Մասնագետի կարիք կա
Thu, 19 Nov 2026 09:00:01 +0400
Լուրջ հոգեբաններ, հանրային հոգեբանության եւ սոցիոլոգիայի մասնագետներ, անգամ հոգեբույժներ պետք է աշխատեն մեր երկրում, որպեսզի կարողանան իրավիճակը վերլուծել։ Ասենք, մեկ ամսից ավելի արտերկրյա վոյաժների մեկնած, սիրուն-սիրուն տեղերում եղած, թանկ հյուրանոցներում հանգրվանած, իրեն հաճելի մարդկանց հետ շփված Նիկոլ Փաշինյանի նյարդերն ինչո՞ւ են տեղի տալիս: Ինչպե՞ս է պատահում, որ դրսում ում տեսնում է, շողոքորթ ու քծնական ժպիտ է բացվում դեմքին, ամբողջ մարմնով հնազանդություն ու սեր ճառագում, իսկ գալիս է Հայաստան, հայ մարդկանց է տեսնում` գազազում, սկսում է բղավել, անպարկեշտ արտահայտություններ անել, հիստերիկ շարժումների ու ջղաձգության մեջ ընկնել: Մենք` շարքային քաղաքացիներս, անկարող ենք այս ֆենոմենը բացատրել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում այս մարդու գլխում, հոգում, օրգանիզմում: Գուցե բժշկական օգնության եւ դեղորայքային բուժման կարի՞ք ունի: Բայց մասնագետների մի խումբ էլ պետք է աշխատի՝ հասկանալու համար, թե ինչ է մտածում, ինչ է զգում իր երկրի առաջին դեմքի այս ջղաձգումներն ու այլակերպությունները տեսնող ՀՀ քաղաքացին: Ահա՝ նա հեռուստացույցի առաջ նստած` հետեւում է, թե ինչպես է զայրույթից կարմրատակած Փաշինյանը գոռում` սպառնում եմ, լավ եմ անում: Երեկվա լրագրող, այսօր` պատգամավոր երիտասարդի վրա բղավում է` նստելու ես: Ինչպե՞ս է բացատրում մարդն այս հիստերիան ու աննորմալ պահվածքը, ի՞նչ արդարացումներ է գտնում, ի՞նչ զգացումներ է ունենում` հիանո՞ւմ է, ամաչո՞ւմ է, վրդովվո՞ւմ է, կոտրո՞ւմ է հեռուստացույցը, թե՞ համբուրում է էկրանը: Իսկ տեսանյութի տակ կարդում եմ` այս «կրքոտ հռետորին», կրքերը զսպելու անընդունակ մարդուն մենք ինչպե՞ս էինք պետություն վստահել, այն էլ` միանգամից երկու պետություն: