Ծափահարություններ Փաշինյանին․ թուրք վերլուծաբանը՝ ՀՀ-ի նոր սահմանադրության նախագծի մասին

Ծափահարություններ Փաշինյանին․ թուրք վերլուծաբանը՝ ՀՀ-ի նոր սահմանադրության նախագծի մասին

Wed, 25 Nov 2026 13:23:44 +0400


Թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի սյունակագիր, վերլուծաբան Բերջան Թութարն անդրադարձել է Հայաստանի նոր սահմանադրության նախագծին։ «Պատմական հարված Սփյուռքի մաչոյական մշակույթին» վերնագրով հոդվածում նա նախագիծը դիտարկում է որպես երկրի քաղաքական և պետական ինքնության փոփոխության փորձ։

Բերջան Թութարի գնահատմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած փոփոխությունները միտված են ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, այլև Սփյուռքի ազդեցության սահմանափակմանը Հայաստանի ներքաղաքական կյանքում։

Թութարը նշում է, որ 2020 թ. պատերազմում պարտությունից հետո էլ Փաշինյանը 2021 թ. արտահերթ ընտրություններում վերընտրվել է՝ ստանալով ձայների 53.92 տոկոսը։ «Այս արդյունքը վկայում էր, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից հայ հասարակությունն այլևս հոգնել է Եվրոպայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում գործող Սփյուռքի ազդեցությունից»,- գրում է Թութարը։

Հոդվածի հեղինակը հատկապես կարևորում է նոր սահմանադրության նախագծից 1990 թ. Անկախության հռչակագրին հղման բացակայությունը։ Նրա խոսքով՝ գործող Սահմանադրության նախաբանում հիշատակվող հռչակագիրը ներառում է դրույթներ, որոնք առնչվում են Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերին։ Վերլուծաբանը դա մեկնաբանում է որպես Երևանի կողմից հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին արվող քայլ։

Նա ուշադրություն է հրավիրում նաև Հայաստանի զինանշանի և պետականության սահմանման վերաբերյալ առաջարկվող փոփոխություններին։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ամրագրել աշխարհիկության սկզբունքը՝ Հայաստանը սահմանելով որպես ինքնիշխան, ժողովրդավարական, աշխարհիկ և սոցիալական իրավական պետություն։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ այս փոփոխությունը կարող է ազդել նաև Հայ առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունների վրա։ Նա այն դիտարկում է 2025 թ.-ից կառավարության և եկեղեցու միջև առկա հակասությունների համատեքստում՝ նշելով, որ Փաշինյանն ու կառավարության ներկայացուցիչները եկեղեցուն մեղադրում են քաղաքական գործընթացներում ներգրավվելու մեջ։

Հոդվածում առանձին անդրադարձ կա նաև Սփյուռքի հնարավոր ազդեցության սահմանափակմանը։ Հեղինակը նշում է, որ նախագծով առաջարկվում է վերանայել արտերկրում հայերենի և հայկական մշակույթի պահպանմանն ուղղված պետական պարտավորությունները, ինչպես նաև սահմանափակումներ մտցնել ընտրական գործընթացներին արտերկրում բնակվող քաղաքացիների մասնակցության հարցում։ Ըստ նրա՝ ընտրություններին մասնակցելու համար նախատեսվում է Հայաստանում վերջին 1 տարվա ընթացքում բնակվելու պահանջ։

Նոր սահմանադրության նախագծի մյուս կարևոր դրույթների թվում վերլուծաբանը նշում է քաղաքացիություն ստանալու կանոնների խստացումը, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման սահմանափակումները։ Նրա ներկայացմամբ՝ կուսակցությունները պետք է ֆինանսավորվեն քաղաքացիների նվիրատվություններից և օրենքով նախատեսված պետական հատկացումներից՝ սահմանափակելով արտասահմանյան ֆինանսավորման հնարավորությունները։

«Փաշինյանը նոր սահմանադրությամբ ցանկանում է ոչ միայն հարևանների հետ մշտական խաղաղության հասնել, այլև հայ ժողովրդին վերադարձնել Սփյուռքի գերիշխանությունից ազատ պետություն։ Ծափահարություններ Փաշինյանին»,- գրում է թուրք վերլուծաբանը, որի խոսքերը մեջբերում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել

Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել Thu, 26 Nov 2026 15:36:00 +0400 Նախագահի հրամանագրերով…

6 րոպե ago

Ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես

Ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես Thu, 26 Nov 2026 15:33:55 +0400 Հայ ազգային կոնգրեսի…

8 րոպե ago

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց Thu, 26 Nov 2026 15:30:12 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

12 րոպե ago

Ով Նիկոլին դեմ է՝ քաղաքացիությունից կզրկվի․․․

Ով Նիկոլին դեմ է՝ քաղաքացիությունից կզրկվի․․․ Thu, 26 Nov 2026 15:15:50 +0400 ՀՀ «հպարտ քաղաքացիները»…

26 րոպե ago

Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ

Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ Thu, 26 Nov 2026…

31 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ Thu, 26 Nov 2026 15:00:56 +0400…

41 րոպե ago