Ձմեռային անվադողերի պահանջին չհամապատասխանող քանի մեքենա է հայտնաբերվել
Tue, 24 Nov 2026 15:13:56 +0400
Նոյեմբերի 16-ից 23-ն ընկած ժամանակահատվածում պարեկները Երևանում և մարզերում հայտնաբերել են առանց ձմեռային կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով շահագործվող ընդհանուր 3896 ավտոմեքենա։
Մասնավորապես, մայրաքաղաքում արձանագրվել է նման 959 դեպք, իսկ մարզերում՝ 2937։
Հիշեցնենք, որ Հայաստանում ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։ Պահանջը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաներին և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարներին։
Բացի այդ, ձյունածածկ կամ սառցակալած ճանապարհներին ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը պետք է լինի 4 միլիմետրից ավելի։ Այս պահանջների խախտման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։