Հայաստանը պատանդ է վերցրել՝ իր հրաժարականի դիմաց
Sat, 21 Nov 2026 15:45:06 +0400
Երբ Փաշինյանն ասում է, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանելուց հետո կհեռանա, նա, ըստ էության, մի ուշագրավ բան է խոստովանում։ Նժարի վրա է դնում պետությունը և իրեն։ Ալիևը նրա առաջ է պայման դրել, նա ժողովրդի առաջ է պայման դնում՝ կամ ե՛ս, կամ՝ պետութունը։ Փորձենք բացել այս հայտարարության հոգեբանական շերտը․ «Գիտեմ, որ ինձ չեք ընդունում, ուզում եք, որ հեռանամ։ Բայց գիտեք նաև, որ իշխանությունն իմ ձեռքում է, պետական ամբողջ ռեսուրսը՝ իմ տրամադրության տակ։ Եվ քանի դեռ ես եմ որոշում՝ ինչ է լինելու, դուք չեք կարող ձեր ուզածով տնօրինել իմ քաղաքական ճակատագիրը։ Ուստի առաջարկում եմ պայման. կա՛մ փոխում եք պետության հիմնարար սկզբունքները, կա՛մ ես չեմ հեռանում»։ Սա նրա մտքերի բառացի վերարտադրությունը չէ, այլ նրա հայտարարության մեջ տեսանելի տրամաբանության մեկնաբանությունը։ Հիշենք, թե ինչպես եկավ իշխանության։ Այն ժամանակ էլ նրա քաղաքական խոսքի հիմքում նմանատիպ միտք կար՝ կա՛մ ես եմ լինելու վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Անցել է ութից ինը տարի, նրա մտածողությունը ոչ միայն չի փոխվել, այլև ավելի է ամրապնդվել։ Իշխանությունը, պետական ռեսուրսը, քարոզչությունը, սեփական քաղաքական անփոխարինելիության մասին պատկերացումը նրան հասցրել են մի վիճակի, երբ սեփական անձը սկսում է նույնացնել պետության հետ։ Նրան թվում է, թե առանց իր կամքի երկիրը չի կարող որոշում կայացնել, իսկ իր հեռանալը տեղի կունենա միայն իր սահմանած պայմաններով։ Հայաստանն ասես պատանդ է վերցրել իր հրաժարականի դիմաց։ Խաղադրույքի մեջ է դրել պետությունը։ Պատկերացրեք մի մարդու, որը պատանդ է վերցրել ձեր ծնողին, ատրճանակը պահել նրա գլխին ու ասում է. «Կամ ծնողդ, կամ ունեցվածքդ»։ Նա ձեզ ընտրության առաջ է կանգնեցնում։ Նա ձեր ամենաթանկ արժեքը դարձրել է իր պահանջը կատարելու միջոց։ Ստացվում է՝ պետության ճակատագիրը դարձել է իր հեռանալու, հրաժարականի գինը։
Ի վերջո, նա գնալու, պետությունը մնալու է։ Պետությունը միայն մայր, հայր, երեխա, քույր ու եղբայր չէ։ Պետությունը դրանց ամբողջությունն է։ Պետությունը հող է, լեզու է, հայրենիք է, հիշողություն է, պատմություն է, սերունդների շարունակություն է։ Պետությունը այն տունն է, որը մեզնից առաջ են կառուցել, և որը մենք պարտավոր ենք անխաթար փոխանցել մեզնից հետո եկողներին։
Ոչ ոք իրավունք չունի իր պաշտոնը, իր իշխանությունը կամ իր քաղաքական ճակատագիրը դնել այդ ամենից վեր։ Պետությունը մեկ մարդու հեռանալու դիմաց վճարվելիք գին չէ։