«Հրապարակ». Ինձ առաջարկեցին հանդես գալ պետության պաշտպանի դերում
Fri, 20 Nov 2026 13:15:23 +0400
Մեր զրուցակիցը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն է։
– Շուրջ մեկ ամիս առաջ Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գլխավոր դատախազության հայցը՝ Ձեր բուժման համար պետության հատկացրած 20 մլն 500 հազար դրամը 3 դատապարտյալներից բռնագանձելու պահանջով։ Գումարը հատկացվել է 2013-ին, Ձեր՝ իբրեւ նախագահի թեկնածուի դեմ մահափորձից հետո, արտերկրում Ձեր բուժումը կազմակերպելու նպատակով։ Նախ, տարիների հեռվից, իրապե՞ս կարծում եք, թե Ձեր դեմ մահափորձը նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն էր պատվիրել։
– Ես ստացել եմ եւ օգտագործել եմ վիրահատության ու բուժումների համար միայն 16 մլն դրամ, որն իմ ապաքինման ծախսերի միայն մի մասն էր։ Մնացյալը հոգացել են ընկերներ, բարեկամներ եւ համակիրներ։ Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, աշխարհով մեկ ընդունված է, որ հանցանք կատարած անձն ու անձինք ոչ միայն պատժվում են, այլեւ փոխհատուցում են (տվյալ դեպքում) պետությանը տված վնասը։ Դատավարության ժամանակ, չգիտես ինչու, պետական մեղադրողը չընդառաջեց մեր այդ պահանջին, ավելին՝ ինձ առաջարկեցին հանդես գալ պետության պաշտպանի դերում։ Ինձ անհասկանալի է այս նախկին հանցախմբի երեք անձանց մահափորձի հետ առնչության վերաբերյալ հարցը։ Նրանք դատապարտվել են, որոշ ժամանակ անցկացրել են կալանավայրերում, հետո հրապարակավ ներողություն են խնդրել եւ իմ համաձայնությամբ ներման են արժանացել։ Այնպես որ, այդ ուղղությամբ հարց ընդհանրապես գոյություն չունի։ Իհարկե, նրանք ունեցել են պատվիրատուներ, եւ գործում առկա է 100 հազար դոլարի փոխանցման փաստը։ Կան նաեւ այլ ոչ պաշտոնական, սակայն հրապարակային աղբյուրներ, ըստ որոնց՝ 1.5 մլն դոլար է ետ պահանջվել․․․
– Նույն մեղադրյալի` Վարդան Սեդրակյանի մասով Ձեզ հատկացվելիք փոխհատուցման գումարին վերաբերող հայցը մերժվել է վաղեմության ժամկետն անցնելու, իսկ Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի մասով՝ գումարը նրանցից հետ պահանջելու իրավական հիմքի բացակայության պատճառով։ Այս փաստարկները Ձեզ արժանահավա՞տ են թվում։
– Վաղեմության ժամկետը սահմանվում է օրենքով, եւ, հավանաբար, փաստաբանները կարողացել են դատարանին ներկայացնել հիմնավոր փաստարկումներ, բայց ինձ հայտնի է, որ 2020-ից գործող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը խնդրին այլ տեսանկյունից է վերաբերվում։ Ինչ վերաբերում է «իրավական հիմքի բացակայության» ձեւակերպման օգտագործմանը, ապա այստեղ դատավորին բացատրելու աշխատանք ունի ԲԴԽ-ն։ Պետությունը ոչ միայն քաղաքական ու բարոյական մեծ վնաս է կրել, այլեւ արդեն անվիճելիորեն ապացուցված հանցագործության հետեւանքով նյութական վնաս է կրել, ու այդ վնասը պատճառած մարդկանցից վնասի նյութական կողմը փոխհատուցելը համարել «իրավական հիմքի բացակայություն»՝ իրավագիտական չէ։
– Իսկ եթե պնդում եք, թե հիշյալ էպոսագետն էր Ձեր դեմ մահափորձի նախաձեռնողը, ենթադրություններ չունե՞ք, որ նրա ետեւում պատվիրատու է կանգնած եղել։
– Երբ որեւէ մեկն ինչ-որ «գործ» կատարելու համար գումար է ստանում (ինչ հիմնավորմամբ ու մատուցմամբ էլ դա արվի), նշանակում է՝ կա պատվիրատու։ Խոսքը ոչ թե 100 դոլարի` 100 հազար դոլարի (եւ ավելիի) մասին է, որոնցով անշարժ գույքեր են գնվել։ Այդ գումարն ստացվել է Մոսկվայում «հաստատված մի հայից, որն իր որդուն կամեցել է օգնել՝ բիզնեսով զբաղվել»։ Հայ իրավապահները, մեղմ ասած, «զգուշացան» խորանալ այդ ուղղությամբ։ Ժամանակին Մեծ Բրիտանիայի դեսպանը Գերմանիայի դեսպանի ներկայությամբ կարծիք հայտնեց, որ եթե դա ռուսական «գաղտնի ծառայությունների կառույցներից լիներ, ապա նրանք ինչ-որ ձեւով ավարտին կհասցնեին», բայց պատմությանը հայտնի են դեպքեր, երբ «ինչ-որ մեկը (նաեւ՝ կառույց) երբեմն փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Այնպես որ, ես տարբեր պատվիրատուներ եմ պատկերացնում։ Պատմական իրողություն է, որ մահափորձ է իրականացվել ՀՀ նախագահի թեկնածուի նկատմամբ, որի վարկանիշը 1.5 տոկոսից արդեն հասել էր 15 տոկոսի եւ ձնագնդի կանոններով երկրաչափական զարգացումով կարող էր վճռորոշ լինել բուն ընտրություններում, ինչը որոշակի շրջանակների վախեցնում էր։ Գործում վկայություն կա, որ կատարողները հրահանգ են ստացել, որ պետք է շտապել՝ «ուշանում ենք»։ Արհեստական բանականությանը ներշնչել են կարծիք, որ այդ մահափորձով նախեւառաջ ինչ-որ ուժեր ուզում էին տապալել ընտրական գործընթացը, բայց դա հիմնականը չէր։ Ի դեպ, մի ընկեր, որը ժառանգն էր ինձ համակրող, ժամանակին իմ կյանքը փրկած մի ԿԳԲ բարձրաստիճան սպայի, այն օրերին ինձ ասաց, որ իմ գործով կալանավորված մարդիկ խառն են նաեւ մեկ այլ սպանության գործում՝ կապված վառելիքի առեւտրի հետ, բայց ես դրան ընթացք չտվեցի, զի իմ գործն արդեն գործ էր։
– Մտադի՞ր եք բողոքարկել Հակակոռուպցիոն դատարանի վճիռը։
– Տվյալ դեպքում խոսքը ոչ թե իմ, այլ հայկական պետության իրավունքների եւ շահերի մասին է։ Մեր պետությանը հասցված գլխավոր հարվածն այն է, որ, ի տարբերություն 1998 թ. ընտրությունների, ես 2013-ի ընտրություններում գոնէ սահմանադրական բարեփոխումների գաղափարն առաջ մղելու հնարավորություն չստացա. մարդիկ ընկան պետական համակարգի կազմակերպած բամբասանքների ազդեցության տակ, եւ նրանց մեջ կոտրվեց իմ միջոցով էական փոփոխությունների հասնելու հավատը։ Ինչ վերաբերում է նյութական կողմին, պետությունը դրա համար ունի դատախազական համակարգ, եւ այն պարտավոր է զբաղվել պետությանը պատճառված նյութական վնասների վերականգնմամբ։