«Թրամփի երթուղին» ՀՀ-ում երկրորդ Հորմուզի նեղուցն է». Իրանը զգուշացրել է Փաշինյանին

«Թրամփի երթուղին» ՀՀ-ում երկրորդ Հորմուզի նեղուցն է». Իրանը զգուշացրել է Փաշինյանին

Wed, 18 Nov 2026 11:22:21 +0400


«Թրամփի երթուղին» ՀՀ-ում երկրորդ Հորմուզի նեղուցն է». Իրանը զգուշացրել է Փաշինյանին։ Բայց ՀՀ վարչապետը կարծես թե լավ չի հասկանում այդ նախազգուշացումները…

Նոյեմբերի 9-ին Իրանի պետական հեռուստառադիոընկերության կողմից հրատարակվող «Ջամ-ե Ջամ» թերթը «Երևանի արկածախնդրությունը Թրամփի քարտեզով» վերնագրով հոդված էր հրապարակել:

«Իրանի ազգային անվտանգության դոկտրինի տեսանկյունից անընդունելի է Սյունիքի մարզում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տնտեսական և վարչական կառույցի հայտնվելը, նույնիսկ եթե սկզբնական փուլում այն ներկայացվում է տարանցման և առևտրի անվան տակ», – ասվում է հրապարակման մեջ:

Պարբերականը նշում է, որ անվտանգության սպառնալիքները պարտադիր չէ, որ սկսվեն ռազմակայանների ստեղծումից։ Ռազմավարական ենթակառուցվածքները և թշնամական տերությունների հետ կապված ցանցերը կարող են հիմք դնել երկարաժամկետ ազդեցության համար:

Նման դիրքորոշում նոյեմբերի 7-ին “Farhikhtegan” թերթում ներկայացրել է վերլուծաբան Մեհդի Սեյֆ-Թավրիզին։ «Թեհրանի մտահոգությունը սկզբունքորեն չի սահմանափակվում ամերիկյան զինված ուժերի հնարավոր տեղակայմամբ։ Խոսքը Իրանի սահմանների անմիջական հարևանությամբ ազդեցության համար ստեղծված մշտական ենթակառուցվածքի ձևավորման մասին է, որը ճգնաժամային ժամանակահատվածներում կարող է օգտագործվել նախնական տնտեսական խնդիրների շրջանակներից դուրս նպատակների համար», – գրել է նա։

Նրա խոսքերով ՝ Իրանի մտահոգությունն էլ ավելի է խորացել ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո։

Նոյեմբերի 17-ին Բեյրութում գործող և Իրանին մոտ “The Cradle” պարբերականում հրապարակված հոդվածում հիշատակվում է նաև Թեհրանի մտահոգությունը TRIPP նախագծի վերաբերյալ։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ալաէդդին Բորուջերդին TRIPP նախագիծն անվանել է «սպառնալիք Իրանի անվտանգության համար՞: «Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ն ձգտում է բուֆերային գոտի ստեղծել, ինչն անընդունելի է Իրանի համար։ Մենք Հայաստանը համարում ենք բարեկամ երկիր, այդ պատճառով էլ մեր մտահոգությունն ենք հայտնում։ Դա պայմանավորված է նրանով, որ «Թրամփի երթուղու» ստեղծումը սպառնալիք է Իրանի ազգային շահերի, ազգային անվտանգության եւ հենց Հայաստանի համար: Մեծ Բրիտանիան արդեն մեկ դար է առաջ է մղում այդ նախաձեռնությունը և մինչ օրս մնում է ստվերում ՝ ԱՄՆ-ին մղելով առաջին պլան»:

Խորհրդարանի մեկ այլ անդամ Քամրան Գազանֆարին “The Cradle” պարբերականին ասել է, որ Թեհրանը մտավախություն ունի, որ տարանցիկ երթուղին կարող է դառնալ ԱՄՆ-ի անմիջական ներկայության միջոցով տարածաշրջանում աշխարհաքաղաքական եւ անվտանգության հավասարակշռության փոփոխման միջոց: Նրա կարծիքով, այս ծրագիրը, թուլացնելով կապը Իրանի և Հայաստանի միջև, կտարածի ԱՄՆ ազդեցությունը երկրի հյուսիսային սահմանների մոտ և կնվազեցնի Իրանի դերը «Կովկասյան հարաբերություններում»:

Գազանֆարին պնդում է, որ Կովկասում Վաշինգտոնի աճող ներկայությունն ուղղված է Ռուսաստանի ավանդական դիրքերի թուլացմանը, եվրասիական երթուղիների երկայնքով Չինաստանի տնտեսական և տարանցիկ շահերի խաթարմանը և տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ուժեղացմանը: Այս պայմաններում Իրանը կարող է համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում ՝ դիվանագիտական համակարգման, «Հյուսիս-Հարավ» միջանցքի ամրապնդման և անվտանգության ոլորտում գնահատականների փոխանակման միջոցով:

Թեհրանի ժամանակակից պատմական հետազոտությունների ինստիտուտի արտաքին քաղաքականության հետազոտությունների խմբի ղեկավար դոկտոր Հոսեյն Ահմադին ընդգծում է, որ «Թրամփի երթուղին» կամ Զանգեզուրի միջանցքը նոր երևույթ չէ։ Ահմադին հետևում է Թուրքիան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու ձգտման ակունքներին մինչև օսմանյան սուլթան Սելիմը ՝ պնդելով, որ Աթաթուրքը հետագայում նմանատիպ նպատակներ էր հետապնդում, ու միայն Խորհրդային միության ստեղծումը ձախողեց այդ ծրագրերը:

Խորհրդային Միության փլուզումից հետո այս գաղափարը ցանկանում էին իրականացնել «Գոբլի պլանի» տեսքով, որն առաջարկել էր ԱՄՆ պետքարտուղարի նախկին խորհրդականը։ Դա կստեղծեր միջանցք, որը նման կլինի այսօրվա «Թրամփի երթուղուն»: Իրանն այն ժամանակ էլ դեմ էր նշյալ ծրագրին։ Ահմադիի խոսքերով ՝ Մոհսեն Ռեզային, որն այն ժամանակ ղեկավարում էր Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը, իսկ այժմ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն է, Վաշինգտոնին զգուշացրել է, որ Թեհրանը ռազմական առճակատման կդիմի, եթե այդ ծրագիրն իրագործվի:

«Այսպիսով, Իրանի հակազդեցությունը Հարավային Կովկասում միջանցքների նախագծերին տասնամյակների պատմություն ունի, եւ Թեհրանը հետեւողականորեն հանդես է գալիս Հայաստանի հետ իր սահմանը վերացնելու կամ ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը Հարավային Կովկասի որեւէ երկրի օգտին փոխելու ցանկացած փորձի դեմ», – նշում է պարբերականը:

Եվրասիայի հարցերով իրանցի փորձագետ դոկտոր Ահմադ Քազեմին «Թրամփի երթուղին» դիտարկում է որպես «երկրորդ Հորմուզի նեղուց», որը կարող է օգտագործվել Հյուսիսային Իրանից ապրանքների և էներգակիրների տեղափոխման համար, և որը ԱՄՆ-ն ցանկանում է պահել Թեհրանի վերահսկողությունից դուրս: Նրա խոսքերով ՝ նույնիսկ առանց ամերիկյան զորքերի այս նախագիծը կարող է աստիճանաբար մերձեցնել Հայաստանը Վաշինգտոնի շահերին ՝ միաժամանակ թուլացնելով Իրանի դիրքերը տարածաշրջանում:

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի ներկայիս հավաստիացումները բավարար չեն առանց օպերատիվ եւ ինստիտուցիոնալ երաշխիքների, ներառյալ ԱՄՆ-ի դերի կոնկրետ սահմանափակումները, սահմանային անցումների կառավարման թափանցիկությունը եւ վեճերի լուծման մեխանիզմի ստեղծումը: «Եթե Հայաստանը կարողանա գործնական և հուսալի երաշխիքներ տրամադրել Իրանին, որ TRIPP-ը սպառնալիք չի ներկայացնի Իրանի անվտանգությանը, ապա Թեհրանը կամրապնդի իր հարաբերությունները Հայաստանի հետ: Բայց եթե Երեւանը պնդի միայն իր ֆորմալ ինքնիշխանությունը եւ անտեսի Իրանի օպերատիվ շահերը, մասնավորապես, ԱՄՆ-ի քաղաքական եւ հետախուզական ազդեցությունը, հարաբերությունները կվատթարանան. «ռազմավարական գործընկերությունից» դրանք կվերածվեն «անհրաժեշտ, բայց լարված հարեւանական հարաբերությունների»: Իրանը կարող է Հայաստանը պահել որպես հարեւան եւ գործընկեր, սակայն Թեհրանի ու Երեւանի միջեւ վստահության վերականգնումը շատ ավելի բարդ կլինի», – նշվում է իրանամետ պարբերականի հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՝ հայկական խորհրդարանի կողմից TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի վավերացումից հետո, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նոյեմբերի 5-ին «Էթելաաթ» թերթում հոդված էր հրապարակել, որում խիստ քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արևմուտքի հետ մերձենալու համար: Նա «Թրամփի երթուղի» նախագծին հավանություն տալն անվանել է «անհիմն և չմտածված» քայլ, որը «խայտառակություն կբերի պատկառելի հայ ժողովրդին», և դրա հետևանքների պատասխանատվությունը բարդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Վելայաթին կրկնել է ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Իրանն իրեն պատասխանատու է համարում տարածաշրջանում անվտանգության պահպանման համար ՝ «Ռուսաստանի հետ կամ առանց Ռուսաստանի»: Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի դեսպանին ասել է հետևյալը. «Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել իրանական այդ կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը»:

Ինչպես տեսնում ենք, Իրանը շարունակում է նախազգուշացնել Հայաստանի կառավարությանը ըստ էության հակահայկական TRIPP ծրագրի վտանգի մասին, որը նույնիսկ ամերիկացի փորձագետների գնահատմամբ նպատակ ունի մասնատել Հայաստանը: Բայց կարծես թե Հայաստանի վարչապետը լավ չի հասկանում այդ նախազգուշացումները…

Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների հրապարակումների

Հղումն՝ այստեղ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆինանսների նախարարը Նարեկ Կարապետյանի երկու հարցին էլ չկարողացավ պատասխանել

Ֆինանսների նախարարը Նարեկ Կարապետյանի երկու հարցին էլ չկարողացավ պատասխանել Wed, 18 Nov 2026 11:49:46 +0400…

9 րոպե ago

Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լինի. նրանք շարունակելու են նորանոր զիջումներ պահանջել

Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լինի. նրանք շարունակելու են նորանոր զիջումներ պահանջել Wed, 18 Nov…

11 րոպե ago

«Հրապարակ». Դպրոցը որոշել են լուծարել. ծնողները դեմ են

«Հրապարակ». Դպրոցը որոշել են լուծարել. ծնողները դեմ են Wed, 18 Nov 2026 11:45:44 +0400 Կառավարության…

13 րոպե ago

Ակցիայի մասնակիցները բանան թողեցին վարչապետին

Ակցիայի մասնակիցները բանան թողեցին վարչապետին Wed, 18 Nov 2026 11:45:36 +0400 Latest news from Հրապարակ…

13 րոպե ago

Նիկոլ Փաշինյան ջան, հանցավորությունը գնալով աճու՞մ ա, թե՞ իրավապահները գործեր են «սարքում»

Նիկոլ Փաշինյան ջան, հանցավորությունը գնալով աճու՞մ ա, թե՞ իրավապահները գործեր են «սարքում» Wed, 18 Nov…

18 րոպե ago

Պուտին-Ծինփին բանակցությունները շարունակվել են

Պուտին-Ծինփին բանակցությունները շարունակվել են Wed, 18 Nov 2026 11:39:06 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և…

20 րոպե ago