Հենց ՔՊ-ականներին է ձեռք տալիս, որպեսզի չընդունվի նիկոլաալիևյան սահմանադրությունը
Tue, 24 Nov 2026 19:45:38 +0400
Ի տարբերություն բնակավայրերի (գյուղ, քաղաք, ամրոց և այլն) հիմնադրման տարեթվերի՝ նման հանգամանքը հիմնականում առկա չէ պետությունների կազմավորման առումով: Հատկապես այն թագավոությունների կամ իշխանությունների, որ գալիս են դարերի խորքից: Բացառություններ կարող են լինել, սակայն դրանք տիպական երևույթ չեն: Հետադարձ հայացքով նման տարեթիվ արձանագրելը կարող է լինել ընդունելի երևույթ, բայց ոչ պատմական փաստ: Օրինակ, հայոց ավանդույթի համաձայն մեր պետության հիմնադրման տարեթիվ ենք համարում Հայկի և Բելի ճակատամարտի տարեթիվը՝ մ.թ.ա. 2492 թվականը: Ինչը հաշվարկվել է բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի կողմից: Ալիշանի հաշվարկը հրապարակայնացվել է 19-րդ դարի կեսերին՝ միաբանության «Բազմավէպ» հանդեսի էջերում և իր պատմագիտական աշխատություններում:
Սական նոր և նորագույն ժամանակաշրջանի պետական կազմավորումները կարող են ունենալ նման տարեթվեր: Օրինակ՝ Հայաստանի առաջին (1918), երկրորդ (1920) և երրորդ (1991) հանրապետությւնները: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող (դեռևս) Փաշինյանն էլ, օրինակ, ցանկանում է 2027-ը դարձնել չորրորդ (1991) հանրապետության կազմավորման տարեթիվ: Ու այդ պատճառով, թիկունքին ունենալով այնպիսի պահանջատեր ու միաժամանակ հովանավոր, ինչպիսին Իլհամ Ալիևն է, ցանկանում է Անկախության հռչակագրի վերաբերյալ հղումը դուրս թողնել սահմանադրական տեքստից: Իսկ նրա կողմից ԱԺ նախագահ նշանակված Ռուբինյան Ռուբենը Հռչակագիրը համարում է ընդամենը Հայաստանի և Ղարաբաղի միավորման վերաբերյալ հիշատակում:
Ու ընդդիմությանն ուղղված հարցեր է առաջադրում, թե իրենց այդ «գործընկերները պետք է բացատրեն, թե ինչո՞ւ են ուզում, որ նման հիշատակում լինի, նաև պետք է բացատրեն, թե ինչպես են պատրաստվում խաղաղություն կառուցել Ադրբեջանի հետ, եթե Ղարաբաղը չեն ճանաչում Ադրբեջանի կազմում»: 2000-ականների սկզբին Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանած Ռուբենը չի գիտակցում, թե ինչու է ընդդիմությունը ցանկանում, որ նման հիշատակում լինի: Իհարկե, իր համար դա ընդամենը հիշատակում է, քանի որ Հայաստանի ինքնիշխանության համար իբրև թե ջանքեր գործադրող իշխանության ներկայացուցիչը չի գիտակցում Անկախության հռչակագրի արժեքը:
Այնինչ, նրա առաջնորդի համար տավուշյան տարածքի հանձնումը թշնամուն արդարացվում էր կադաստրի թուղթ ստանալու անհրաժեշտությամբ: Իհարկե, այնպես էլ չհասկացվեց, թե ով էր տալու իրենց այդ թղթի կտորը: Ինչին տրվեց չտեսնված-չլսված այնպիսի արժեք, որ ֆրանսիական Վերսալը կնախանձեր: Բայց երբ գործը հասավ երրորդ հանրապետության ծննդյան վկայականին, դրա անհրաժեշտության վերաբերյալ հիշատակում չեղավ: Փաստորեն, ՀՀ տարածքների առումով կեղծ կադաստրային թուղթն ավելի մեծ արժեք ունի, քան ՀՀ ծննդյան վկայականը: Չնայած այս ամենը ռուբեններին բացատրելն իմաստ չունի, քանի որ «իրական Հայաստանի» պարագայում Անկախության հռչակագիրն ընդամենը միավորման վերաբերյալ տեքստ է:
Ինչ մնում է հարցադրմանը, թե ընդդիմադիրները «ինչպես են պատրաստվում խաղաղություն կառուցել Ադրբեջանի հետ, եթե Ղարաբաղը չեն ճանաչում Ադրբեջանի կազմում», պատասխանը միջազգային հարաբերությունների մասնագետը չի գիտակցում: Չի գիտակցում, որ, նախ, իր առաջնորդը վաղուց է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, բայց դա չի հանգեցրել խաղաղության հաստատմանը: Երկրորդ, որպեսզի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվեր և այն էլ՝ արժանապատիվ խաղաղության, Իլհամի հետ բանակցություններ պետք է վարեր ոչ թե նրա կողմից անընդհատ ստորացվող անձը, այլ մեկ այլ հայաստանցի: Եվ այդ առումով խիստ կարևոր էր, որ նա չլիներ այն իշխանության ներկայացուցիչը, որի օրոք Հայաստանը խայտառակ պարտություն էր կրել պատերազմում: Երրորդ, ինչպիսին էլ լիներ ռազմավարական գործընկերը, որի հետ կնքված էր փոխօգնության պայմանագիր, նա չպետք է թշնամի դարձվեր: Ու այդ դեպքում առանց Սահմանադրությանը ձեռք տալու կարելի էր հաստատել խաղաղություն: Հատկապես որ իրենց իշխանության գործունեության պատճառով Ղարաբաղի հարցը՝ թեկուզ ժամանակավորապես, դուրս է եկել բանակցությունների օրակարգից:
Այդ ամենը ԱԺ նախագահ նշանակված Ռուբինյան Ռուբենը չի գիտակցում կամ էլ ենթադրաբար չի գիտակցում: Ենթադրաբար, որովհետև եթե գիտակցեր էլ, ապա հանուն պաշտոնի պետք է այնպես պահեր իրեն, որ գրագետ մարդկանց շրջանում կարծիք ստեղծվեր, թե չի գիտակցում: Եթե դա այդպես է, ապա հույս ունեմ, որ տեսանելի ապագայում Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն: Ու ՀՀ քաղաքացի Ռուբինյան Ռուբենը ստիպված չի լինի թաքցնել իր իրական մտածումները, եթե գիտակցում է վերն ասվածը: Ինչ մնում է ՀՀ քաղաքացի լինելը շեշտադրելուն, ապա հենց իրենց է ձեռք տալիս, որպեսզի չընդունվի նիկոլաալիևյան սահմանադրությունը, քանի որ հակառակ դեպքում իրենց քաղաքական խմբակի անդամները կհայտնվեն քաղաքացիությունը կորցնելու վտանգի առջև: