Անհրաժեշտ 6 ձայնը չի ստանալու
Tue, 24 Nov 2026 17:06:20 +0400
«Հայաստան» դաշինքը դեմ է Սահմանադրության նոր նախագծին և չի պատրաստվում աջակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։ Դաշինքի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի հիմնական օրենքը չի կարող փոփոխվել արտաքին պահանջների կամ պարտադրանքի արդյունքում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը՝ նշելով, որ իրենք դեռ ամբողջությամբ չեն ուսումնասիրել հրապարակված նախագիծը, սակայն իրենց քաղաքական դիրքորոշումը վաղուց են հստակեցրել։
Պատգամավորը հիշեցրել է, որ դաշինքը դեմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահն ու այդ երկրի այլ պաշտոնյաներ սկսեցին Հայաստանից պահանջել փոխել Մայր օրենքը՝ այդ գործընթացը կապելով խաղաղության հաստատման հետ։
«Մենք դեմ ենք պարտադրանքով Սահմանադրությունը փոխելուն և չենք ապահովելու Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ 6 ձայնը»,– ընդգծել է Խաչատրյանը։
Նա վերահաստատել է, որ դաշինքը մերժել է վարչապետի առաջարկը ինչպես Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ, այնպես էլ դրանից հետո։