«Հրապարակ». Ադրբեջանը 2025-ին Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ միլիարդավոր դոլարներ պահանջելով
Thu, 19 Nov 2026 09:45:22 +0400
Դուբլինում Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում նշված էր, որ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը քննարկել են անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցը, որոշել են այդ հարցով աշխատանքային խմբեր ձեւավորել։
Բնապահպանական ոլորտի, շրջակա միջավայրի կառավարման, բնական ռեսուրսների հարցերով փորձագետ Այսեր Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ այս խնդիրը բազմաշերտ է․ Հարավային Կովկասում Հայաստանը բարձր գոտում է՝ ծովի մակարդակից միջինը 1750 մետր բարձրության վրա, մեր տարածքում ձեւավորվող մակերեւույթային ջրերը, տվյալ դեպքում՝ գետերը, հիմնականում Արաքսի եւ Քուռի ավազանի գետերը գնում են դեպի Կասպից ծով, եւ Ադրբեջանն այդ ջրերն օգտագործում է:
«Ջրի խնդիրը գնալով սրվում է, մասնավորապես՝ մեր ռեգիոնում, եթե դիտարկենք կլիմայի փոփոխության շրջանակներում: Տարեկան տեղումները նվազում են, փոխարենը ջերմաստիճանի բարձրացման արդյունքում գոլորշիացումը՝ տրանսպիրացիան ուժեղանում է: Այսինքն՝ օդի, հողի հարաբերական խոնավությունը նվազում է, որը բերելու է կլիմայական գոտիների, դրա հետեւանքով լանդշաֆտների փոփոխության, գյուղատնտեսության մշակաբույսերի վերանայման եւ այլն: Քանի որ մեր ռեգիոնում հիմնական ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն է, ապա շատ տարածքներում, մասնավորապես, Տավուշին հարեւան ադրբեջանական շրջաններում, շատ լուրջ ջրի խնդիր են ունենալու: Այնտեղ նույնիսկ կոնֆլիկտներ են եղել ժողովրդի մեջ` սեզոնին ոռոգման ջրի խնդրի հետ կապված: Եվ հիմա Ադրբեջանը տարբեր հնարավոր միջոցներով փորձելու է թմբկահարել, տորպեդահարել այդ խնդիրները ու Հայաստանից որոշակի զիջումներ կորզել, եթե այսպես գնա: …Մենք շատ դեպքերում ունենք խնդիրներ՝ ջրի որակի հետ կապված: Գիտեք, պարսիկներն անընդհատ ահազանգում էին հանքարդյունաբերության հետեւանքով ջրի որակի փոփոխության, Արաքսի հետ կապված, եւ դա էր նաեւ պատճառը, որ Հայաստանն անդրսահմանային ջրերի, լճերի հետ կապված կոնվենցիան չէր ստորագրում, որովհետեւ լուրջ պարտավորություններ կային եւ դրանցից բխող գործընթացներ, որոնք խնդիրներ էին առաջացնելու Հայաստանի համար: Ադրբեջանը մաս է կազմում այդ կոնվենցիային եւ, ըստ էության, հիմա փորձում է կեղծ համաձայնագրեր ստորագրել Հայաստանի հետ: Կարծում եմ՝ իրենք կպնդեն, որ Հայաստանը դառնա միջազգային այդ գործընթացների մաս, ինչո՞ւ, որովհետեւ հետագայում այդ գործիքակազմը կիրառելու են՝ Հայաստանի դեմ ճնշումներ գործադրելու համար: Օրինակ, Ողջիի հետ կապված են բարձրաձայնում, Ամուլսարի հետ կապված, որովհետեւ Ամուլսարի շահագործումը պոտենցիալ ազդեցություն է ունենալու ոչ միայն Սեւանի, այլեւ, օրինակ, Արփա գետի վրա, որովհետեւ այնտեղ հոսող ջրերը գնում են դեպի Կեչուտ եւ իջնում դեպի Նախիջեւան: Այդտեղ Որոտանի Ծղուկ ջրառատ վտակն է, որն իջնում է մինչեւ Արաքս: Այսինքն, երկու ուղղությամբ լինելու է խնդիր… եթե Հայաստանը ջրի կոնվենցիան չի վավերացրել, ապա վավերացրել ու ստորագրել է ESPO-ի կոնվենցիան, որը վերաբերում է մասնավորապես անդրսահմանային ջրերի կառավարմանը, մոնիտորինգին եւ այլն: Ի՞նչ է դա նշանակում․ եթե դու վերին երկիր ես՝ քո մոտից ջրերը հոսում են դեպի հարեւան երկրներ, եթե դու ինչ-որ գործունեություն ես ծավալում` արդյունաբերական-հանքարդյունաբերական մասերով, եթե ջրերն աղտոտվում են վտանգավոր էլեմենտներով կամ միացություններով, ապա մինչեւ հանքը բացելը դու պետք է դրա ՇՄԱԳ-ը, մյուս կարեւոր կողմերը քննարկես այն հարեւան երկրի հետ, որտեղ հոսելու են այդ ջրերը»,- ասում է Ղազարյանը:
Փորձագետը նկատում է, որ Ադրբեջանն իր շրջակա միջավայրի, բնապահպանության չակերտավոր փորձագետներով անընդհատ, ակտիվորեն իրենց ներքին մեդիա է լցնում նյութեր, թե Հայաստանը խախտել է, Ողջիի խնդիրը կա, Ամուլսարն են բացում, մենք դա չենք քննարկել, չենք համաձայնեցրել իրենց հետ: «Իրենք Բեռնի կոնվենցիայի մասով հայց են ներկայացրել 2025 թվականին, եւ Հայաստանն արդեն ներգրավվել է որպես պատասխանող կողմ, դատական պրոցեսը սկսվել է: Եթե չեմ սխալվում, Ալիեւը նշում էր, որ Լաչինի եւ մյուս հարակից շրջաններում հայերը վերջին 30 տարում հատել, ոչնչացրել, վաճառել են… մոտավորապես 60,000 հա անտառ, մի քանի հանքերի անուններ են տալիս, հիդրոկայաններ են կառուցել, կենսաբազմազանության կարեւոր տեսակներ են ոչնչացրել եւ այդ չակերտավոր փաստագրված նյութերով, որպես Բեռնի կոնվենցիայի վավերացնող կողմ, դիմել են դատարան: Եվ դա նախադեպային է, որ այդ կոնվենցիայի շրջանակներում Հայաստանին դատի են տալիս, խոսք է գնում նաեւ ռեպարացիաների մասին, եթե Հայաստանի դեմ այդ ապացուցական մասը հիմնավորվի, ապա կարող է վճիռ լինել, որով Հայաստանը պարտավորվի միլիարդավոր դոլարներով փոխհատուցում վճարել: Զուգահեռ ասում են՝ «Բեռնի կոնվենցիայով խախտել են, Ողջիի մասով, մյուս գործընթացներով… հիմա էլ Ամուլսարն են սկսել»: Ըստ էության, փորձում են նաեւ պրոցես սկսել այդ ուղղությամբ եւ ջրերի կառավարման մասով, փորձում են ազդել մեր ջրային ռեսուրսների կառավարման վրա եւ ապագայում կարող են շատ-շատ սահմանափակումներ կիրառել: Եթե այս իներցիայով, այս կարգավիճակով մենք շարունակենք, ապա իրենց ցանկացած պնդում կարող է իրականություն դառնալ Հայաստանում»,- ասաց Այսեր Ղազարյանը:
Բայց ադրբեջանցիները նաեւ Հայաստանի տարածքում են հիմնավորվել` Ալ լճերի, Սեւ լճի, Վարդենիսի ու Ջերմուկի։ «Ջերմուկի վերեւում մենք ունենք Ջերմուկի հիդրոլոգիական արգելավայրը, որը նաեւ համարվում է ստորգետնյա ջրային ավազանի կարեւորագույն կուտակման տարածք, խոսքը վերաբերում է հանքային ջրերին, այդ տարածքի որոշակի հատված զավթված է: Մի կողմից՝ զավթել են այդ տարածքը, մյուս կողմից՝ գիտեն, որ Ալ լճերով եւ հարակից` դեպի հարավ-արեւելք տարածքներում մեր կողմ հոսող գետերի ջրերի հոսքերի ձեւավորման ավազաններն են, մտել են նաեւ այդ տարածքները, գրավել են ու կարող են ազդել ե՛ւ աղբյուրների, ե՛ւ գետերի ջրի որակի ու քանակի վրա: Անընդհատ խոսում են խաղաղությունից, բայց շարունակում են դա տիրապետել: Մյուս կողմից էլ, զուգահեռ գործընթաց են սկսում՝ անդրսահմանային ջրերի համատեղ կառավարման մոնիտորինգի մասով: Ցավոք, Հայաստանը հիմա թույլ կողմ է, եւ այդ խմբերն աշխատելու են հօգուտ այն կողմի, որն ունի հաղթող դիրք: Իրենք այդ հարթակներն օգտագործելու են բոլոր խնդիրների մասով բացասական ներգործությունն առաջ տանելու ուղղությամբ»,-շեշտեց փորձագետը:
Այսեր Ղազարյանը կարծում է, որ որոշ հարցեր կկարողանանք լուծել, եթե ծրագրավորված աշխատենք, սակայն նույնիսկ COP17-ի առիթը չօգտագործվեց: Հայաստանը կարող էր գոնե Շիկահողի՝ 1958 թվականից ստեղծված եզակի արգելոցի խնդրի մասին խոսել, բայց չարեց, որեւէ ձեւով միջազգային գործընկերներին չներգրավեցին այդ խնդրի լուծմանը: «Եթե այդ ամենը պրոյեկտենք ջրային ռեսուրսների կառավարման, ջրային էկոհամակարգերի պահպանության մասով, ապա ես չեմ ակնկալում, չեմ հավատում, որ մեր այսօրվա գործադիր իշխանությունը` համապատասխան ինստիտուցիոնալ գործիքներով, ի վիճակի է ինչ-որ հարցեր լուծել՝ ընդհուպ երկկողմանի ձեւաչափերով գործընթացների ընթացքում: Որեւէ լուրջ զարգացում հօգուտ Հայաստանի ես չեմ տեսնում»: Իսկ Ադրբեջանը ծրագրված է գործում` 2020-ից ի վեր, գրավում է Հայաստանի բարձունքները, իր վերահսկողության տակ է վերցնում ջրի աղբյուրներն ու ավազանները: Առաջիկայում էլ կարող է բողոքել, որ Հայաստանն աղտոտում է գետերի ջուրը, որը հոսում է դեպի Ադրբեջան: Եթե կլիմայի չորացման պատճառով ինչ-որ X բնակավայրերի համար մենք ջրամբար կառուցենք` ոռոգման համար, կհայտարարի, որ մենք ջրային տեռոր ենք իրականացնում` նվազեցնում ենք ջրի հոսքն ու խնդիր ենք առաջացնում ադրբեջանցի գյուղացիների համար, նրանց ապրուստն ենք կտրում եւ այլն: Կարող են ասել, որ գյուղերից խմելու ջուրն ենք թունավորել, կամ արոտավայրերի ջրերը խնդիր ունեն` չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել, եւ սա, ըստ փորձագետի, անվտանգային շատ լուրջ խնդիր է: Գործող իշխանությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի՝ մոտ ապագայում այս վտանգներն ու սպառնալիքները նվազեցնելու համար: