«Հրապարակ». Հայրենիքը քարտեզի վրա տեղաշարժվող պատկեր չէ

«Հրապարակ». Հայրենիքը քարտեզի վրա տեղաշարժվող պատկեր չէ

Thu, 19 Nov 2026 12:45:15 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի հոգեւոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:

– Ադրբեջանը նախապայման է դնում, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր սահմանադրությունը։ Փաշինյանը պնդում է, որ սահմանադրությունը փոխելու հարցը մեր օրակարգն է։ Ո՞ւմ եւ ինչի՞ համար է պետք սահմանադրության փոփոխությունը:

– Այդ հայտարարությունների միջեւ կա մի հակասություն, որն արժանի է լուրջ վերլուծության։ Եթե սահմանադրության փոփոխությունը բացառապես Հայաստանի ներքին գործն է, ապա ինչո՞ւ է դրա ընդունումը դարձել Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Իսկ եթե Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ գործող սահմանադրության պայմաններում չի պատրաստվում ստորագրել պայմանագիրը, ապա ինչպե՞ս կարելի է պնդել, որ այդ 2 գործընթացը միմյանց հետ կապ չունեն։ Իրականում գործ ունենք ոչ այնքան սահմանադրական իրավունքի, որքան քաղաքական նպատակահարմարության եւ ուժերի հարաբերակցության խնդրի հետ։ Ադրբեջանը, հղում կատարելով ՀՀ սահմանադրության նախաբանին, որտեղ հիշատակվում է Անկախության հռչակագիրը, փորձում է հասնել դրա վերանայմանը։ Փաստարկն այն է, որ հռչակագրում առկա են դրույթներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն ՀՀ սահմանադրության մեջ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վիճարկող ուղղակի դրույթ։ Հետեւաբար, Ադրբեջանի առաջ քաշած հարցը քաղաքական ճնշման գործիք է։ Իսկ ո՞ւմ է պետք նոր սահմանադրությունը։ Ակնհայտ է, որ դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետեւ Բաքուն ցանկանում է ստանալ ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլեւ Հայաստանի սահմանադրական եւ քաղաքական ինքնության վերաձեւակերպման արդյունք։ Նոր սահմանադրությունը կարող է ձեռնտու լինել նաեւ գործող իշխանությանը՝ պետական կառավարման համակարգը վերակառուցելու եւ քաղաքական նոր իրողություններ ձեւավորելու տեսանկյունից։ Բայց տարանջատենք 2 հարց. արդյո՞ք Հայաստանին իսկապես անհրաժեշտ է նոր սահմանադրություն, դրա ընդունումնը ինչո՞ւ պետք է պայմանավորված լինի Ադրբեջանի քաղաքական դիրքորոշմամբ։ Փաշինյանի պնդումը, թե սահմանադրության հարցն Ադրբեջանի հետ չի քննարկվում, կարող է ճիշտ լինել բանակցային ձեւականության տեսանկյունից, բայց իրականության մեջ կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ է քննարկվում բանակցային սեղանի շուրջ, այլեւ՝ այն, թե ինչ պայմանների առկայության դեպքում է հակառակորդը համաձայն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ավելին՝ 2026 թ. նոյեմբերի 2-ի ելույթում Փաշինյանը խոստովանեց, որ նոր սահմանադրության ընդունման եւ Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է ստանալ հստակ պատասխաններ։ Այսինքն՝ իշխանությունն արդեն իսկ ընդունում է այդ 2 գործընթացի փոխկապակցվածությունը։ Ուստի ես կարծում եմ, որ հասարակությանը պետք է ներկայացնել ոչ թե հակասական հայտարարություններ, այլ պարզ եւ հստակ պատասխան. եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի այս պահանջը, արդյո՞ք Բաքուն կհրաժարվի հետագա նախապայմաններից։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը նոր պահանջներ չեն առաջադրվի։ Պատմական փորձը հուշում է, որ երբ բանակցային գործընթացում կողմերից մեկը մշտապես հանդես է գալիս նոր նախապայմաններով, իսկ մյուսը սահմանափակվում է դրանք բավարարելու պատրաստակամությամբ, դա դժվար է անվանել հավասարակշռված բանակցություններ։ Իմ համոզմամբ՝ Հայաստանի խնդիրը չպետք է լինի ամեն գնով Ադրբեջանի համաձայնությունը ստանալը, այլ այնպիսի խաղաղության հասնելը, որը չի խաթարի մեր պետականության հիմքերը։ Սահմանադրությունը կարող է եւ պետք է փոփոխվի, եթե դա բխում է ՀՀ երկարաժամկետ շահերից։ Բայց այդ որոշումը պետք է կայացվի ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ, ոչ թե այն գիտակցությամբ, որ հակառակ դեպքում Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Ի վերջո, եթե խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է անընդհատ վերանայել սեփական պետական սկզբունքները՝ հարեւանի դժգոհությունը փարատելու նպատակով, ապա պետք է հարց տալ՝ այդ խաղաղությունն ո՞ւմ պայմաններով է կառուցվում եւ որքա՞ն երկար կարող է պահպանվել։ Պետական քաղաքականության մեջ ամենավտանգավոր երեւույթը ոչ թե ինքնին զիջումն է, այլ՝ այն, երբ զիջումը դադարում է լինել գիտակցված ընտրություն եւ վերածվում է քաղաքական անհրաժեշտության։ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, բայց ոչ ամեն գնով։ Որովհետեւ խաղաղությունը, որը չի ապահովում պետության ինքնիշխանությունը, անվտանգության երաշխիքները եւ ապագայի նկատմամբ վստահությունը, կարող է ընդամենը ժամանակավոր դադար լինել ավելի մեծ խնդիրների առաջացման միջեւ։

– Սահմանադրության փոփոխությունները կանխելու նպատակով մի շարք ընդդիմադիր ուժեր համախմբվել են, միասնական օրակարգ ձեւավորել, կհաջողվի՞ նրանց՝ թույլ չտալ նոր սահմանադրության ընդունումը:

– Այդ համախմբումը նոր քաղաքական իրողություն է ստեղծում։ 13 քաղաքական ուժի՝ միասնական օրակարգի շուրջ միավորվելու նախաձեռնությունը ցույց է տալիս, որ սահմանադրության հնարավոր փոփոխության հարցն այլեւս միայն իրավական կամ իշխանություն-ընդդիմություն հակադրության շրջանակներում չէ։ Այն աստիճանաբար վերածվում է պետական ապագայի շուրջ քաղաքական բանավեճի։ Սակայն մի կարեւոր հարց կա. քաղաքական ուժերի միավորումը բավարա՞ր է նոր սահմանադրության ընդունումը կանխելու համար։ Գործող սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն, նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի աջակցությունը։ Այսինքն՝ 105 պատգամավորից` 70 ձայն։ Իշխող ՔՊ խմբակցությունն ունի 64 մանդատ, անհրաժեշտ է եւս 6 պատգամավորի ձայն։ Այս հանգամանքը ընդդիմությանը տալիս է որոշակի խորհրդարանական լծակ։ Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում աջակցել հանրաքվեին։ Բայց խնդրին նայենք ավելի լայն տեսանկյունից։ Հայաստանի նորագույն պատմությունը բազմաթիվ օրինակներ է տվել, երբ տարբեր քաղաքական ուժեր միավորվել են ընդհանուր հակառակորդի կամ քաղաքական նպատակի շուրջ, սակայն դրանք միշտ չէ, որ վերածվել են կայուն հասարակական շարժումների։ Քաղաքական համաձայնությունը դեռեւս ազգային համաձայնություն չէ։ Իմ կարծիքով՝ ընդդիմադիր ուժերի առջեւ այսօր 2 հիմնական խնդիր կա։ Առաջինը․ թույլ չտալ, որ երկրի սահմանադրական ապագան որոշվի արտաքին քաղաքական ճնշումների կամ մեկ քաղաքական ուժի օրակարգի ազդեցությամբ։ Երկրորդը․ հասարակությանը ներկայացնել պետական զարգացման այնպիսի տեսլական, որը դուրս է գործող իշխանությանը քննադատելու շրջանակից։ Եթե ընդդիմությունը սահմանափակվի միայն նոր սահմանադրության դեմ պայքարով, նրա հնարավորությունները սահմանափակ կմնան։ Եթե կարողանա ձեւավորել միասնական ծրագիր՝ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, պետական կառավարման, տնտեսական զարգացման, ազգային ինքնության պահպանման հարցերում, ապա համախմբումը կարող է ձեռք բերել ավելի լայն հասարակական նշանակություն։ Միեւնույն ժամանակ, ընդդիմությունը պետք է խուսափի մեկ այլ ծայրահեղությունից՝ սահմանադրության ցանկացած փոփոխություն ինքնաբերաբար անընդունելի համարելուց։ Պետության հիմնական օրենքը կարող է կատարելագործվել, բայց դա պետք է բխի ՀՀ պետական շահերից եւ իրականացվի հասարակական, քաղաքական լայն համաձայնությամբ։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ իշխանությունը կարող է փորձել այդ հարցը լուծել արտահերթ ընտրություններով։ Փաշինյանը չի բացառել նման տարբերակը։ Հետեւաբար, ընդդիմության համար կարեւոր է ոչ միայն ԱԺ-ում անհրաժեշտ ձայներ չապահովելը, այլեւ հասարակության հետ վստահելի քաղաքական երկխոսություն ձեւավորելը։ Կհաջողվի՞ ընդդիմությանը՝ կանխել նոր սահմանադրության ընդունումը` այսօր պատասխանելը վաղաժամ է։ Անհրաժեշտ է տեսնել նախագծի բովանդակությունը, քաղաքական ուժերի իրական վարքագիծը եւ հասարակության արձագանքը։ Բայց մի բան ակնհայտ է. սահմանադրական փոփոխության հարցը չպետք է վերածվի իշխանության վերարտադրության կամ ընդդիմության քաղաքական գոյության պայքարի։ Այն պետք է դառնա Հայաստանի ապագայի վերաբերյալ համազգային քննարկման առարկա։ Ինձ համար ամենակարեւոր հարցը սա է. մեր քաղաքական ուժերն ի վիճակի՞ են մի կողմ դնելու անձնական հավակնությունները եւ կուսակցական շահերը՝ հանուն պետության երկարաժամկետ շահերի։ Որովհետեւ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ եւս մեկ քաղաքական գործընթաց, որի ավարտին հաղթողը լինեն քաղաքական ուժերը, իսկ պարտվողը՝ պետությունը։ Սահմանադրությունը որեւէ իշխանության սեփականությունը չէ, այլ պետության եւ ժողովրդի միջեւ հիմնարար համաձայնություն եւ չի կարող ձեւավորվել առանց ժողովրդի ազատ կամարտահայտության, ազգային շահերի գիտակցման եւ քաղաքական պատասխանատվության։

– Փաշինյանն ասում է, որ Արծվաշեն գյուղը պետք է վերադարձվի մեզ, Տիգրանաշենը` նրանց։ Ինչպե՞ս եք այդ հայտարարություններին վերաբերվում:

– Երբ երկրի ղեկավարը խոսում է Արծվաշենի մասին, թե գյուղը մի փոքր աջ, մի փոքր ձախ կտեղափոխենք՝ Հայաստանի հետ անմիջական կապ ապահովելու համար, բնական հարց է ծագում. արդյո՞ք պետական տարածքի եւ հայրենիքի մասին կարելի է խոսել նման թեթեւությամբ։ Արծվաշենը պարզապես աշխարհագրական կետ չէ, որը կարելի է քարտեզի վրա տեղաշարժել՝ սահմանագծման տեխնիկական խնդիր լուծելու համար։ Այն ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է, մեր պատմության մի հատված, մեր հայրենակիցների հիշողությունը եւ պետականության շարունակականության խնդիր։ Իհարկե, սահմանազատումը ենթադրում է բարդ բանակցություններ, փոխհամաձայնություններ, երբեմն՝ տարածքային առանձին հարցերի կարգավորում, սակայն նույնիսկ ամենաբարդ բանակցություններում գոյություն ունեն սկզբունքներ, որոնք չպետք է վերածվեն քաղաքական սակարկության առարկայի։ Արծվաշենի հարցում պետք է խոսել ոչ թե գյուղը քարտեզի վրա տեղափոխելու, այլ Հայաստանի տարածքային ամբողջականության, բնակիչների վերադարձի իրավունքի, սեփականության եւ անվտանգության երաշխիքների մասին։ Երկրի ղեկավարը պարտավոր է յուրաքանչյուր բառի մեջ արտահայտել պետականության գիտակցություն։ Նրա խոսքը պետք է ամրապնդի հասարակության վստահությունը, ոչ թե ստեղծի տպավորություն, թե երկրի տարածքային խնդիրները կարելի է լուծել աշխարհագրական պարզունակ հաշվարկներով։ Կա նաեւ ավելի խորքային խնդիր։ Երբ պետությունը բանակցություններում իր տարածքի հարցերը ներկայացնում է բացառապես գործնական հարմարության տեսանկյունից, վտանգում է կորցնել սկզբունքային դիրքորոշման եւ ժամանակավոր պայմանավորվածության միջեւ եղած սահմանը։ Պետք է հասկանալ՝ սահմանազատումը քարտեզի վրա գծեր անցկացնելու գործողություն չէ միայն։ Դա 2 պետությունների միջեւ իրավական եւ քաղաքական պատասխանատվության հաստատման գործընթաց է, որտեղ Հայաստանի շահը պետք է լինեն մեր ինքնիշխան իրավունքների լիարժեք ճանաչումն ու պաշտպանությունը։ Ի վերջո, մի հարց. եթե այսօր Արծվաշենն են աջ ու ձախ տեղափոխում, վաղը ո՞ր տարածքի մասին են խոսելու նույն տրամաբանությամբ։ Պետական գործիչը կարող է քննարկել փոխզիջումներ, բայց պարտավոր է հասարակությանը բացատրել դրանց գինը, իրավական հիմքերը եւ երկարաժամկետ հետեւանքները։ Հայրենիքը քարտեզի վրա տեղաշարժվող պատկեր չէ, իսկ պետության ղեկավարի առաջին պարտականությունը՝ հայրենիքի տարածքի յուրաքանչյուր հատվածի համար պատասխանատվություն կրելը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն Thu, 19 Nov 2026 12:15:03 +0400 Նոյեմբերի 14-ին…

56 րոպե ago

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Thu, 19 Nov 2026 12:00:50 +0400 Ադրբեջանում․ Շիրվան կայարանից 32 կմ…

1 ժամ ago

Ղրիմի կամուրջը փակվել է հարձակումից հետո

Ղրիմի կամուրջը փակվել է հարձակումից հետո Thu, 19 Nov 2026 12:00:18 +0400 Ղրիմի կամրջի երթևեկությունը…

1 ժամ ago

«Հրապարակ». Դու ի՞նչ կապ ունես մեր մանկապարտեզի հետ

«Հրապարակ». Դու ի՞նչ կապ ունես մեր մանկապարտեզի հետ Thu, 19 Nov 2026 11:45:38 +0400 Նոյեմբերի…

1 ժամ ago

Ողբերգական դեպք` Արմավիրում. փեսան սպանել է աներձագին

Ողբերգական դեպք` Արմավիրում. փեսան սպանել է աներձագին Thu, 19 Nov 2026 11:44:57 +0400 Արմավիրի մարզի…

1 ժամ ago

Պուտինի ավտոշարասյունը մեծ իրարանցում է առաջացրել

Պուտինի ավտոշարասյունը մեծ իրարանցում է առաջացրել Thu, 19 Nov 2026 11:30:09 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

2 ժամ ago