Ընտրություններից հետո քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումները նոր թափ են ստանում․ զեկույց
Fri, 20 Nov 2026 11:48:06 +0400
Նոր զեկույցը փաստագրում է քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ընտրովի քրեական հետապնդումը՝ կոռուպցիայի դեմ պայքարի քողի ներքո։
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՛լ ավելի է ընդլայնել երկրի առաջատար ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումները՝ օգտվելով գործադիր և օրենսդիր իշխանությունների նկատմամբ իր գրեթե լիակատար վերահսկողությունից և չարաշահելով մինչդատական կալանքի ու գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը (IODA)։
Այսօր հրապարակված՝ «Օրենքը՝ որպես զենք․ հետընտրական Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների սրումը» անգլերեն զեկույցում IODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքն ընդդիմության դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելու պրակտիկան։ Կազմակերպությունը նաև կոչ է անում միջազգային համապատասխան կառույցներին Հայաստանին ցուցաբերվող շարունակական ֆինանսական և քաղաքական աջակցությունը պայմանավորել իրավունքի գերակայության խիստ չափանիշների պահպանումով։
«Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի քողի ներքո պատժում է իր քաղաքական ընդդիմախոսներին՝ նրանց կալանքի տակ պահելով առանց մեղադրական դատավճռի և զրկելով գույքից՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի նույնիսկ նվազագույն երաշխիքների պահպանման»,– հայտարարել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոնը։ «Իր ընդդիմախոսներին թիրախավորելու՝ կառավարության գործելակերպը ավելի շատ վկայում է քաղաքական գերիշխանություն հաստատելու արշավի, քան կոռուպցիայի դեմ իրական պայքարի մասին»։
Զեկույցի հիմքում 2026 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած IODA-ի փաստահավաք առաքելության արդյունքներն են։ Առաքելության նպատակն էր ուսումնասիրել մարդու իրավունքների վիճակը 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի 105 մանդատից ստացել էր 64-ը։ Սա IODA-ի երրորդ առաքելությունն էր Հայաստանում՝ նպատակ ունենալով փաստագրել քաղաքացիական և քաղաքական իրավունքների շարունակական վատթարացումը։
Առաքելության ընթացքում IODA-ն հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ քրեական մեղադրանքների առաջ կանգնած անձանց, քրեական և քաղաքացիական վարույթներում ներգրավված հոգևորականների, փաստաբանների, իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ։ ՀՀ պետական մարմինները մերժել են IODA-ի՝ պատվիրակության հետ հանդիպումներ կազմակերպելու դիմումները։
IODA-ի ուսումնասիրությունը կենտրոնացած էր երկրի երեք հիմնական ընդդիմադիր դաշինքների ղեկավարների, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների և կալանքի կիրառման իրավական ու փաստական հիմքերի վրա։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իշխող կուսակցությունը, փաստացի վերահսկողություն ունենալով դատական և դատախազական համակարգերի նկատմամբ, օգտագործում է այդ վերահսկողությունը՝ ընդդիմադիր գործիչներին և հոգևորականներին միտումնավոր ու ընտրողաբար թիրախավորելու և նրանց դեմ անհիմն մեղադրանքներ առաջադրելու համար։ Կառավարությունը լայնորեն կիրառում է մինչդատական կալանքի և գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը՝ քաղաքական ընդդիմախոսներին կալանքի տակ պահելու, ինչպես նաև նրանց և նրանց ընտանիքի անդամներին գույքից զրկելու նպատակով։ Այս ամենն իրականացվում է առանց մեղավորությունը հաստատող դատական վճռի և առանց դատական պատշաճ վերահսկողության ու իրավական ընթացակարգի բավարար երաշխիքների։
«Փաստագրված ձերբակալությունները, մինչդատական կալանքի մասին որոշումները, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման դեպքերն ու կարգավորող միջամտությունները ոչ թե իրարից անկախ իրավակիրառ գործողություններ են, այլ վկայում են վարչական և դատական համակարգերի համակարգված օգտագործման մասին՝ որպես քաղաքական ճնշման գործիքի»,– նշել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Խոսե Մարիա Արանասը։ «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտահոգված լինի օրենքի ընտրովի կիրառմամբ, դատական անկախության թուլացմամբ և քաղաքական բազմակարծության համար տարածքի շարունակական նեղացմամբ»։
Զեկույցի հիմնական եզրակացությունները
1. Մինչդատական կալանքի մասին օրենսդրության չարաշահում։
Դատախազությունը մինչդատական կալանքի կիրառման իր լիազորությունները վերածել է քրեական հետապնդման սովորական գործիքի՝ տարբեր մեղադրանքներով անցնող քաղաքական ընդդիմախոսներին երկար ժամանակ կալանքի տակ պահելու համար։ Դատարանները, որպես կանոն, առանց յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքներն առանձին գնահատելու, ընդունում են դատախազության ներկայացրած՝ գրեթե նույնական, ձևանմուշային հիմնավորումները՝ կալանքի անհրաժեշտության վերաբերյալ։ Կառավարությունը չարաշահում է նաև խափանման միջոցների կիրառման կանխարգելիչ մեխանիզմները՝ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների և Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ երկրից դուրս գալու արգելքներ սահմանելու համար։ Վերջիններիս նկատմամբ իրականացվող քննությունները, ըստ զեկույցի, քաղաքական շարժառիթներ ունեն։
2. Գույքի բռնագանձման մասին օրենսդրության չարաշահում։
Պետական իրավասու մարմինները համակարգված կերպով կիրառում են առանց մեղադրական դատավճռի՝ քաղաքացիական վարույթի շրջանակում գույքի բռնագանձման, ինչպես նաև «հանրության գերակա շահի» հիմքով գույքի օտարման մեխանիզմները՝ քաղաքական ընդդիմախոսներին և խոշոր անկախ տնտեսական դերակատարներին իրենց գույքից զրկելու նպատակով։ Այս մեխանիզմները, հեռու լինելով չեզոք հակակոռուպցիոն գործիքներ լինելուց, ներառում են 1991 թվականից սկսվող ժամանակահատվածի հետադարձ ուսումնասիրություններ, ապացուցման բեռի հակադարձում և մինչև դատական ակտի կայացումը ընկերությունների նկատմամբ վերահսկողության ստանձնում։ Արդյունքում թիրախավորված անձինք անմիջապես զրկվում են իրենց ֆինանսական միջոցներն ու տնտեսական գործունեությունը տնօրինելու հնարավորությունից։
Այս չարաշահումներն առավել խորանում են Հակակոռուպցիոն դատարանում պատշաճ իրավական ընթացակարգի կառուցվածքային թերությունների պատճառով։ Դրանց թվում են գործադիր իշխանության ուղղակի ճնշումները և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքները, ինչպես նաև պետական տուրքի չափազանց բարձր դրույքաչափերը, որոնք հաշվարկվում են գույքային պահանջի արժեքից և վերաքննության փուլում կարող են հասնել 4–5 տոկոսի։ Արդյունքում բանկային հաշիվները սառեցված անձինք փաստացի զրկվում են վերաքննության դիմելու հնարավորությունից։ Այս գործելակերպերը խախտում են սեփականության իրավունքի, անմեղության կանխավարկածի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանված՝ իրավունքներն ու ազատությունները ոչ իրավաչափ նպատակներով սահմանափակելու արգելքի վերաբերյալ միջազգային չափանիշները։
3. Դատական և դատախազական անկախության խաթարում։
Գործադիր իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, համակարգված կերպով խաթարել է դատական իշխանության, դատախազության և վերահսկողության առանցքային ինստիտուտների անկախությունը՝ դրանք վերածելով քաղաքական հետապնդումների համար օգտագործվող ենթակա կառույցների։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևականորեն անկախ մարմիններում առանցքային պաշտոններում նշանակել է գործադիր իշխանությանը հավատարիմ անձանց։
Դատավորները ենթարկվում են լուրջ ճնշումների՝ նրանց նկատմամբ նպատակային կարգապահական վարույթներ հարուցելու, աշխատավարձերը նվազեցնելու և վարչապետի կողմից պաշտոնանկության հրապարակային սպառնալիքների միջոցով։ Նման պայմաններում դատավորները ստիպված են մեխանիկորեն բավարարել դատախազության՝ կալանք կիրառելու միջնորդությունները և մինչև դատական վճռի կայացումը գույքի վրա արգելանք դնելու պահանջները։ Միևնույն ժամանակ, Գլխավոր դատախազությունը և մասնագիտացված իրավապահ մարմինները պարբերաբար քրեական վարույթներ են նախաձեռնում գործադիր իշխանության հանձնարարականներից կամ խորհրդարանում տեղի ունեցած քաղաքական բախումներից անմիջապես հետո՝ օրենքը ընտրողաբար կիրառելով քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։
Ինչպես մանրամասն ներկայացված է զեկույցում, այս մեխանիզմների կիրառմամբ ընտրովի քրեական հետապնդման են ենթարկվել, ի թիվս այլոց, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանը, Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Հայաքվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Կառավարությունը շարունակում է նաև աննախադեպ քրեական հետապնդումների և մինչդատական կալանքի կիրառման արշավը Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության նկատմամբ։ IODA-ի ուսումնասիրությունը ներառել է զուգահեռ ընթացող մի շարք քրեական գործեր՝ Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված գործը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ քրեական հետապնդումը, որի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված են ևս 17 աշխարհականներ, ինչպես նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի դեմ հարուցված առանձին գործերը։ Այս գործերի ուսումնասիրությունը բացահայտել է վարչապետին քննադատող կամ Ամենայն Հայոց կաթողիկոսին հավատարիմ հոգևոր առաջնորդներին պատժելու համակարգված միտում։
IODA-ի առաջարկությունները
IODA-ն կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝
մինչդատական կալանքը կիրառել բացառապես որպես ծայրահեղ միջոց՝ դրա անհրաժեշտությունը հիմնավորելով յուրաքանչյուր գործի անհատական հանգամանքներով, այլ ոչ թե ընդհանրական և ձևական պատճառաբանություններով,
Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցությունների միջոցով հիմնովին վերանայել 2020 թվականին ընդունված՝ քաղաքացիական վարույթի շրջանակում գույքի բռնագանձման մասին օրենքը,
երաշխավորել դատական իշխանության անկախությունը՝ դադարեցնելով գործադիր իշխանության ճնշումները և Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես քաղաքական ազդեցության գործիքի օգտագործումը։
IODA-ն նաև կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Եվրոպական միությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝
Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական և քաղաքական աջակցությունը պայմանավորել իրավունքի գերակայության խիստ չափանիշների պահպանմամբ,
քաղաքացիական հասարակության մասնակցությամբ ստեղծել պարտադիր եռամսյակային մշտադիտարկման մեխանիզմներ,
գործուղել ՄԱԿ-ի և ԵՄ-ի հրատապ փաստահավաք առաքելություններ,
հրապարակայնորեն դատապարտել քաղաքական շարժառիթներով իրականացվող քրեական հետապնդումները։