Զբոսաշրջիկ է, ոչ թե երկրի ղեկավար․․․
Tue, 24 Nov 2026 16:45:58 +0400
Վերջերս մի պատմություն էի կարդում, որի հերոսին ակամա նմանեցրի Նիկոլ Փաշինյանին։
Թոշակի տարիքի մի կին վաճառել էր տուն-տեղը, վերցրել գումարն ու որոշել կյանքի մնացած տարիներն անցկացնել նավի վրա՝ աշխարհով մեկ ճամփորդելով։ Նա իր ունեցվածքի տերն էր, ինքն էր որոշել՝ ինչպես տնօրինել այն և ինչպես վայելել կյանքի վերջին տարիները։
Նիկոլ Փաշինյանի վարքագիծն էլ կարծես նույն տրամաբանությունն ունի։ Մի էական տարբերությամբ. այդ կինը տնօրինում էր սեփական ունեցվածքը, իսկ Փաշինյանը Հայաստանի ու նրա ժողովրդի ճակատագիրն այնպես է տնօրինում, կարծես երկիրն իր անձնական սեփականությունն ու առուծախի առարկան լինի։
Նրան Հայաստանում դժվար է գտնել՝ ճամփորդության մեջ է ու ամեն օր մի երկրից է ձայն հանում։ Ամեն օր այս կամ այն երկիր տիրոջ գիրկն է նետվում։ Մի օր՝ այստեղ, մյուս օրը՝ այնտեղ ու ամենուր։ Ճամփորդում է, լուսանկարվում, սելֆիներ ուղարկում՝ տպավորություն ստեղծելով, թե երկրի ղեկավարի հիմնական զբաղմունքը աշխարհագրությունն ուսումնասիրելն ու ճամփորդելն է։ Նա զբոսաշրջիկ է, ոչ թե երկրի ղեկավար․․․ Ութ տարի զբոսանքների վրա ծախսում է ու ոչ մի շոշափելի արդյունք։ Կորցնում ենք մեր ունեցածը։
Իսկ երկի՞րը։ Երկիրը կարծես թողնված է ինքնահոսի՝ որպես սեփականություն, որի տնօրինումը վստահված է իր մերձավոր շրջապատին։ Նրանք են առաջին գծում, հեռավար կատարում Փաշինյանի բոլոր քմահաճույքները։ Իրենք են հանրային թուքումուրն ուտում, ժողովուրդն իրենցից է պահանջում, որովհետև Փաշինյանը զբոսաշրջիկ է։
Հայաստանը վաղուց իր հոգսը չէ, այլ ընդամենը մի գույք է, որի տնօրինման իրավունքը փոխանցել է մտերիմներին։ Ինքը դրսում այդ «գույքի» համար միջազգային մուշտարիներ է փնտրում։ Իսկ երկրի ներսում որոշումները կայացվում են առանց հասարակության իրական մասնակցության։
Ամենավտանգավորն այն է, որ կարող ենք մի օր արթնանալ ու հասկանալ, որ մեզ համար արդեն որոշել են ամեն ինչ։ Եվ էլ զարմանալ պետք չէ, երբ մի օր արթնանաք ու տեսնեք, որ ոչ միայն Սահմանադրությունն է ալիևյան, այլ երկիրը։ Ոչ միայն Սահմանադրությունն է հարմարեցվել Ալիևի պահանջներին, այլև երկրի ապագան է որոշվում այնպես, կարծես Հայաստանի իրական տերը հայ ժողովուրդը չէ։
Այդ կինը գոնե գիտեր՝ ինչ է վաճառում, ինչ է ստանում և ինչի համար է ճամփորդում։ Իսկ մենք դեռ պիտի հասկանանք՝ Ինչու՞ Փաշինյանը տանը չի նստում, ո՞վ է մեր փոխարեն տնօրինում մեր երկիրը, ո՞ւմ հետ է պայմանավորվում և ի՞նչ գին է վճարվելու այդ պայմանավորվածությունների համար։