Աննա Հակոբյանի զբաղվածության փոփոխության պատճառով արդիակա՞ն է հարցը
Tue, 24 Nov 2026 14:11:46 +0400
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու տուժած անձանց պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցադրումներ է ուղղել նախագծի հիմնական զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանին։
Ղազարյանը հիշեցրել է նախորդ քննարկումները՝ պնդելով, որ նախագծի իրական նախաձեռնողը ոչ թե Բաթոյանն է, այլ Աննա Հակոբյանը։ Նա կասկածի տակ է դրել օրենսդրական նախաձեռնության ներկայիս արդիականությունը՝ այն կապելով Հակոբյանի զբաղվածության փոփոխության հետ։
Պատգամավորը նկատել է, որ եթե նախկինում Աննա Հակոբյանը, ըստ քննարկումների ընթացքում ներկայացված տեղեկությունների, բազմաթիվ նամակներ էր ստանում քաղաքացիներից ընտանեկան բռնության վերաբերյալ, ապա այժմ նրա ուշադրության կենտրոնում Երևանի տրանսպորտային խնդիրներն են և կին վարորդների նկատմամբ վերաբերմունքի հարցը։
Այս համատեքստում Ղազարյանը հարցրել է՝ արդյոք նպատակահարմար չէ նախագիծը հանել շրջանառությունից՝ հաշվի առնելով, որ դրա իրական հեղինակի հետաքրքրություններն այլ ուղղությամբ են տեղափոխվել։
Զարուհի Բաթոյանը կարճ պատասխան է տվել՝ հայտարարելով, որ նման քայլի անհրաժեշտություն չի տեսնում։