անգամ եղավ Եվրոպայում, այցելեց Բրյուսել, Փարիզ, Դուբլին, որտեղ էլ հայտարարեց, որ դեկտեմբերին 3 անգամ այցելելու է Ռուսաստան: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այս եվրոպական վոյաժները, արդյո՞ք ուզում է Մոսկվային ցույց տալ, որ Եվրոպան իրեն աջակցում է, եւ ստիպել, որ Մոսկվան փոխի վերաբերմունքն իր հանդեպ։ Ի՞նչ է անելու Մոսկվայում՝ փո՞ղ է ուզելու, որը Եվրոպայում, ըստ լուրերի, չեն տվել նրան, եւ ի՞նչ սպասենք մոսկովյան այցերից:
– Ռուսաստանը նրան ոչինչ չի տա: Ռուսաստանը թքած ունի Եվրոպայի վրա եւ թքած ունի Փաշինյանի վրա: Պետք է գնահատել ու ընդունել այն, որ Պուտինը միշտ առանձնացնում է Հայաստանի այսօրվա ղեկավարությանը հայ ժողովրդից: Եվ եթե Ռուսաստանը դեռ շարունակում է որեւէ կերպ խոսել Փաշինյանի հետ, ապա դա միայն այն պատճառով է, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանը որոշակի կարեկցանքով ու սրտացավությամբ է վերաբերվում հայ ժողովրդին, որը հայտնվել է այդ դեգեներատների ձեռքում, որոնք ոչնչացնում են հայ ժողովրդին եւ հայոց պետականությունը: Այնպես որ, Նիկոլը, Ռուսաստանի հետ կապված, շատ բարդ իրավիճակում է հայտնվել, ես կասեի՝ զրոյական իրավիճակում եւ զրոյական հնարավորությունների վիճակում: Այնպես, ինչպես Ռուսաստանն այսօր ճնշում է գործադրում ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Արեւմուտքի վրա` իր պայմանները թելադրելով եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցում, այնպես էլ ճնշում է գործադրելու Փաշինյանի վրա: Իսկ Փաշինյանը նահանջելու է Ռուսաստանի առաջ, որովհետեւ նա իր ձեռքում ոչ մի հաղթաթուղթ չունի` ոչ մի կոզիր, առջեւում ունի շատ բարդ իրավիճակ, ինչպես Թրամփը մի անգամ ասաց Զելենսկուն` Դուք ի՞նչ եք այստեղ աքլորանում, Դուք ոչ մի կոզիր չունեք: Փաշինյանը ոչ մի հաղթաթուղթ չունի, չունի ոչ մի երաշխավորված աջակցություն ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ամերիկայի կողմից: Եթե նրա միակ հույսը Թուրքիան ու Ադրբեջանն են, ապա ի՞նչ ասեմ` բարի ճանապարհ, ձեր վրա ոտքեր են մաքրելու, իսկ դուք նրանց համապատասխան մասերն եք լիզելու ու երազեք, որ ձեզ հանգիստ թողնեն: Իսկ ինչո՞ւ նրանք պետք է ձեզ հանգիստ թողնեն․ դա երբեք չի լինելու: Չկա ոչ մի երաշխիք՝ Հայաստանի տարածքային ամբողջականության: Ալիեւը ոչ մի անգամ ձեզ նման երաշխիք չի տվել, չկա ոչ մի երաշխիք, որ նրանք չեն ուղարկի Հայաստան 300 հազար, իսկ ոմանք էլ ասում են՝ մեկ միլիոն ադրբեջանցի: Սյունիքն արդեն փաստացի Հայաստանից դուրս է եւ հայկական իշխանությունների վերահսկողության տակ չէ, կարելի է ասել: Թող ապացուցեն ձեր իշխանությունները, որ իրենք վերահսկում են Սյունիքը: Կարծում եմ՝ Նիկոլն ինքն իրեն է մտցրել փակուղի: Նրա վրա թքած, բայց նա նաեւ հայ ժողովրդին եւ հայոց պետությունն է մտցրել հրեշավոր մի վիճակի մեջ, որից հետո կանգնելու է ե՛ւ հայ ժողովրդի, ե՛ւ հայոց պետականության գոյության հարցը:
– Գազի գնի մասին եմ ուզում հարցնել: Մեր իշխանությունները հայտարարում են, որ գազը եթե անգամ 300 անգամ թանկանա, միեւնույն է, դա մեր բարեկեցության վրա չի ազդի` այլընտրանք կգտնենք: Մյուս կողմից, ռուսական սանկցիաների հետեւանքով տնտեսությունն արդեն 1,5-2 միլիարդ դոլարի վնաս է կրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսույթը:
– Դրանք Փաշինյանի հերթական ստերն են եւ հերթական փորձերը՝ ժողովրդին հանգստացնելու, ասելու, որ լավ է լինելու: Ոչինչ էլ լավ չի լինելու: Եվ, իհարկե, գազի գնի եռակի թանկացումը բացարձակ աղետ է լինելու, հերթական ահավոր հարվածը հայ ժողովրդի բարեկեցությանը: Թող անի: Այսօր Հայաստանի խորհրդարանում, բոլոր հանրային հարթակներում պետք է հնչեն հետեւյալ հարցերը, բոլորը պետք է հարցնեն Փաշինյանին, թե ինչպես է նա լուծելու էներգետիկայի հարցը, ատոմային էլեկտրակայանի հարցը, շուկաների հարցը, որոնք փակ են հայկական ապրանքների համար, ինչպես է լուծելու Սյունիքի նկատմամբ վերահսկողության հարցը: Միլիոն հարց է պետք դնել ու պահանջել, որ նա պատասխանի այդ հարցերին: Բայց, ցավոք, Հայաստանի այսօրվա ընդդիմությունը շատ թույլ ու պասիվ է գործում (вяло), չեմ ուզում ավելի կոշտ բառեր օգտագործել, բայց ոչ մի լավ բան չեմ կարող ասել նրանց հասցեին:
– Իշխանական ճամբարից, նախկին ԱԽՔ-ի շուրթերից այսօր նոր կոնցեպտ ենք լսում՝ որ Հայաստանը դառնա արտաբլոկային, նեյտրալ երկիր, մոտավորապես Շվեյցարիայի նման, ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի մեջ չմտնի, նոմինալ բանակ ունենա: Երկիր, որտեղ մարդիկ առեւտրով ու բիզնեսով կզբաղվեն, կգան-կգնան, եւ ոչ ոք ոչ ոքի տարածքի վրա որեւէ հավակնություն չի ունենա: Որքանո՞վ է կենսունակ այդ մոդելը:
– Բացարձակ կենսունակ չէ: Արմեն Գրիգորյանը չէ՞ր Ալիեւի եւ Էրդողանի համապատասխան տեղերը համբուրում ու համարում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Ո՞ւր է Ղարաբաղը: Նա՝ ինքն էլ Ղարաբաղից է, որքան ես գիտեմ, ո՞ւր են երաշխիքները: Ինչպե՞ս կարելի է հավատալ այդ մարդկանց, որոնք կյանքում երբեք չեն կատարել իրենց որեւէ խոստում: Իմիջիայլոց, պետք է ասել, որ այսօր ո՛չ Ալիեւը, ո՛չ Էրդողանը ոչ մի խոստում կամ երաշխիք չեն տալիս Հայաստանի ղեկավարությանը: Ուստի, այդ մարդիկ մերկապարանոց են, նրանք ստում են, նրանք զբաղվում են դեմագոգիայով, նրանք հայ ժողովրդի գլուխն են արդուկում, հիմարացնում մարդկանց: