Թուրքիայում եւ Բաքվում գոհ են Փաշինյանի «ալիեւյան սահմանադրությունից»
Wed, 25 Nov 2026 13:15:29 +0400
Հայաստանի նոր սահմանադրության նախագծի հրապարակումից հետո Անկարայից պաշտոնական հայտարարություն դեռեւս չի եղել, սակայն թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են նախագիծը՝ շեշտադրելով Թուրքիային եւ Ադրբեջանին վերաբերող հղումների բացակայությունը: Թուրքական մի շարք առաջատար եւ ընդդիմադիր լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ կառավարության հրապարակած փաստաթղթին՝ առանձնացնելով հետեւյալ կետերը.
• Տարածքային պահանջների բացակայություն: Թուրքական ընդդիմադիր Diken լրատվական կայքը գրել է, որ սահմանադրության նախագծում տեղ չեն գտել այնպիսի հղումներ, որոնք Թուրքիայում եւ Ադրբեջանում դիտարկվում են որպես տարածքային պահանջներ։
• Անկախության հռչակագրի հղման հեռացում: Թուրքական CNN Türk հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը։ Լրատվամիջոցը նշել է, որ Հռչակագրում առկա «Արեւմտյան Հայաստան» եզրույթը Թուրքիայում ընկալվում է որպես տարածքային պահանջ եւ կապվում է երկրի արեւելյան շրջանների հետ։
• Հարաբերությունների կարգավորման հեռանկար: Hürriyet Daily News-ը եւ Turkish Minute-ն ընդգծել են, որ նոր նախագծից դուրս են մնացել Թուրքիային եւ Ադրբեջանին առնչվող հղումները, ինչը դիտարկվում է որպես քայլ՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը եւ հայ-թուրքական սահմանի վերաբացմանը։
Թեեւ Թուրքիայի ԱԳՆ-ն կամ նախագահականը դեռեւս չեն արտահայտվել, բայց ավելի վաղ՝ 2025 թ. ապրիլի 11-ին, Հայաստանի հետ կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը լրագրողների հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփոխի սահմանադրությունը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Անկարան մշտապես պայմանավորել է հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորումը Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմամբ։
Ադրբեջանական մամուլն էլ է առանձնահատուկ ինտենսիվությամբ ու բավականությամբ լուսաբանում ՀՀ նոր սահմանադրության տեքստը։ Բաքվի պաշտոնական արձագանքն արդեն հայտնի է «ալիեւյան սահմանադրության» մասին․ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը բարձր է գնահատել եւ ողջունել է ՀՀ մայր օրենքի նոր տարբերակը՝ դրական համարելով փաստաթղթում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը, որն այդ երկիրը համարում է վերջնական խաղաղության գլխավոր խոչընդոտ եւ զառանցագին պնդում, թե դրանում առկա են «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ»։ Միլի մեջլիսի պատգամավոր Մուսաբեկովը համոզմունք է հայտնել, որ Փաշինյանին կհաջողվի համախմբել մեծամասնությանը՝ նոր սահմանադրությունն անցկացնելու հարցում։ Ադրբեջանական հասարակությանը հատկապես հաճույք է պատճառում Փաշինյանի իշխանախմբի մշակած հակաիրավական ու խայտառակ փաստաթղթից Անկախության հռչակագրի տեքստի հեռացումը, Արարատ լեռը չհիշատակելը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից հրաժարվելը։
«6 տարի առաջ հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հաղթանակ է դարձել նաեւ Հայաստանի սահմանադրության եւ նրա հիմնարար ազգային գաղափարների նկատմամբ»,- Մեջլիսի ամբիոնից բարբաջել է բռնապետական ռեժիմի մեկ այլ ներկայացուցիչ՝ պատգամավոր Զահիր Օրուջը եւ ակամայից վերահաստատել հայ հասարակության առողջ ուժերի մտահոգությունն ու համոզմունքը, թե Փաշինյանի ներկայացրած նոր սահմանադրության տեքստը «կարված է Ալիեւի հագով եւ ալիեւյան» է՝ ի հավաստումն վերջինիս շարունակական պահանջների հլու կատարման։
Անկարայի եւ Բաքվի հրճվանքը, իհարկե, սպասելի էր, բայց մեծագույն ողբերգությունն այն է, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը ոչ միայն շարունակում են սպասարկել նրանց օրակարգն ու կատարել ցանկացած պահանջ, այլեւ «կուրծք են ծեծում», թե բա՝ եթե սահմանադրության մեր տարբերակը չընդունեք, պատերազմ կլինի։ Դուք արդե՛ն «սպիտակ պատերազմ» եք հայտարարել եւ իրագործում եք հայ ժողովրդի դեմ, եւ սա առավել աղետաբեր է։