Ինչ է առաջարկում Արմեն Գրիգորյանը, ըստ Սերգեյ Մարկեդոնովի
Wed, 18 Nov 2026 10:00:41 +0400
Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունները ռուս փորձագետների մոտ անկեղծ զարմանք են առաջացրել։ Նրա՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունն առաջին հայացքից գրավիչ է թվում։ Սակայն հաճախ մենք ցանկալին հնարավորի հետ ենք շփոթում» արտահայտությանն է անդրադարձել քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Նա, մեղմ ասած, զարմացած է, որ Հայաստանի «թավշյա հեղափոխության» ակունքներում կանգնած անձը, որը բոլորովին վերջերս «Փաշինյանի քաղբյուրոյի» անդամն էր, մասնակցել է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության հիմնադրմանը եւ այլն, այժմ նման հայտարարություն է անում։ Փորձագետը հիշեցնում է․ Գրիգորյանը նախազգուշացրել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների չափազանց սերտացումը կարող է բերել Մոսկվայի պատասխան գործողություններին։ Ու հաշվի առնելով Երեւանի կախվածությունը ռուսական շուկայից, էներգետիկ ռեսուրսներից եւ ռեգիոնալ կոմունիկացիաներից, Մոսկվայի հակադարձ քայլերը կարող են Հայաստանի տնտեսությանը կանգնեցնել լուրջ փորձությունների առաջ։ Այդ ռիսկերն անտեսել չի կարելի։ Մարկեդոնովը նրա տեսակետը հիմնավորված է համարում, սակայն կարծում է, որ կա մի հակասություն, որը Գրիգորյանը չի բացում, այն է՝ ինչքան Երեւանը փորձում է ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, Երեւանին ավելի կախվածության մեջ է դնում Մոսկվայից։ Եվ ապացույցներ է բերում` սկսած առաջին հետխորհրդային նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից։ Այսինքն՝ Գրիգորյանի համար ռուսամետ գիծը «թունելի ծայրին երեւացած լույս» չէ։
Ըստ Մարկեդոնովի, Գրիգորյանի փաստարկների տկարությունն այն է, որ նա մանրամասն ներկայացնում է դեպի Եվրոպա տեղաշարժի գինը, սակայն այդ ճանապարհի այլընտրանքը չի գնահատում։ Իհարկե, տողատակերից հասկացվում է, որ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները` արդյունավետության առումով, այլընտրանք չունեն, սակայն Մոսկվայի հետ հարաբերությունների սերտացումն է նա համարում այն բոլոր աղետալի պարտությունների պատճառը, որոնք Երեւանն ունեցել է վերջին տարիներին։ Հայաստանի նախկին ԱԽՔ-ն առաջարկում է իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ զարգացնելով հարաբերությունները Հնդկաստանի, Չինաստանի, մերձավորարեւելյան եւ կենտրոնաասիական ռեգիոնների երկրների հետ։ Սակայն այստեղ մնում է բաց այն հարցը, թե ով է այդ դեպքում ապահովելու իրական անվտանգային երաշխիքներ Երեւանի համար։ Ըստ ամենայնի՝ Արմեն Գրիգորյանը խոսում է ոչ թե ԵՄ անդամակցության հարցի մասին, այլ հայկական ինքնիշխանության սահմանագծերի։ Իհարկե, Արմեն Գրիգորյանը համոզիչ է այն հարցում, որ եվրոպական ընտրությունը չպետք է վերածվի քաղաքական խաբկանքի կամ քաղաքական ինքնախաբեության, սակայն, ըստ Մարկեդոնովի, նա այնքան էլ համոզիչ չէ, երբ չի կարողանում ռեալ ու փաստարկված այլընտրանքներ առաջարկել։ Մինչդեռ ակնհայտ է, որ հարավկովկասյան ներկա կոնֆիգուրացիայում առանց Մոսկվայի Հայաստանի համար չափազանց բարդ է լինելու, որովհետեւ պարզամիտ չեզոքությունը ո՛չ անվտանգություն կարող է ապահովել, ո՛չ շեշտակի զարգացում՝ կարծում է ռուս քաղաքագետը։