75 տարվա պատմություն, նվիրում, սեր եւ արվեստով անցնող ճանապարհ

75 տարվա պատմություն, նվիրում, սեր եւ արվեստով անցնող ճանապարհ

Tue, 24 Nov 2026 15:30:07 +0400


Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը նշեց հիմնադրման 75 և նոր տիպային մասնաշենքի շահագործման 55-ամյակները։

Կան հաստատություններ, որոնց պատմությունը սոսկ տարեթվերի ու փաստաթղթերի ամբողջություն չէ։ Տարիների ընթացքում դրանք դառնում են մարդկանց հիշողությունների անբաժանելի մասը, մասնագիտական կայացման ճանապարհն ու կյանքի հարազատ հասցեն։ Այդպիսի կրթօջախ է Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, որն այս տարի նշում է հիմնադրման 75 և նոր տիպային մասնաշենքի շահագործման 55 ամյակները։

Հոբելյանական օրը քոլեջի հարկի ներքո համախմբվել էին հյուրեր, արվեստագետներ, մանկավարժներ, շրջանավարտներ, ուսանողներ և կրթօջախի բարեկամներ։ Հանդիսությունը ոչ միայն անցած տարիները հիշելու, այլև քոլեջի հարուստ պատմությունը, այստեղ աշխատած մարդկանց վաստակն ու այսօրվա ստեղծագործական կյանքը արժևորելու առիթ էր։

Յոթանասունհինգ տարին մեծ ճանապարհ է՝ իր սերունդներով, ձեռքբերումներով ու դժվարություններով։ Փոխվել են ժամանակները, կրթական պահանջներն ու մասնագիտական ուղղությունները, սակայն անփոփոխ է մնացել արվեստին ծառայելու, տաղանդներ կրթելու, ազգային ու համամարդկային մշակութային արժեքները պահպանելու և փոխանցելու առաքելությունը։
Կրթօջախի պատմությունը սկիզբ է առնում 1951 թվականից, երբ Կիրովականում՝ ներկայիս Վանաձորում, Անաստաս Միկոյանի անվան երաժշտական դպրոցի հիմքի վրա բացվեց յոթ բաժին ունեցող երաժշտական ուսումնարան։ Հիմնադիր տնօրենն էր կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, Հայաստանի ժողովրդական արտիստ Էդուարդ Կզարթմյանը։ Նրա նախաձեռնությամբ դրվեցին երաժշտական մասնագիտական կրթության ամուր հիմքեր, ձևավորվեց ստեղծագործական միջավայր, որն իր շարունակությունն ունեցավ հետագայում։

1971 թվականին ուսումնարանը տեղափոխվեց մասնագիտական կրթության համար կառուցված նոր տիպային մասնաշենք և անվանակոչվեց հայ մեծանուն խմբավար ու դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միքայել Թավրիզյանի անունով։ Այսօր շենքի շահագործման 55-ամյակը ևս մեկ առիթ է հիշելու, թե քանի սերունդ է կրթվել նրա հարկի ներքո, որքան առաջին ելույթներ, փորձեր, ստեղծագործական որոնումներ ու մասնագիտական երազանքներ են կապված այս պատերի հետ։
Կրթօջախի պատմությունը նաև այն ղեկավարների պատմությունն է, ովքեր տարբեր ժամանակներում իրենց աշխատանքով ու նվիրումով մասնակցել են նրա զարգացմանը։

1951–1975 թվականներին տնօրենն էր հիմնադիր Էդուարդ Կզարթմյանը։ 1975–2003 թվականներին քոլեջը շուրջ երեք տասնամյակ ղեկավարել է Դերենիկ Գևորգյանը։ Դա կրթօջախի պատմության ամենաերկարատև և նշանակալի ժամանակաշրջաններից է՝ իր սերունդներով, կրթական ձեռքբերումներով, մասնագիտական որոնումներով, դժվարություններով ու հաղթանակներով։ Դերենիկ Գևորգյանն արժանապատիվ ղեկավարի այն օրինակներից էր, որոնց գործունեությունը գնահատվում է ոչ միայն պաշտոնավարման տարիներով, այլև թողած հետքով։ Նրա ղեկավարության տարիներին քոլեջը շարունակեց պահպանել իր մասնագիտական դիմագիծը, ամրապնդել կրթական ավանդույթներն ու ապահովել սերունդների մասնագիտական կայացման շարունակականությունը։

2003–2008 թվականներին տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Մարտիրոս Նիկողոսյանը։ Նրա ղեկավարության շրջանում՝ 2005 թվականին, կրթօջախը կարևոր փոփոխություն ապրեց՝ բացվեց գեղանկարչության բաժինը, և այն ստացավ արվեստի պետական քոլեջի կարգավիճակ։

2009–2023 թվականներին քոլեջը ղեկավարել է Արմինե Ասլանյանը։ Նրա պաշտոնավարման ընթացքում՝ 2009 -ին, բացվեց պարարվեստի բաժինը՝ երաժշտության և կերպարվեստի կողքին հաստատուն տեղ հատկացնելով արվեստի ևս մեկ ուղղության։
2023 թվականից մինչ օրս քոլեջի տնօրենն է Աննա Դարբինյանը։ Նրա ղեկավարությամբ կրթօջախը շարունակում է պահպանել լավագույն ավանդույթները՝ ձգտելով նոր կրթական, կազմակերպչական ու ստեղծագործական ձեռքբերումների։ Այսօր քոլեջը մեկ կրթական միջավայրում միավորում է երաժշտությունը, կերպարվեստն ու պարարվեստը՝ շարունակելով իր առաքելությունը՝ պահպանել ազգային մշակութային արժեքները, կրթել մասնագետներ, զարգացնել ստեղծագործական մտածողությունն ու երիտասարդներին ընձեռել սեփական ներուժը բացահայտելու հնարավորություններ։

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Հոբելյանական համերգի առաջին բաժինը կազմակերպվել էր քոլեջի նախասրահում։ Ուսանողական խորհրդի նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Աշոտ Դալլաքյանի ողջույնի խոսքից հետո հնչեց Խաչատուր Ավետիսյանի «Վաղարշապատի պար»-ը՝ ժողովրդական նվագարանների ուսանողական անսամբլի և պարային համույթի կատարմամբ։ Նախասրահում կազմակերպված նկարչական ցուցահանդեսը ներկայացնում էր գեղանկարչության բաժնի ուսանողների ու շրջանավարտների, նաև դաշնամուրային բաժնի շրջանավարտ Ելենա Առաքելովայի լուսանկարչական աշխատանքները։ Հանդիսության երկրորդ բաժինը շարունակվեց համերգային դահլիճում՝ ՀՀ պետական օրհներգի կատարմամբ։ Բեմում էին քոլեջի ուսանողական երգչախումբն ու լարային համույթը։ Երգչախմբի ղեկավար և խմբավար Նաիրա Եթիմյանի, համույթի ղեկավար Գայանե Հարությունյանի և նվագակցող դաշնակահար Իրինա Մելքումյանի մասնակցությամբ հնչած օրհներգը երեկոյին հաղորդեց առանձնահատուկ հանդիսավորություն։ Օրհներգի կատարումից հետո Ուսխորհրդի նախագահ Աշոտ Դալլաքյանը ներկայացրեց քոլեջի 75-ամյակին նվիրված իր հեղինակային ձոնը։

Խոր, անթափանց խավարներում՝ քո տառապյալ պատմության,
Ուսման մեջ է սիրտդ զարկում, հույսի շող ես փրկության,
Դո՛ւ արվեստի կրթօջախ ես, լույսի կերոն ու տաճար,
Դո՛ւ մեր մայրն ես գորովագութ, հարազատ ու անկաշառ։
Դու կրում ես մեծ խմբավար՝ Թավրիզյանի անունը,
Նրա ոգով առաջնորդվիր, արարի՛ր վաղվա օրդ,
Ապրի՛ր հպարտ ու առնական, որպես մի գիր մաշտոցյան,
Թող համբավդ միշտ թևածի՝ այսօր, վաղը, հավիտյան։
Հավե՛րժ քեզ փառք, Կզարթմյա՛ն, որ ստեղծեցիր այս ամենն,
Արարումդ վառ կպահենք այսօր, վաղը և հավետ։
Իբրև վկա այս բոլորի՝ նոր օրերիդ հաղթությամբ,
Վերածնված մեր կրթարան, փառքիդ վայել ու արժան։

Համերգային ծրագիրը ներառում էր դասական, ազգային և ժամանակակից երաժշտության ստեղծագործություններ։ Հոբելյանական միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, ելույթ ունեցավ Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բեռնեցյանը՝ փոխանցելով համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի շնորհավորագիրը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դասախոս, կինոյի և թատրոնի դերասանուհի Մարինե Մխիթարյանը, Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Էլեն Հարությունյանը և Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Աննա Միրզոյանը։

Համերգային ծրագրի եզրափակիչ կատարումը քոլեջի հիմնադիր տնօրեն Էդուարդ Կզարթմյանի «Հայաստան» ստեղծագործությունն էր՝ ուսանողական երգչախմբի և լարային համույթի կատարմամբ։ Միջոցառման ավարտին ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ քոլեջի Արհմիության նախագահ, դաշնամուրային բաժնի դասախոս Ռուզաննա Թորոսյանը, ով տնօրեն Աննա Դարբինյանին՝ կոլեկտիվի անունից հանձնեց պատվոգիր՝ արժևորելով նրա ղեկավարությամբ իրականացվող աշխատանքն ու կրթօջախի զարգացմանն ուղղված ջանքերը։ Հոբելյանական հանդիսությունն ամփոփեց քոլեջի տնօրեն Աննա Դարբինյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին, հյուրերին և բոլոր նրանց, ովքեր կիսեցին կրթօջախի հիմնադրման օրը և տեղեկացրեց, որ իր կարգադրության համաձայն՝ հիմնադրման 75-ամյակի առթիվ ամբողջ անձնակազմը պարգևատրվել է պատվոգրերով ու շնորհակալագրերով՝ բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական նվիրումի և կրթօջախի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Նոր տիպային մասնաշենքի շահագործման 55-ամյակն էլ իր խորհուրդն ունի` այս շենքում են անցել բազմաթիվ սերունդների ուսանողական տարիները, հնչել երաժշտություն, ստեղծվել գեղարվեստական աշխատանքներ, բեմադրվել պարեր, անցկացվել փորձեր ու ծնվել անթիվ հիշողություններ…Այդ հիշողությունների մեջ կան անուններ, որոնք դառնում են արժեքների, սկզբունքների և մասնագիտական բարձր չափանիշների խորհրդանիշներ։ Տասնամյակների ընթացքում այստեղ կրթություն են ստացել բազմաթիվ շնորհալի անհատներ, որոնցից շատերը դարձել են հայ երաժշտարվեստի ճանաչված դեմքեր։ Նրանց թվում են կոմպոզիտորներ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Գրիգոր Հախինյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արզաս Ոսկանյանը և Ստեփան Ռոստոմյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը և այլ նշանավոր արվեստագետներ։

Իսկ այն փաստը, որ քոլեջի բեմում իրենց արվեստն են ներկայացրել Արամ Խաչատրյանն ու Առնո Բաբաջանյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, ղեկավարությամբ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի, աշխարհահռչակ դաշնակահար, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը և հոգևոր երգերի տիրամայր, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Լուսինե Զաքարյանը, «Կադանս» անսամբլը և այլ նշանավոր անհատներ ու խմբեր, ևս մեկ անգամ ընդգծում է այս կրթօջախի պատմական նշանակությունը։ Հոբելյանական հանդիսությունն ավարտվեց, բայց քոլեջի պատմությունը շարունակվում է։

Շնորհավո՛ր հոբելյանդ, Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ։ Ցանկանում եմ արվեստի լույսդ միշտ վառ մնա քո հյուրընկալ հարկի ներքո, իսկ գալիք տարիներդ լինեն նոր ստեղծագործությունների, նոր տաղանդների, նշանակալի ձեռքբերումների ու արժանավոր հաղթանակների տարիներ։

ԱՇՈՏ ԴԱԼԼԱՔՅԱՆ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կատարի վարչապետը նախազգուշացրել է

Կատարի վարչապետը նախազգուշացրել է Tue, 24 Nov 2026 15:23:57 +0400 Կատարի վարչապետ և արտաքին գործերի…

10 րոպե ago

Ո՞վ է գրել նախագիծը․ «խառը աշխատած բան է». Դանիել Իոաննիսյան

Ո՞վ է գրել նախագիծը․ «խառը աշխատած բան է». Դանիել Իոաննիսյան Tue, 24 Nov 2026 15:15:07…

19 րոպե ago

Ձմեռային անվադողերի պահանջին չհամապատասխանող քանի մեքենա է հայտնաբերվել

Ձմեռային անվադողերի պահանջին չհամապատասխանող քանի մեքենա է հայտնաբերվել Tue, 24 Nov 2026 15:13:56 +0400 Նոյեմբերի…

20 րոպե ago

Կվերադարձնե՞ք Ղրիմը․ Բեռլինն անլուրջ է որակել Պուտինի առաջարկը

Կվերադարձնե՞ք Ղրիմը․ Բեռլինն անլուրջ է որակել Պուտինի առաջարկը Tue, 24 Nov 2026 15:00:04 +0400 Գերմանիայի…

34 րոպե ago

Հրաժարականի բեմադրություն է կազմակերպում․․․

Հրաժարականի բեմադրություն է կազմակերպում․․․ Tue, 24 Nov 2026 14:45:35 +0400 Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել…

48 րոպե ago

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել․ մանրամասներ

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել․ մանրամասներ Tue, 24 Nov 2026 14:30:27 +0400 ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը…

1 ժամ ago