«Հրապարակ». Ով մտածում է, որ կարող է Նիկոլի հետ լեզու գտնել, թող հիշի Մասիս Մելքոնյանին
Wed, 18 Nov 2026 11:15:27 +0400
Երեկ իշխանության մի շարք ներկայացուցիչներ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հերթական «նոպան» ունեցան: ԱԽՔ Ալեն Սիմոնյանը Վեհափառին հայտարարեց ազգային անվտանգության դեմ սպառնալիք, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նրան անվանեց «ԿԳԲ գործակալի եղբայր Կտրիճ Ներսիսյան», ինչի դեմ ընդդիմադիրներն ընդվզեցին` սեղաններին հարվածելով, ապա լքեցին նիստերի դահլիճը:
Անդրադառնալով հակաեկեղեցական հերթական հայտարարություններին՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ, ի տարբերություն Հայաստանի ընդդիմության, Փաշինյանը շատ հետեւողական է․ ինքն իր ճանապարհային քարտեզը հրապարակել է եւ ունի երկու լուծելու խնդիր՝ կա՛մ 6 մարդ գողանալ ընդդիմությունից ու գնալ հանրաքվեի, կա՛մ արտահերթի միջոցով գնալ հանրաքվեի, իսկ երկրորդ խնդիրը Վեհափառին հեռացնելն է: Ոմանք կարծում էին, որ վերջին շրջանում մի քիչ կրքերը հանդարտվել են, գուցե Փաշինյանը հասկացել է, որ դա անիրագործելի խնդիր է, ու դրանից հետ է կանգնել, սակայն երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ:
«Ինքը չի նահանջելու, ինքը չի մոռանալու իր ֆիքս իդեաները, ինքը գնալու է իր օրակարգով: Մենք անընդհատ արձագանքում ենք Նիկոլի օրակարգին: Մենք՝ նկատի ունեմ ընդդիմությանը, պիտի ունենա սեփական օրակարգը, որը չպիտի լինի՝ Նիկոլը բանանը Անթալիայից տարավ Դուբլին, թե չտարավ: Ես հասկանում եմ՝ որպես զվարճանքի թեմա եւ որպես դիտումներ ապահովելու թեմա, ինքը շատ կրեատիվ է, բայց արդյո՞ք դա է մեր օրակարգը: Ընդդիմությունը պիտի կարողանա իր օրակարգը ձեւավորել»,- ասում է Զոհրաբյանը:
Վեհափառն էլ պասիվ դիտորդի կարգավիճակում չպիտի լինի՝ պնդում է Զոհրաբյանն ու հավելում, որ այս պահին Վեհափառը որեւէ քայլ չի ձեռնարկում, ինչը շատ դեպքերում իր համար հասկանալի չէ, սեփական իրավունքները պաշտպանելու համար:
«Վեհափառը պիտի դիմի ժողովրդին եւ ասի, որ այս իշխանությունը գրոհ է կազմակերպում` իրեն թիրախ դարձնելով, բայց այդ հարձակման իրական թիրախը մեր հավատքն է: Ես չեմ ուզում մեր հավատքը նույնականացնել Վեհափառի հետ, բայց հասկանալի է, որ արմատները շատ խորն են: Ես երբեք չեմ մոռանալու Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը, որ Հայ առաքելական եկեղեցին ֆաշիստական կառույց է եւ վտանգ է տարածաշրջանային երկրների համար: Վեհափառը պիտի դիմի ժողովրդին եւ ասի, որ այն ամենը, ինչն արվում է իմ անձի հանդեպ, դա իմ դեմ չէ, դա Հայ առաքելական եկեղեցու հանդեպ է եւ պիտի համախմբի ժողովրդին: Ինքը դա չի անում, երեւի մտածում է ինչ-որ տարբերակներով լեզու գտնել իշխանության հետ, իսկ նրանք, ովքեր մտածել են, որ կարող են Նիկոլի հետ լեզու գտնել, թող նայեն Մասիս Մելքոնյանի ճակատագրին, թող նայեն տարբեր գործիչների ճակատագրին, ովքեր ընտրություններին կոտորում էին իրենց Նիկոլի համար, հիմա իրենց զավակները քրեակատարողական հիմնարկներում են»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջին ակնարկը, ըստ ամենայնի, վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որի որդին` Արգամ Աբրահամյանը, քանի ամիս է՝ կալանքի տակ է «Երեւան-Կենտրոնում»: