Պուտինի հետ հանդիպմանը կարող է քննարկել «Հարավկովկասյան երկաթուղու» հարցը
Thu, 19 Nov 2026 13:20:09 +0400
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ դեկտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման օրակարգում ընդգրկվի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրի հարցը։ Այս մասին վարչապետը հայտնել է այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի երկաթուղային համակարգը արդիականացնելու համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական ներդրումներ, և այժմ հիմնական հարցն այն է, թե արդյոք «Ռուսական երկաթուղիները» պատրաստ են ապահովել այդ ներդրումների անհրաժեշտ ծավալը։
Նա նշել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հայկական կողմն արդեն բարձրացրել է կոնկրետ պատասխաններ ստանալու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով էլ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է հստակեցնի առկա հարցերը։
Վարչապետի խոսքով՝ եթե ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ ներդրումներ կատարել և Հայաստանի երկաթուղին հասցնել մրցունակության համապատասխան մակարդակի, ապա խնդիր չկա։ Հակառակ դեպքում Հայաստանը ստիպված կլինի այլ ներդրողների փնտրել։