Արցախցիներին էլ ավելի ցավեցնելու համար կարող է ստիպեն ազգանուններն էլ փոխել
Tue, 24 Nov 2026 21:15:41 +0400
Ի՞նչ էր արել Արցախը ձեզ, որ այսպես վարվեցիք նրա հետ։ Արցախի ժողովրդին անտուն ու անտեր թողեցիք, ատելություն քարոզեցիք, սոցիալական առումով դարձրիք ամենախոցելի խավերից մեկը, աչք փակեցիք Արցախի մշակութային օջախները ոչնչացնելու վրա, փորձում եք ջնջել, փակել Արցախի էջը։ Այսօր էլ ստիպում եք, որ արցախցիների անձնագրերում ծննդավայրը գրվի Ադրբեջան, Արցախը հեռացնում եք ՀՀ Սահմանադրությունից։
Այսքան ատելություն հնարավոր չէ։ Այսքան զզվելի ու նողկալի վերաբերմունք սեփական ժողովրդի մի մասի նկատմամբ ուղղակի անհնար է պատկերացնել։
Ե՞րբ է գալու այն օրը, երբ այլևս չեք լինի մեր հանրային ու քաղաքական կյանքում, և մենք կկարողանանք հանգիստ ու խաղաղ ապրել՝ առանց ձեր թշնամանքի, ատելության ու մեր ազգային ինքնության դեմ ուղղված հարվածների։
Թե՞ այս ամենով չեք բավարարվելու։ Մի օր էլ Ալիևը կասի՝ արցախցիների ազգանունները դարձրեք ադրբեջանական, ու ձեզնից սպասելի է` դա էլ կանեք։ Որովհետև այս ընթացքը այլևս կասեցնել չի ստացվում, ձեր ուրացումն այլեւս սահմաններ չի ճանաչում։ Այսօր ծննդավայրն եք խլում ու պատմությունը, վաղը, մյուս օրը գուցե հասնեք նաև մարդկանց անուն-ազգանուններին։
Սեփական ժողովրդին այսքան ցավ պատճառելուց հետո դեռ ինչքա՞ն կարելի է կեղծել` «սիրելի ժողովուրդ» ասելով ու սրտեր ցույց տալով։