Ստախոսություն, տգիտություն եւ մանիպուլյացիա

Ստախոսություն, տգիտություն եւ մանիպուլյացիա

Tue, 24 Nov 2026 18:15:26 +0400


Խունտայի պարագլխի կողմից հրապարակված, այսպես կոչված, նոր սահմանադրության նախագծին անդրադառնալու իմաստ չկա, արդեն երկու տարուց ավելի է, ինչ Ալիեւը պահանջում է փոխել Հայաստանի գործող սահմանադրությունը եւ հրաժարվել Հայաստանի Հանրապետության անկախությունից, ընդունել ադրբեջանական հպատակություն, եւ Ադրբեջանին կապիտուլացված խունտան՝ իր պարագլխի գլխավորությամբ, փորձում է կատարել թշնամու հրահանգը։ Դրա մեջ որեւէ նորություն չկա։ Իմաստ ունի անդրադառնալու խունտայի պարագլխի ուղերձի մի քանի դրույթների, որոնք ստախոսության, տգիտության եւ հանրային մտածողությունը մանիպուլացնելու սիմբիոզ են։

Եվ այսպես, Սահմանադրության նախագծում գրել են․ «Բոլոր նախորդ սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել, հանրային լայն ըմբռնման համաձայն այդ հանրաքվեների արդյունքները կեղծվել են», ինչի հետեւանքով քաղաքացին սահմանադրությունն իրենը չի համարում, իրավակարգն իրենը չի համարում, ի վերջո՝ պետությունն իրենը չի համարում։ ՀՀ սահմանադրությունն ընդունվել է 1995-ին, փոփոխվել 2005 եւ 2015 թվականներին։ Հասարակությունը սահմանադրության ընդունմանը եւ դրա փոփոխություններին վերաբերվել է հիմնականում անտարբեր, դրանք ընդունվել են վարչական ռեսուրսի գործադրման եւ չարաշահման արդյունքում։ Բոլոր այդ տարիներին օրվա ընդդիմությունը դեմ է եղել իշխանության կողմից առաջարկված թե՛ սահմանադրությանը, թե՛ հետագա տարիներին իրականացված փոփոխություններին՝ համարելով, որ դրանք ավելի շատ ուղղված են օրվա իշխանության շահերի սպասարկմանը, բայց որեւէ անգամ խոսք չի եղել արտաքին թելադրանքի կամ պարտադրանքի մասին։

Ներկա փոփոխության դեպքում հասարակության ճնշող մեծամասնությունը՝ 99 տոկոսը գիտակցում է, որ գործ ունենք Ադրբեջանից թելադրված նախագծի հետ, հասարակության մի մասը, որը մեծամասնություն է կազմում, դեմ է արտաքին թելադրանքով սահմանադրություն ընդունելուն եւ անկախությունից հրաժարվելուն, մյուս մասը՝ խունտայի անդամները համարում են, որ արտաքին թելադրանքի կատարումը կապահովագրի իրենց գոյությունը, իսկ աջակիցներն ու կամակատարները համարում են, որ արտաքին թելադրանքի կատարումը հնարավորություն կտա խաղաղ գոյատեւելու իրավունք ստանալ։ Մի դիտարկում եւս․ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ՀԱԿ խմբակցությունից ընտրված պատգամավոր լինելով, արդեն լքել էր այդ խմբակցությունը եւ, ի տարբերություն ՀԱԿ-ի, որն ակտիվորեն դեմ էր արտահայտվում սահմանադրության փոփոխությանը, որեւէ ծպտուն չհանեց նախագծի վերաբերյալ, իսկ հանրաքվեից հետո էլ չխոսեց կեղծիքների մասին։ Նաեւ դա էր պատճառը, որ որոշ շրջանակներ Փաշինյանին համարում էին կեղծ ընդդիմադիր, որն ակտիվորեն համագործակցում է Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ՝ ընդդեմ ՀԱԿ-ի։

Փաշինյանն իր ուղերձում ասում է. «Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը եւ բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու եւ զարգացնելու, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, այլ հակամարտության նպատակով»։ Եթե նա մի փոքր գրագիտություն կամ գոնե մի չնչին պատկերացում ունենար մարդկային քաղաքակրթության պատմությունից, ապա տեղյակ կլիներ, որ, առանց բացառության, բոլոր պետությունները ստեղծվել են հակամարտությունների արդյունքում, ժողովուրդները եւ էթնոսներն ազգ են դարձել եւ պետություն ստեղծել այլ պետությունների դեմ ընդվզելու եւ դոմինանտ երկրից պայքարի միջոցով անկախություն ստանալու արդյունքում։ Հայաստանը պետություն է դարձել, որովհետեւ ազատատենչ Հայկն ըմբոստացել է Ասորեստանի բռնակալ Բելի դեմ, Միացյալ Նահանգներն անկախություն է ստացել, քանի որ ըմբոստացել է Բրիտանական կայսրության դեմ, Լատինական Ամերիկայի երկրներն անկախություն են ստացել Իսպանիայ, կամ Պորտուգալիայի դեմ ազատագրական պատերազմների արդյունքում, Աֆրիկա մայրցամաքի երկրներն անկախացել են բրիտանական, ֆրանսիական, բելգիական, հոլանդական, իտալական գաղութարարների դեմ պայքարի արդյունքում, բազմաթիվ եվրոպական երկրներ անկախություն են ստացել Օսմանյան, Ավստրո-հունգարական, Ռուսական կայսրությունների դեմ ազատագրական պատերազմների արդյունքում։ Շատերին կարող է թվալ, թե նման թեզեր առաջ մղելով, խունտայի պարագլուխը հայ հասարակությանն է փորձում հիմարեցնել կամ տգետի տեղ դնել, բայց հավատացեք` ոչ, նա ուղղակի ինքն է այդպիսին։

Շարունակելով նույն ոգով՝ խունտայի պարագլուխը հակադրության մեջ է դնում խաղաղությունը եւ պետությունը՝ ասելով, թե եղել է ժամանակ, երբ Հայաստանը խաղաղություն է ունեցել, բայց պետություն չի ունեցել, կամ պետություն է ունեցել, բայց խաղաղություն չի ունեցել, եւ միայն իր շնորհիվ է, որ եկել հասել է մի կետի, որ կարող է ե՛ւ խաղաղություն ունենալ, ե՛ւ պետություն, ե՛ւ անկախություն։ Սա եւս տգիտության նոր նշաձող է․ ստացվում է, որ բոլոր այն երկրները կամ հասարակությունները, որոնք պատերազմում են, չունեն պետություն կամ անկախություն։ Օրինակ, եթե Իրանը, որ տարիներ շարունակ պատերազմում է, չունի ո՛չ պետություն, ո՛չ անկախություն, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է` պատերազմը վարվում է հանուն պետության գոյության եւ անկախության, կամ Ուկրաինան, որ պատերազմում է Ռուսաստանի դեմ, հանուն իր տարածքի պաշտպանության եւ անկախության, փաշինյանական տրամաբանությամբ՝ չունի անկախություն եւ պետություն։ Իրականում, երբ երկրները կամ հասարակությունները հրաժարվում են պայքարել եւ պետք եղած դեպքում պատերազմել իրենց անկախության եւ պետության գոյության համար, կորցնում են ե՛ւ պետությունը, ե՛ւ, բնականաբար, անկախությունը, մի բան, որ ուզում է անել խունտայի պարագլուխը Հայաստան պետության հետ, եւ ինչին արդեն 9 տարի շարունակ հակադրվում է հայ հասարակությունը։

Մի կարեւոր նկատառում եւս․ խունտայի պարագլուխն ասում է, որ ալիեւյան սահմանադրության ընդունման արդյունքում Հայաստանը կդառնա «մի երկիր, որը նաեւ ունի այնպիսի բանակ, որը կարող է ինքնուրույն պաշտպանել պետության սահմանները եւ պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը»։ Թվում է` ի՞նչ կապ ունի այս թեզը սահմանադրության հետ, եթե խոսքը ռուսական բազան կամ սահմանապահներին Հայաստանից հանելու մասին է, առանց սահմանադրություն փոխելու էլ կարելի է նրանց հեռացնել։ Բայց, չէ` այստեղ կա նրբություն․ ալիեւյան սահմանադրությունն ընդունելու դեպքում Հայաստանը դառնում է Ադրբեջանի ենթակա տարածք, եւ այդ դեպքում Ալիեւը լեգիտիմ իրավունք է ստանալու, որպեսզի Ռուսաստանից պահանջի հեռացնել ռուսական զորքն իր տարածքից, մի բան, որն Ալիեւն արեց Արցախի դեպքում, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Պարզ է, որ ընդդիմությունը մերժելու է ալիեւյան սահմանադրությունը եւ չի քվեարկելու դրա օգտին, հարցն այն է, թե դրանից հետո ինչ են անելու Ալիեւն ու նրա կամակատար խունտան։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով

Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով Wed, 25 Nov 2026 19:09:31 +0400 Ռուսաստանի վերահսկողության…

10 րոպե ago

Կինոմոսկվայում Մոնթե ֆիլմի պրեմերիան է

Կինոմոսկվայում Մոնթե ֆիլմի պրեմերիան է Wed, 25 Nov 2026 19:05:38 +0400 Latest news from Հրապարակ…

14 րոպե ago

Տեսախաղը գողացած ցանցահենին դատապարտել են 7 տարվա ազատազրկման

Տեսախաղը գողացած ցանցահենին դատապարտել են 7 տարվա ազատազրկման Wed, 25 Nov 2026 19:00:19 +0400 Բրիտանական…

20 րոպե ago

Մեծ ֆուտբոլի գիշեր․ Չեմպիոնների լիգայում ինչ խաղեր կան այսօր

Մեծ ֆուտբոլի գիշեր․ Չեմպիոնների լիգայում ինչ խաղեր կան այսօր Wed, 25 Nov 2026 18:45:35 +0400…

34 րոպե ago

#Ուղիղ․ «Մոնթե» ֆիլմի պրեմիերան է

#Ուղիղ․ «Մոնթե» ֆիլմի պրեմիերան է Wed, 25 Nov 2026 18:43:48 +0400 Latest news from Հրապարակ…

36 րոպե ago

Բողոք՝ թուրքական ֆուտբոլային ակումբի դեմ

Բողոք՝ թուրքական ֆուտբոլային ակումբի դեմ Wed, 25 Nov 2026 18:30:16 +0400 Իսրայելի կառավարությունը պաշտոնական բողոք…

50 րոպե ago