«Հրապարակ»․ Երբ հայրենիքդ խեղճացել, արնաքամ է եղել եւ շարունակում է լինել, ի՞նչ մշակութային կյանքի մասին է խոսքը

«Հրապարակ»․ Երբ հայրենիքդ խեղճացել, արնաքամ է եղել եւ շարունակում է լինել, ի՞նչ մշակութային կյանքի մասին է խոսքը

Sat, 21 Nov 2026 12:15:59 +0400


Հարցազրույց գրող Նարինե Կռոյանի հետ

– Ի՞նչ պայմաններում է ապրում եւ ստեղծագործում մարզի բնակիչ գրողը:

– Անկեղծ ասած՝ ես ինձ չեմ դիրքավորում որպես մարզի բնակիչ գրող, այդպես կմտածեի նաեւ, եթե լինեի մայրաքաղաքի բնակիչ գրող։ Ես պարզապես գրող եմ՝ անկախ կոորդինատներից, սակայն միաժամանակ հայ գրող եմ, միմիայն՝ հայ գրող: Այս վերջինն ուզում եմ շեշտել, քանի որ լինում է, որ նաեւ ռուսերեն եմ գրում՝ հազվադեպ, անբացատրելիորեն պատահական, երբ հանկարծ սկսում եմ ռուսերեն մտածել: Չգիտեմ ինչու, ինչպես է դա լինում, բայց լինում է, եւ ես, գոնե ինքս ինձ հետ, այս կապակցությամբ ուզում եմ անկեղծ լինել:
Եթե հարցի մեջ Ձեր նշած պայմանները ենթադրում են նաեւ մարզային գրողի սոցիալական-տնտեսական վիճակ-կարգավիճակը, ապա Հայաստանը բացառություն չէ. մարզերում, առավել եւս՝ ծայրամասերում, ավելի վատ են ապրում, եւ մեր պարագայում ապրելը վերածվում է գոյատեւման համար պայքարի: Եթե «գոյատեւումն» ընկալեինք որպես ռազմավարական կառավարման հասկացություն, ապա այն բավականին դրական կբնութագրեր գոյատեւողի կարգավիճակը, սակայն մենք, երկիրս անգամ ապրելու, վաղը լինելու մարտավարություն չունենք, ուր մնաց՝ ռազմավարություն ունենանք: Ամփոփեմ. գոյատեւելու համար երեք տեղ եմ աշխատում, թարգմանություններ եմ անում, մայր եմ, տատիկ եւ այս ամենի մեջ փորձում եմ ստեղծագործել, ստեղծագործում եմ: Ինչպե՞ս: Ընթերցողը կասի:

– Ինչպե՞ս կգնահատեք գրական, մշակութային կյանքն ու միջավայրը Լոռու մարզում, հատկապես՝ Վանաձոր քաղաքում:

– Հասկանալի է, որ իմ զբաղվածությունը թույլ չի տալիս մշտապես այստեղ-այնտեղ եւ ամենուր լինել. չի ստացվում: Կցանկանայի՞: Գուցե: Ինչո՞ւ եմ այսպես պատասխանում Ձեր հարցին, որովհետեւ երբ հայրենիքդ խեղճացել, արնաքամ է եղել եւ շարունակում է լինել, ի՞նչ մշակութային կյանքի մասին է խոսքը: Բառեր, բառեր, բառեր … Բառի մեջ հոգի պիտի լինի: Չկա: Թվում է, թե մի տեսակ անարյուն, անկիրք ներկայացում ես դիտում, ապրելդ էլ է նման ներկայացման՝ ասես դու քեզ, քո կյանքին կողքից ես նայում, չես ապրում այն եւ ինչ-որ անպետք մի ռեժիսորի բեմադրության մեջ պարզապես դեկոր ես. կուզեն՝ կտեղափոխեն քեզ, կուզեն՝ կյանքի բեմից դուրս կշպրտեն: Պարզապես դեկորներն այսօր ե՛ւ բեմի վրա են, ե՛ւ դահլիճում: Չգիտես ինչու, պատերազմում երկու թեւը կորցրած մի տղայի հիշեցի. նա այնքան լավ էր պարում՝ ոտքերով, որ ես լաց եղա: Գուցե մեր մշակութային կյանքն այստեղ եւս այդ տղայի պես անձեռք է կամ մյուսի նման անոտք, որը, սակայն, սրտիդ լարերից եւ ոչ մեկին չի դիպչում. սինթետիկ է, անկիրք, անհոգի:

– Ինչպիսի՞ հոգածություն ու միջոցներ են անհրաժեշտ մարզերին, որպեսզի մայրաքաղաքը չընկալվի միակ ու բացառիկ մշակութային էլիտա, իսկ մարզի ստեղծագործողն իրեն ածանցված չզգա:

– Իմ պարագայում ես նման տարբերակում չեմ տեսնում: 10 գրքի հեղինակ եմ, բոլորը, բացառությամբ մեկի, արձակ գործեր են՝ պատմվածքներ, վիպակներ, վեպեր: Մեծ մասը մայրաքաղաքում է հրատարակվել, վերջին երկու վեպը՝ «Բելլա բելլադոննա»-ն եւ «Ճանճերի ժամանակը»՝ Newmag հրատարակչության կողմից: 2027-ին Newmag-ի հրատարակչական պլանում ընդգրկված է նաեւ իմ «Հողը կոշիկներիդ մեջ» դեռ պայմանական վերնագրով վեպը: Կարդացել են բնագիրը եւ ցանկացել են հրատարակել, ինչի համար ես անսահման շնորհակալ եմ Newmag-ի հրատարակչական թիմին:

– Ցեղասպանության պատմությունն ունենալով իր ուսերին` հայ գրողն այսօր տեսնում է հայաթափված Արցախ, պարտված պատերազմ: Ինչպե՞ս կանդրադառնա այդ դառն իրականությունը գրողի ներաշխարհի վրա:

– Անդրադարձը դառն է՝ լեղու չափ դառը: Այն քանդում, քայքայում է այն ամենը, ինչը ողնաշարդ ուղիղ էր պահում, գլուխդ՝ բարձր, ճակատդ` բաց, մարմինդ` թեթեւ, անկշիռ, ասես թեւեր ունենայիր: Հիմա ես այն անթեւ տղայի նման եմ, որը հարազատին, որդեկորույսին, որբին ու հայրենազուրկին էլ ավելի չտխրեցնելու համար պար է գալիս, հետո դեմքը թաղում է բարձի մեջ ու լաց է լինում: Ո՞վ է սրբելու նրա աչքերը: Ո՛չ ես: Ես նույնիսկ նրա բարձը չեմ: Այս ամենի հետ կապված՝ ինձ չի լքում մեղքի անտակ մի զգացում եւս, որ գուցե ես կարող էի ինչ-որ բան անել նրա համար, իմ մյուս զինվորյալ մանկանց համար, Արցախիս համար, հայրենիքիս համար ու … չարեցի:

– Փորձենք գրողի հայացքով դիտարկել: Ինչպե՞ս ընկալենք իշխանությունների պայքարը կաթողիկոսի եւ սրբազանների նկատմամբ:

– Ես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ եմ: 20 տարեկանում եմ մկրտվել՝ Էջմիածնում, գիտակցաբար եւ, որքան էլ որ տարօրինակ թվա, Մ. Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպն ընթերցելուց հետո: Իմ կաթողիկոսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն է, իմ՝ Գուգարաց թեմի առաջնորդը Հովնան եպիսկոպոս Հակոբյանն է, եւ ես հպարտ եմ իմ եկեղեցով: Ի՞նչ պայքարի մասին է խոսքը, երբ
«…Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն
Զրահանդերձ է փայլուն, մինչ իր խաչերն են դաշոյն
եւ զանգակներն են բոմբիւն եւ երգն է միշտ յաղթութիւն…» (Վ. Թ.):
Ի՞նչ պայքարի մասին է խոսքը… Փոքրիկ, անտաշ քարի կտորի՞, որ նետել են ՎԵՄ-ի վրա՝ այն տապալելու ակնկալությամբ:

– Հայ գրողն ինչպե՞ս է ընկալում նոր սահմանադրության ընդունումը, որտեղ չի լինելու հղում մեր Անկախության հռչակագրին:

– Նախ, ո՞վ է հայ գրողը… Մի՞թե ամեն հայերեն գրող հայ գրող է: Եվ արդյոք ես հա՞յ գրող եմ: Այս հարցի պատասխանը ես չէ, որ պիտի տամ: Այս հարցում առաջին հերթին ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Այդպիսին եմ, որովհետեւ ունեմ պետություն, որովհետեւ ունեմ Սահմանադրություն, որի անքակտելի բաղադրիչն Անկախության հռչակագիրն է: Իմ Եկեղեցին ու իմ Անկախությունը հավաստող Սահմանադրությունն իմ Սիսն ու Մասիսն են, իմ Արարատը, իմ ու այն տղայի թիկունքն ու թեւերն են: Այդ թեւերը աչքով չես տեսնի, ուրեմն՝ կտրել էլ չես կարող: Հոգու աչք է պետք ունենալ, իսկ այսօր ամեն մարմին չէ, որ հոգի ունի: Այս հարցի պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, ինձ նոր սահմանադրություն պետք չէ, ես այն արդեն եւ վաղուց ունեմ, եւ այն իսկը իմ հագով է:

– Ինչպե՞ս կբնորոշեք մեր ժամանակը, եթե գրեք պատմվածք կամ վեպ մեր օրերի մասին, ի՞նչ պատգամ ու պատվիրան կունենա այդ ստեղծագործությունը:

– Պատերազմական իմ արձակում արդեն վեց, թե յոթ պատմվածք ունեմ՝ 2014 թվականի օգոստոսյան եռօրյայից մինչեւ 44-օրյան ընդգրկող պատումներով: Իսկ մեր ժամանակի իմ բնորոշումը՝ իր պատգամով եւ պատվիրաններով, հենց 44-օրյայի մասին պատմող, կարծում եմ՝ խոսուն վերնագրով՝ «Ճանճերի ժամանակը» վեպն է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քո կառավարման արդյունքների մասին պատմությունը գրելու է առանց քո խմբագրումների

Քո կառավարման արդյունքների մասին պատմությունը գրելու է առանց քո խմբագրումների Sat, 21 Nov 2026 11:59:40…

29 րոպե ago

Ամեն ինչ սկսվեց մի պաստառից

Ամեն ինչ սկսվեց մի պաստառից Sat, 21 Nov 2026 11:51:31 +0400 2025 թվականի դեկտեմբերից ի…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Վախենում է նրանից, որ հասարակությունն այլեւս իր հետեւից չի գնում

«Հրապարակ»․ Վախենում է նրանից, որ հասարակությունն այլեւս իր հետեւից չի գնում Sat, 21 Nov 2026…

42 րոպե ago

Առանձնահատուկ հուզմունքով եմ ընդունել Դավիթ Բաբայանին հովանավորելու առաջարկը

Առանձնահատուկ հուզմունքով եմ ընդունել Դավիթ Բաբայանին հովանավորելու առաջարկը Sat, 21 Nov 2026 11:41:40 +0400 Նիսի…

47 րոպե ago

Հարվածել են իրանական Քեշմ քաղաքին

Հարվածել են իրանական Քեշմ քաղաքին Sat, 21 Nov 2026 11:37:24 +0400 Ամերիկա-Իսրայելական տանդեմը հրթիռային հարված…

51 րոպե ago

Թուրքիայում 6.7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ

Թուրքիայում 6.7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ Sat, 21 Nov 2026 11:30:25 +0400 Երեխաների…

58 րոպե ago