Ճգնաժամ կա` ՀՀ իրավապահներն անզոր են վարչապետին պատասխանատվության ենթարկել
Mon, 23 Nov 2026 18:45:28 +0400
Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրությունում միակ կարևոր հարցը «մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների վերացումն է», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նշելով, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովի ժամանակ, Բայրամովը շարունակել է. «Համաձայնագրի նախաբանը և 17 հոդվածները հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ համաձայն է վերջնականապես ստորագրել համաձայնագիրը միայն մեկ պայմանի դեպքում. Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»: «Դա Հայաստանի ներքին գործընթացն է, և դրա իրականացման ժամկետների որոշումը դուրս է մեր հնարավորություններից: Ես չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ այսօր ներկայացված առաջարկը: Դա Հայաստանի ներքին գործն է», – APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը և շարունակել. «Մեզ համար միակ կարևոր հարցը նոր Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է: Դատելով հրապարակված տեքստից՝ ներկայումս նման պահանջներ դրանում չկան: Մենք դա շատ բարձր ենք գնահատում»:
Նկատենք, որ վաշինգտոնյան փաստաթղթերում եւ խաղաղության նախաստորագրված փաստաթղթում ոչ մի բառ չկար խաղաղսությանը խոչընդոտող հանգամանքների, մասնավորապես` ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին: Եթե նման բան գրվեր, անպայման պետք է գրվեր նաեւ Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը: Սակայն միանգամայն արդար կլիներ, եթե այդ փաստաթղթերում որպես խաղաղության հաստատման նախապայման նշվեին հայ գերիներին ազատ արձակելու եւ հայկական զավթված տարածքներից հետ քաշվելու պահանջները, ինչը Նիկոլ Փաշինյանը չի արել:
Հակառակը` անմիջապես հնազանդորեն կատարել է Ադրբեջանի պահանջը` Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի նախաբանում բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Ինչու հենց այսօր դրվեց այն շրջանառության մեջ:
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով նախագծի մասին, ասում է. «Այն, որ հենց այս շրջանում է հրապարակվել սահմանադրության տեքստը կարող է պայմանավորված լինել արտաքին քաղաքականությամբ: Արտաքին մեծ խաղացողներին այս փուլում փորձում են ցույց տալ սահմանադրության տեքստը, սակայն առհասարակ գործընթացը հետևյալն է` նախքան այս, մշտապես սահմանադրության տեքստերը ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով, որից հետո, երբ Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքներն ավարտվում էին, հարցը դրվում էր հանրային քննարկման: Հիմա իշխանությունները որոշել են շարժվել հակառակ տրամաբանությամբ: Հարցը դրել են քննարկման, որից հետո նոր կուղարկեն տեքստը Վենետիկի հանձնաժողով, իսկ թե հետո ինչ կլինի, պարզ չէ: Պետք է հաշվի առնել մի բան, որ լիարժեք գործընթացը ենթադրում է հանրային քննարկում, մասնագիտական փորձաքննություն` Վենետիկի հանձնաժողովը մասնագիտացված փորձաքննություն կատարող միջազգային մարմին է: Սահմանադրության հարցը չի կարող անմիջապես դրվել հանրաքվեի, հարցը պետք է տարբեր ասպեկտներում քննարկվի»:
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում փոխել սահմանադրությունը, կա՞ երկրում սահմանադրական ճգնաժամ. «Սահմանադրական ճգնաժամ կա միանշանակ: Իշխանությունները շատ բաց են ներկայացնում, թե ինչի համար են կարևորում նոր սահմանադրություն, նոր պետություն հիմնադրելը: Այն կապված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ձգտումների հետ: Ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա, եթե համադրում ենք Փաշինյանի կայացրած որոշումները` 2018-ից ի վեր` Արցախի հետ կապված, և ՀՀ գործող սահմանադրության պահանջները, ապա ակնհայտ է դառնում, որ կա հակասություն: Փաշինյանն իրավունք չուներ բանակցությունների թոկը կտրել, և էլի մի շարք գործողություններ կատարելու իրավունքը չուներ, բայց արեց: Հայաստանի իրավապահ մարմինները փաստացի անզոր են վարչապետին պատասխանատվության ենթարկելու, քննություններ վարելու հետ կապված, և սա իսկապես ճգնաժամ է: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարության ղեկավարը Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք կարևոր որոշումներ է կայացրել է, և պետությանը խոշոր վնասներ է պատճառել»: