Կներեք բառիս համար, բայց այդ 20հզր դրամին գյումրեցին կարոտ մնաց, մեզ արգելեցին
Wed, 25 Nov 2026 16:15:50 +0400
Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ նոյեմբերի 23-ի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։ Մարզպետը մեղադրել էր քաղաքապետարանին՝ հուլիսյան կարկուտից տուժած քաղաքացիներին կառավարության հատկացրած մասնակի փոխհատուցման գումարները հասցնելու գործընթացից խուսափելու և պատասխանատվությունը համատիրությունների վրա դնելու մեջ։ «Էսօր, որ մարզպետարանն աշխատում է այդ փաստաթղթերի հետ, դրանք բոլորը քաղաքապետարանն է արել, մեր աշխատողներն են կազմել։ Պարզապես պետք է իրատես լինեք։ Մինչև նոյեմբեր ի՞նչ ժամանակ է անցել։ Դուք գիտեք, որ շինարարական գործընթացի համար ժամկետներ կան, և եղանակային փոփոխությունների հետևանքով աշխատանքները երբեմն դադարեցվում են։ Չես կարող բոլոր աշխատանքները շարունակել ցանկացած եղանակի պայմաններում։ Բացի այդ, մենք ամեն ինչ ներկայացրել ենք, այդ թվում՝ գումարային հաշվարկներով։ Քաղաքապետարանն իր ենթակայության տակ չունի համապատասխան մասնագետներ, որպեսզի կարողանա այդ աշխատանքներն իրականացնել։ Դրա համար պետք է համապատասխան մասնագետներ ներգրավել։ Ծավալները տարբեր են՝ մի տեղ 20 քառակուսի մետր է, մի տեղ՝ 80, 100 կամ 200։ Մենք չունենք այդ մասնագետները, համապատասխան տեխնիկան ու հնարավորությունները, որպեսզի ինքներս իրականացնենք այդ աշխատանքները։ Համատիրությունների հետ բազմիցս խոսել ենք։ Մենք առաջարկել ենք, որ իրենք աշխատեն, իսկ քաղաքապետարանն էլ փորձի աջակցել։ Համատիրությունների առաջնային պարտականությունն է շենքերի տանիքների, ծածկերի և ընդհանուր օգտագործման տարածքների պահպանությունը։ Համատիրությունը և համատիրության նախագահը պետք է աշխատանքներ տանեն։ Այնուհետև հենց համատիրությունը պետք է գրությամբ դիմի քաղաքապետարանին՝ աջակցություն ստանալու համար։ Եթե այդ աշխատանքների շրջանակում մեր օգնության կարիքը լինի, խնդիր չկա, թող դիմեն, աջակցենք», ֊ասում է քաղաքապետին փոխարինողը։ Անդրադառնալով համայնքապետարանի, մարզպետարանի և Կառավարության միջև համագործակցությանը՝ և այն հարցին, թե որքանով է ստացվում համատեղ աշխատանքը՝ հաշվի առնելով քաղաքական տարաձայնությունները, Ավետիս Առաքելյանը նշում է. «Մենք քաղաքական տարբեր կուսակցություններում ենք, տարբեր գաղափարներ ունենք, միանշանակ, բայց երբեք թշնամական չենք վերաբերվել իրար։ Հանուն մեր քաղաքացիների՝ միշտ պատրաստ ենք համագործակցության։ Մեր կողմից քաղաքացիները երբեք չեն տուժել, ընդհակառակը՝ միշտ օգտվել են այդ համագործակցությունից։ Քաղաքացիները տուժել են այն ժամանակ, երբ մենք ցանկացել ենք 20 հազար դրամ տրամադրել, բայց մեզ արգելել են՝ ասելով, թե սխալ ձևով ենք գումարը տրամադրում, և պետք է դա անենք այլ մեխանիզմով։ Անցած տարվանից բազմիցս ասել ենք, որ մեզ խոչընդոտում են այդ ծրագիրն իրականացնելու հարցում։ Այսօր նոր ենք սկսել քննարկումները, որպեսզի հավանաբար դեկտեմբերին հաստատենք սոցիալական ծրագիրը և աջակցություն տրամադրենք տուժած։ Թող այդ գումարը հասնի բնակչին, որպեսզի նա կարողանա իր առաջնային կարիքները հոգալ՝ սնունդ, դեղորայք, կոմունալ վճարներ։ Գումարը մեծ չէ, բայց, ցավով եմ ասում, նույնիսկ այդ 20 հազար դրամին է գյումրեցին կարոտ մնաց»։ Անդրադաառնալով երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդրին՝ Առաոելյանը դիմեց Կառավարությանը, որպեսզի 2027 թվականի պետական բյուջեում նախատեսվեն միջոցներ բնակարանաշինության կամ բնակարանային փոխհատուցման համար։ «Արդեն 40 տարի է անցել, բայց մինչ օրս բնակարանաշինության հարցը լուծված չէ։ Երկրաշարժից տուժած հազարավոր ընտանիքներ դեռևս բնակարանի խնդիր ունեն, նրանց թվում կան նաև սոցիալապես անապահով ընտանիքներ։ Հարգելի՛ Կառավարություն, այս հարցը ներառեք 2027 թվականի բյուջեում, որովհետև այն առաջնահերթ խնդիր է»։
Մանրամասները` տեսանյութում