Հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը՝ նոր պահանջների պայմաններում
Thu, 19 Nov 2026 18:45:50 +0400
Նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ն, Ավստրալիան, Հնդկաստանը, Իսրայելը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Կատարը, Սինգապուրը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Միացյալ Թագավորությունը ստորագրեցին արհեստական բանականության (ԱԲ) զարգացումն ապահովող տեխնոլոգիաների եւ ենթակառուցվածքների պաշտպանության մասին Սան Ֆրանցիսկոյի հռչակագիրը։ Փաստաթուղթն ընդունվել է Pax Silica ամերիկյան նախաձեռնության շրջանակում, որի նպատակն ԱԲ ոլորտի համար հուսալի մատակարարման շղթաների ձեւավորումն է։ Այն ընդգրկում է կիսահաղորդիչները, կրիտիկական նշանակության հանքանյութերը, էներգետիկան, կապն ու լոգիստիկան։ Չինաստանի հետ սրվող տեխնոլոգիական մրցակցության պայմաններում մասնակիցները մտադիր են համատեղ պաշտպանել զգայուն տեխնոլոգիաները եւ նվազեցնել առանձին մատակարարներից վտանգավոր կախվածությունը։
Հայաստանի համար այս նախաձեռնությունը ներդրումներ ներգրավելու եւ առաջատար տեխնոլոգիաների հասանելիությունն ընդլայնելու հնարավորություն է ստեղծում։ Միաժամանակ այն ցույց է տալիս, որ նման համագործակցությունն ավելի սերտորեն է կապվում ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգային պահանջների հետ։ Կարեւորվում են ինչպես բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունն ու ներդրումային պայմանների գրավչությունը, այնպես էլ տեխնոլոգիաների պաշտպանությունն ու ենթակառուցվածքների հուսալիությունն ապահովելու պետության կարողությունը։
ՀՀ-ն արդեն ունի համագործակցության հիմք․ 2026թ. հունիսին ստորագրվել է ԱԲ ոլորտում գործընկերության մասին հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունը, որը նախատեսում է հետազոտությունների, տվյալների կենտրոնների եւ հաշվողական հզորությունների զարգացում։ Համագործակցության գործնական ուղղություններից է Firebird AI նախագիծը։ Սակայն այս պայմանավորվածություններին առայժմ չի հաջորդել ՀՀ-ի միացումը Սան Ֆրանցիսկոյի նոր հռչակագրին․ հրապարակված ցանկում Հայաստանը ներառված չէ։ Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունն ինքնաբերաբար չի ապահովում ՀՀ ներգրավումը բազմակողմ նոր ձեւաչափերում։ Ուստի ցանկալի է հստակեցնել այդ ձեւաչափին Հայաստանի մասնակցության պայմաններն ու հեռանկարները։
Ինչպես նշել եմ այս խնդրին նվիրված հոդվածում, Հայաստանի ռազմավարական շահն ամերիկյան տեխնոլոգիաների հասանելիությունն ազգային գիտատեխնոլոգիական կարողությունների զարգացմանը, սեփական տեխնոլոգիական արտադրանքի ստեղծմանը եւ արտահանման եկամուտների ավելացմանը ծառայեցնելն է։ Հաշվողական ենթակառուցվածքների տեղակայումը պետք է ուղեկցվի հայկական ինժեներական թիմերի ձեւավորմամբ ու զարգացմամբ, համատեղ հետազոտություններով եւ հայկական ընկերություններին տրվող պատվերներով։ Անհրաժեշտ է ապահովել հաշվողական ռեսուրսների հասանելիությունը հայկական առաջատար համալսարանների եւ ստարտափների համար։
Հիմնական արտաքին մարտահրավերը տեխնոլոգիաների հասանելիության կանխատեսելիությունն է։ Սարքավորումների մատակարարումն ու դրանց ժամանակին արդիականացման հնարավորությունները կախված են ԱՄՆ-ի արտահանման կարգավորումներից։ Համագործակցության խորացումը կպահանջի վերջնական օգտագործողների նկատմամբ վերահսկողության ուժեղացում եւ զգայուն տեխնոլոգիաների՝ երրորդ կողմերին չարտոնված փոխանցումը կանխելու լրացուցիչ կարգավորումներ։ Այսպիսով, խնդիրն առնչվում է նաեւ «տեխնոլոգիական ազդեցության գոտու» ընտրությանը՝ մեկ կենտրոնից կախվածության խորացման եւ այլ գործընկերների հետ համագործակցության սահմանափակման ռիսկերով։ Ուստի ՀՀ կառավարությունը պետք է նախապես գնահատի ստանձնելիք պարտավորությունները եւ դրանց համատեղելիությունը միջազգային այլ գործընկերությունների հետ։
Ներդրումների օգուտը սահմանափակ կլինի, եթե Հայաստանի մասնակցությունը հանգի սարքավորումների տեղակայմանն ու սպասարկմանը։ Հաջողությունը պայմանավորված է երկրի սեփական տեխնոլոգիական ներուժի աճով, այլ ոչ միայն տվյալների կենտրոնների հզորությամբ եւ դրանց հայկական հասցեով։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան